«Օբյեկտիվ լրատվությո՞ւն, թե՞ վախեցնելու փորձ․․․»․ Գոհար Մելոյան
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օբյեկտիվ լրատվությո՞ւն, թե՞ վախեցնելու փորձ․․․
Իշխանամետ լրատվամիջոցը քողարկված սպառնալիքով նյութ է տեղադրել առ այն, որ հավաքների իրենց հիմնարար իրավունքը երթի ձևաչափով իրականացնող քաղաքացիների գույքը կարող է առգրավվել, այդ թվում՝ վնասվելով:
Բնականաբար, նմանաբնույթ գործողությունները չեն կարող տեղավորվել օրենքի շրջանակներում:
Եթե Դուք ավտոերթի մասնակից եք, ապա իրավունք ունեք.
իրականացնելու հավաքների ազատության Ձեր սահմանադրական իրավունքը /այս դեպքում՝ ավտոերթի տեսքով/.
թույլատրելի նվազագույն արագությամբ երթևեկելու.
Իրավապահ մարմինների կողմից ցանկացած միջամտության պարագայում պահանջելու, որպեսզի բացատրեն, թե ի՞նչ խախտում եք իրականացնում.
Իրավապահ մարմիններից պահանջել ԲԱՎԱՐԱՐ ժամանակ ենթադրելի խախտումը դադարեցնելու համար.
Փորձեք լինել բարեկիրթ և տեսաձայնագրել իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջամտության փորձերը կամ երկխոսությունները վերջիններիս հետ.
Բերման ենթարկվելու պարագայում՝ պահանջել զանգի հնարավորություն:
ՄԻԱԺԱՄԱՆԱԿ, եթե Դուք ոստիկան եք, «Ոստիկանության մասին», «Ոստիկանական ծառայության մասին» օրենքների համաձայն՝
ոչ ոք իրավունք չունի ստիպել ոստիկանության ծառայողին կատարելու այլ՝ օրենքով իրեն չվերապահված պարտականություններ:
Ղեկավարներից (անմիջական կամ ուղղակի) կամ այլ լիազորված պաշտոնատար անձանցից օրենքին հակասող ակնհայտ անօրինական հրամաններ, հրահանգներ և կարգադրություններ ստանալիս ոստիկանության ծառայողը պարտավոր է ղեկավարվել միայն օրենքի պահանջներով՝ այդ մասին տեղյակ պահելով վերադասին:
Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած ոստիկանության ծառայողները, ինչպես նաև անօրինական կարգադրություն կամ հրաման տվող պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն։
Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է պատասխանատվությունը»: