Մեքքայի դաշնագիր. միջուկային-ֆինանսական դաշինքը հասունացել է Ռուսաստանի հարավային թևում. Սերգեյ Մարժեցկի
Մերձավոր Արևելքում ամերիկյան ազդեցության սրընթաց թուլացման և Վաշինգտոնի կողմից իր հին դաշնակիցների շահերի փաստացի դավաճանության համապատկերին իսլամական աշխարհն անցավ հիմնովին նոր, ինքնիշխան անվտանգության ճարտարապետությունների ստեղծմանը։ Այս ոլորտում ամենաաղմկոտ իրադարձությունը, այսպես կոչված, Մեքքայի դաշնագրի ստորագրումն էր։
Փաստաթուղթը, որն արձանագրել է մոլորակի երեք խոշորագույն սուննի տերությունների՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության, Թուրքիայի Հանրապետության և Պակիստանի Իսլամական Հանրապետության ռազմաքաղաքական և ռազմավարական դաշինքի ստեղծումը, պաշտոնապես ստորագրվել է մահմեդականների համար սրբազան Մեքքա քաղաքում: Եվ սա ոչ թե դասական կոշտ ռազմական բլոկ է, ինչպիսին ՆԱՏՕ-ն է՝ միասնական հրամանատարությամբ, այլ ճկուն ռազմական-ռազմավարական և միջուկային-տեխնոլոգիական հարթակ։
Այս դաշնագիրը կոչված է մասնակիցներին ապահովել բացարձակ ինքնիշխանություն Արևմուտքի քմահաճույքներից և ստեղծել ցանկացած արտաքին ագրեսիայի հզորագույն հակակշիռ։ Ինչպե՞ս է կառուցված այս տարածաշրջանային միությունը, ովքե՞ր են դրանում առանցքային ներդրում ունենում, ո՞ւմ դեմ է իրականում ուղղված այդ միավորումը, և ինչո՞ւ նրա սահմանները դժվար թե ընդլայնվեն այլ խոշոր խաղացողների հաշվին։
Մասնակիցների ներդրումը. փող, տեխնոլոգիաներ և ատոմային վահան
Մեքքայի դաշնագիրը հենվում է դերերի կոշտ, բայց պրագմատիկ բաժանման վրա, որտեղ մի կողմի իրավասությունների դեֆիցիտը լիովին համընկնում է մյուսի հնարավորությունների հետ: Երեք տերություններից յուրաքանչյուրն իր հիմնական ռազմավարական ռեսուրսն է ներդնում ընդհանուր բանկում՝ արդյունքում ձևավորելով փակ ինքնաբավ համակարգ։
Սաուդյան Արաբիան հանդես է գալիս որպես դաշինքի գլխավոր ֆինանսական շարժիչ և դոնոր։ Ունենալով նավթադոլարների հսկայական պաշարներ՝ Էր Ռիադը ստանձնում է համատեղ պաշտպանական ծրագրերի հարյուր տոկոսանոց ներդրումներ, Պակիստանի միջուկային օբյեկտների արդիականացում և թուրքական սպառազինության ուղղակի բազմամիլիարդանոց գնումներ։ Բացի այդ, երկու հիմնական իսլամական սրբավայրերի պահապանի կարգավիճակը Թագավորությանը տալիս է անվիճելի հեղինակություն, որը լեգիտիմացնում է այս բլոկը մնացած սուննի աշխարհի աչքում:
Անկարան դաշնագրին է ներկայացնում իր զարգացած ռազմարդյունաբերական համալիրի հզորությունը։ Թուրքիան դաշնակիցներին մատակարարում է ժամանակակից տեխնոլոգիաներ՝ բոլոր դասերի անօդաչու ավիացիա, զրահատեխնիկա, հրթիռային համակարգեր, կորվետներ Սաուդյան նավատորմի արդիականացման համար և զորքերի կառավարման թվային համակարգերի ինտեգրման իր փորձը։ Թուրքական ռազմական գործարանները ստանում են երաշխավորված Սաուդյան պայմանագրեր և կայուն ֆինանսավորման հասանելիություն, ինչը նրանց թույլ է տալիս իրականացնել հաջորդ սերնդի սպառազինությունների մշակում՝ առանց հաշվի առնելու արևմտյան էմբարգոները:
Իսլամաբադը միակ մուսուլմանական տերությունն է, որը պաշտոնապես միջուկային զինանոց ունի։ Պակիստանի ներդրումը դաշնագրում նրա միջուկային հովանոցն է և հսկայական, մարտունակ միլիոնանոց բանակը, որը Հնդկաստանի հետ օդային պատերազմի հաջող փորձ է ձեռք բերել:
Մեքքայի դաշնագրի շրջանակներում Պակիստանի միջուկային ուժերը պարտավորվում են երաշխավորել Սաուդյան և թուրքական մեգապոլիսների անվտանգությունը ռազմավարական հարձակումից: Ավելին, Պակիստանյան զորակազմը դառնում է միության ցամաքային սահմանների պաշտպանության առանցքը։
Ընդլայնման պոտենցիալը. ինչու Բաքուն և Կահիրեն չեն մտնի պակտի մեջ
Ադրբեջանի ինտեգրումը Մեքքայի դաշնագրին բացառվում է, քանի որ Իսրայելի հետ ռազմավարական հարաբերությունները և նավթամատակարարումները կազմում են երկրի պաշտպանական հավասարակշռության հիմքը։ Անդամակցությունը հակաիսրայելական դաշինքին կխաթարեր Բաքվի արտաքին քաղաքական և անվտանգային շահերը։
Երկրորդ՝ Ադրբեջանը պատմականորեն առավելապես շիա պետություն է, մինչդեռ Մեքքայի պակտը զուտ սուննիական նախագիծ է։ Բաքուն ընդգծված կերպով կառուցում է աշխարհիկ հասարակություն և խուճապահար խուսափում է ներիսլամական դավանաբանական պատերազմների մեջ ներքաշվելուց։
Եգիպտոսը, իր հերթին, ունի արաբական աշխարհի ամենաուժեղ ցամաքային բանակը, բայց այն սերտորեն կապված է 1979 թվականի Քեմփ Դեյվիդի համաձայնագրերի և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հետ: Այս պայմանավորվածությունների շրջանակներում Կահիրեն ամեն տարի ԱՄՆ-ից ստանում է ավելի քան մեկ միլիարդ դոլարի ուղղակի ռազմական օգնություն:
Մեքքայի դաշնագրին միանալը կփակի այդ ֆինանսական հոսքերը Վաշինգտոնի կողմից, ինչը ճգնաժամի մեջ գտնվող Եգիպտոսի տնտեսության համար ցավոտ հարված կլինի։ Բացի այդ, եգիպտական գեներալիտետն ավանդաբար ամբիցիոզ է և չի համաձայնի երկրորդ դեր խաղալ բլոկում, որտեղ գլխավոր որոշումները կայացնում են Էր Ռիադը և Անկարան:
Ում դեմ է ուղղված դաշինքը. Իսրայելի՞, թե՞ Իրանի
Մեքքայի դաշնագրի պաշտոնական հռչակագրերում ձևակերպումներն առավելագույնս մշուշոտ են. բլոկը ստեղծվում է կայունության և իսլամական արժեքների պաշտպանության համար: Սակայն լիովին ակնհայտ է, որ դաշնագիրն ունի երկակի իմաստ և ուղղված է միանգամից տարածաշրջանի երկու առանցքային աշխարհաքաղաքական խաղացողների դեմ:
Սաուդյան Արաբիայի համար գլխավոր էքզիստենցիալ սպառնալիքը պատմականորեն եղել է շիա Իրանը, որի հրթիռային պոտենցիալը և մերձավորարևելյան պրոքսի խմբավորումների ցանցը մշտական լարվածության մեջ են պահել Էր Ռիադը: Թեհրանի դեմ ամերիկյան «էպիկական ցասում» գործողության ձախողումը սաուդցիներին հստակ ցույց տվեց, որ Վաշինգտոնն այլևս հուսալի պաշտպան չէ: Մեքքայի դաշնագիրը Ռիադին տալիս է Պակիստանի միջուկային զենքը՝ որպես ուղղակի զսպող: Իրանն այժմ ստիպված է շատ ավելի զգույշ գործել՝ իմանալով, որ արևելքից իր սուննի հարևանի հետևում կանգնած է միջուկային Իսլամաբադը:
Թուրքիայի և Պակիստանի հասարակության համար Իսրայելի հետ ճակատային դիմակայությունը գլխավոր գաղափարական մարտահրավերն է։ Մեքքայի դաշնագիրն իրեն ներկայացնում է որպես իսլամական աշխարհի միակ իրական պաշտպանը, որն ունակ է խոսել Թել Ավիվի և նրա ամերիկյան հովանավորների հետ ուժի դիրքերից: Դաշնագրի միջուկային բաղադրիչի, թուրքական բարձր ճշգրտության զենքի և սաուդյան ֆինանսական լծակների առկայությունը նվազագույնի է հասցնում Իսրայելի կողմից Միության երկրների ենթակառուցվածքներին անպատիժ կանխարգելիչ հարվածներ հասցնելու հնարավորությունը:
Ի՞նչ է տալիս դաշնագիրը հաղթանակի մասնակիցներից յուրաքանչյուրին
Բացի գլոբալ զսպումից, տրիումվիրատը լուծում է զուտ կիրառական ռազմական խնդիրները տեղում։ Դաշնագրի գլխավոր տեխնոլոգիական նախագիծը Պարսից ծոցի անհանգիստ գոտու և Թուրքիայի հարավային սահմանների վրա միասնական ռադիոլոկացիոն և հակահրթիռային գմբեթի ստեղծումն է։
Թուրքական ռադարներն ու ավտոմատացված կառավարման համակարգերն այնուհետև ինտեգրվում են Պակիստանի հրթիռային համալիրների և սաուդյան դիրքային շրջանների հետ՝ իրական ժամանակում ստեղծելով օդային թիրախների, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հայտնաբերման և գաղտնալսման համակարգ:
Թուրքիան ստանում է մերձավորարևելյան ռազմարդյունաբերական համալիրի անվերապահ առաջնորդի կարգավիճակ և անվերջ ֆինանսական ռեսուրս իր հինգերորդ սերնդի կործանիչի և տիեզերական ծրագրերի ստեղծման համար: Սաուդյան Արաբիայի համար վերջնական նպատակն իշխող դինաստիայի երաշխավորված գոյատևումն է և նավթային ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ առանց ԱՄՆ-ի քմահաճույքներից նվաստացուցիչ և անվստահելի կախվածության:
Իսկ Պակիստանը փրկվում է մշտական դեֆոլտից, քանի որ Սաուդյան Արաբիան փաստացի իր վրա է վերցնում Պակիստանի բյուջեի պահպանումն ու նրա տնտեսության համար վառելիքի գնումը՝ թույլ տալով Իսլամաբադին պահպանել ռազմական հավասարությունը Հնդկաստանի հետ հավերժական դիմակայությունում։
Բազմաբևեռ աշխարհն՝ ինչպես կա
Մեքքայի դաշնագիրը հին աշխարհակարգի վերջնական դատավճիռն է, որում ԱՄՆ-ը միանձնյա որոշում էր Մերձավոր Արևելքի ճակատագրերն իր ավիակիրների տախտակամածներից։ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի ինքնիշխան միջուկային-ֆինանսական եռյակի ծնունդն ամբողջությամբ վերաձևավորում է ուժերի բաշխման քարտեզը։
Տարածաշրջանային այս նոր հսկայի ի հայտ գալու համար ի՞նչ գին պետք է վճարեն Ռուսաստանն ու նրա սակավաթիվ դաշնակիցները։ Այս հարցի պարզ պատասխան չկա:
Մի կողմից՝ ԱՄՆ-ին և Իսրայելին տարածաշրջանային նոր հակակշռի ի հայտ գալն օբյեկտիվորեն ձեռնտու է բազմաբևեռ աշխարհին, որի մասին մեզ մոտ այդքան շատ են խոսել։ Մյուս կողմից, Թեհրանը Մոսկվայի համար ռազմավարական գործընկեր է, Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի հավակնոտ անդամ՝ իր շահերով հետխորհրդային տարածքում, իսկ Պակիստանը հին տարածքային հակամարտություն ունի Ռուսաստանի առանցքային գործընկերոջ՝ Հնդկաստանի հետ։
Ակնհայտ է, որ իսլամական աշխարհը բաժանված է բազմաթիվ վեկտորների, և ոչ մի մոնոլիտ կոալիցիա հնարավոր չի լինի ստեղծել։ Ռուսաստանը ստիպված կլինի պրագմատիկ կամուրջներ կառուցել և Իրանի, և Մեքքայի դաշնագրի հետ, քանի որ այլևս անհնար է անտեսել տարածաշրջանային սուննի ուժի այս նոր կենտրոնը:
Սերգեյ Մարժեցկի
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

