
««Կանխորոշված պարտության» կուսակցությունը թաքնվում է ոստիկանական բռնության պատի ետևում»․ Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ավելի քան մեկ ամիս առաջ ունեցած այս իմ ելույթով, ես միացա Արցախի անկախության և Հայաստանի հարատև պետականության համար մղվող պայքարի նոր փուլին: Այն պահին մենք ընդամենը մի քանի տասնյակ նվիրյալներ էինք փողոցում, մեզ ճանաչող մարդիկ տարակուսած էին մեր գործողությունից, նրանց այն թվում էր իրականությունից կտրված և անպտուղ:
Այսօր, մեկ ամիս անց, փողոցներում տասնյակ հազարավոր մարդիկ են, Հայաստանում և Արցախում հանրային տրամադրության արմատական փոփոխություն է տեղի ունեցել, «կանխորոշված պարտության» կուսակցությունը թաքնվում է ոստիկանական բռնության պատի ետևում, իսկ մեր պայքարը դեռ միայն նոր թափ է հավաքում: Մեզ այս պայքարում նոր շրջադարձեր են սպասվում, խաղադրույքները օր–օրի բարձրանում են, բայց մենք այն հասցնելու ենք հաղթական հանգրվանի:
Մինչ այդ, խորին շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացին մեզ մեկ ամիս առաջ, միացան այս ընթացքում, և այսօր էլ աննկուն շարունակում են պայքարը»: