«Իրականում Նիկոլն ամբողջովին կավից է և շատ արագ փլվելու է». Կարապետ Պողոսյան
«Այս ընթացքում ստեղծել էինք «Ես համաձայն չեմ» շարժումը, և առաջինը, որ ուզեցինք ցույց տալ, անհամաձայնությունն էր գործող իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի այցին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիից Երևան ժամանած հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանը:
Խոսելով ոստիկանների անհամաչափ գործողությունների մասին, Կարապետ Պողոսյանը նշեց, որ դա վկայում է իշխանությունների թուլության, վախի և նրանց կողմից դավադիր արարքների մասին, որովհետև «անձը, որ եկել էր իշխանության և ասում էր, որ պետք է հեծանիվով գործի գնա, բայց իրականում տեսնում ենք՝ ինչպես է փորձում իր կաշին փրկել, սա արդեն իր դավաճանության և վախի մասին է»:
Կարապետ Պողոսյանի խոսքով, այս հրապարակն այսօր հիշեցնում է Գարգամելայի ճակատամարտը, երբ Մակեդոնացին կարողացավ շատ արագ հաղթանակ տանել Դարեհ 3-ի նկատմամբ և շարժվել առաջ:
«Շատ կարևոր արտահայտություն կար այնտեղ,- հիշեցնում է Կարապետ Պողոսյանը՝ շարունակելով,- Պարսկաստանը կամ Աքեմենյան Իրանը կավե ոտքերով հսկա էր: Իրականում Նիկոլն ամբողջովին կավից է և շատ արագ փլվելու է: Այստեղից է սկսվելու մեր հաղթարշավը, որը բերելու է խաղաղության՝ արժանապատիվ, հայրենիքի վերադարձման գնով»: