
Վարչապետի կնոջ արկածները՝ Գավառում․ Աննա Հակոբյանը «փայլել է» պահվածքով

yerevan.today. Մայիսի 13-ին Աննա Հակոբյանը մեծաքանակ թիկնապահներով այցելել է Գավառ քաղաք։
Գավառ այցից նա հրապարակեց լուսանկարներ ու գրություն, թե․ «Գեղարքունիքի մարզում եմ։ Մարզային այցերն ինձ համար առաջին հերթին մարդկանց հետ շփվելու հնարավորություն են։ Շատ հրաշալի մարդկանց հանդիպեցի, և վստահ եմ մինչեւ այցի ավարտը դեռ կհանդիպեմ»։ Պարզվում է՝ իսկապես շատ հրաշալի մարդկանց է հանդիպել, սակայն այցը իր համար այդքան էլ հաճելի ու հարթ չի անցել։
Աննա Հակոբյանը մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Գավառի պետական համալսարան՝ դասախոսություն լսելու։ 44-օրյա պատերազմի զոհերի անվան լսարանում դասի ժամանակ երիտասարդ դասախոսը, որը հայտնի է որպես հայրենասեր մարդ և սիրված է ուսանողների կողմից, նշում է, որ ղարաբաղյան պատերազմներում զինվորները տվեցին ամենակարևորը՝ կյանքը։
Աննա Հակոբյանը, հավանաբար դժգոհելով, որ իր ներկայությամբ ոչ թե իրեն են փառաբանում, այլ պատերազմի հերոսներին, ընդհատում է և ասում, որ համամիտ չէ, 20 տարի շարունակ դաստիարակվել է կաշառակեր սերունդ, նախկինների ժամանակ էլ են եղել զոհեր, ինչո՞ւ այդ մասին չեք խոսում և այլն։ Դասախոսը պատասխանում է, որ իրենք տարբեր բաների մասին են խոսում, թեման Ղարաբաղյան 44-օրյա պատերազմն է և շեշտում է, որ եթե ավելի քիչ զբաղվեք դեմագոգիայով, կհասկանաք, թե ինչի մասին է դասախոսությունը։
Բանավեճին ընդհատում է ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ փորձելով կրքերը հանդարտեցնել, սակայն Աննա Հակոբյանը ռեկտորին սաստում է, թե ինչպե՞ս ես համարձակվում ինձ ընդհատել։
Դասախոսը հայտարարում է, որ իր համար տհաճ է Աննա Հակոբյանի հետ նույն լսարանում գտնվել և կոչ է անում ուսանողներին, որ ով իրեն համախոհ է՝ դուրս գա լսարանից։ Լսարանը դատարկվում է, մնում են մի քանի հոգի և Աննա Հակոբյանը՝ թիկնապահների հետ միասին։ Նա ևս դուրս է գալիս լսարանից՝ տեսնելով, որ մարդ չկա։
Ասում են, որ լսարանից դուրս գալով՝ Աննա Հակոբյանն ասում է՝ Գավառին համալսարան պետք չէ, պետք է բուհը փակվի, իսկ քյավառցիները կթվորուհի դառնան։
Նշենք, որ բացի վերջին տողից, ողջ եղելությունը պատմել են ականատեսները: