
«Վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող կալանքները իշխանությունների վախերի արտացոլանքն են». Էլինար Վարդանյան

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող կալանքները իշխանությունների վախերի արտացոլանքն են: Իրենց երկրին նվիրվածների, 44օրյա պատերազմով անցածների նկատմամբ կալանքը կիրառում են ոչ թե որպես խափանման միջոց, այլ պատժիչ գործիք:
Երևի թե բանտը ամենահարմար տեղն է իշխանությունների համար` մեկուսացնելու մարդկանց, ովքեր կարող են ներդրում ունենալ մեր երկրի զարգացումների հարցում: Իսկ այդ նպատակով թե´ հրահրող «պապիկներ», թե´ սուտ մատնություն անող «թոռնիկներ» կգտնվեն: Սա է այսօր մեր իրականությունը: Եվ մեր պայքարը նաև սրա դեմ է:
Քաղաքական պատվերն ու իրավական աբսուրդը հասել է այն աստիճանի, որ Ավետիք Չալաբյանին/ Avetik Chalabyan/
կալանավորում են խիստ կասկածելի ակնհայտ սադրող ձայնագրության, ըստ էության սուտ մատնության հիման վրա: Ավելին, երկու ամսով կալանավորում են Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով, որը 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու:
Համոզված եմ, որ Ավետիքի և մյուսների կալանքը ունենալու է ճիշտ հակառակ ազդեցությունը: Քաղաքական հետապնդումները որևէ արդյունք չեն տալու: Իսկ ազատության համար պայքարը ավելի մեծ թափ է հավաքելու»: