Հեղափոխությունից ատելություն մի քայլ է. ուր են երբեմնի հեղափոխականները

Այսօր՝ ապրիլի 30-ին, թավշյա հեղափոխականների տոնացույցում Քաղաքացու օրն է։ Հեղափոխությունից մեկ տարի անց Փաշինյանի աջակիցները «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարեցին և ՀՀ քաղաքացուն «նվիրեցին» Քաղաքացու օրը:

Այս «տոնական» օրվա առթիվ 168.am-ը որոշեց հիշել հեղափախոխության այն նվիրյալներին, որոնք ամիսներ կամ տարիներ անց սկսեցին չհավատալ իրենց հեղափոխությանն ու հեղափոխության իրենց առաջնորդներին. ինչպես ասում են՝ հեղափոխությունը խժռում է իր զավակներին:

Հայկ Մարության

Հայկ Մարությանը հեղափոխության օրերին ստանձնեց մարդկանց իրարից զատելու վեհ առաքելությունը. «ճեփ-ճերմակ» ուժ ներկայացնող Մարությանը, սակայն, ընդամենը երեք տարի անց իր հեղափոխական եղբայրների աչքերում դարձավ «սեփ-սև»: Թե ինչո՞վ էր պայմանավորված այս մետամորֆոզը՝ հարցի պատասխանը հնչեցրեց ինքը՝ Հայկ Մարությանը, երբ հրաժեշտ էր տալիս քաղաքապետի աթոռին.

«2018-ի արտահերթ ընտրություններից հետո սկսեցինք աշխատել։ Եվ հանկարծ, մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, օրինակ, նախարարները՝ 1,5 միլիոն դրամ են ստանում՝ մաքուր, փոխնախարարները՝ 1-ական միլիոն դրամ, և այսպես շարունակ։ Գաղտնի որոշմամբ։ Հեղափոխական նախարարները։ Շեշտում եմ՝ ես չեմ խոսում պետական համակարգի այսպես կոչված տեխնոկրատ անդամների մասին, որոնք անկախ ամեն ինչից պրոֆեսիոնալներ են և իրենց աշխատանքի դիմաց պետք է գնահատվեն։ Ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած և հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացած մարդկանց մասին։ Ես կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի՝ բարելավել ուրիշների կյանքը, բայց իրականության մեջ՝ նրանք եկան ու անմիջապես սկսեցին բարելավել իրե՛նց կյանքը»։

Դավիթ Սանասարյան

ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի համար հեղափոխությունը դարձավ նոր ոդիսականի սկիզբ. «դիալիզի շուկա» հեղափոխականի մուտքը դարձավ ճակատագրական. դատական քաշքշուկներ, պաշտոնից հրաժարում:

Դավիթ Սանասարյանի՝ իշխանություններին ուղղված հռետորաբանությունն օրեցօր կոշտանում է. վերջին գրառումներից մեկով նա կոչ էր արել կանգնեցնել Փաշինյանին. «Այս մարդուն, մարդկանց թվում է, թե միջազգային հանրություն ասվածին պետք է դուր գալ փափուկ լինելով, ամեն հարցում հարմարվողականություն ցուցաբերելով, սեփական իրավունքներն ինչ-որ պաթետիկ խաղաղության դիմաց զիջելով։

Այս մարդը կարծում է, որ խաղաղության մասին անդադար խոսելով, տարածքային զիջումների գնալով կարողանալու է խնդիրներ լուծել ու խաղաղություն հաստատել»:

Անուշ Լալայան

«Հեղափոխության» օրերին արագաչափ սարքից իր ներքնազգեստը կախելով հայտնի դարձած Անուշ Լալայանը ընդամենն ամիսներ անց աշխատանքի էր անցել Սփյուռքի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում, սակայն շուտով երիտհեղափոխականի հաստիքը կրճատվել էր:

Ըստ Ֆեյսբուքյան էջի՝ Լալայանը բնակություն է հաստատել Ամստերդամում, իսկ պատերազմից հետո ինքնամոռաց քննադատում է Փաշինյանին ու նրա թիմակիցներին:

Վերջին տեքստը, որ հրապարակել է երիտհեղափոխականը, իր ու Նիկոլ Փաշինյանի առնչակցությունը հերքելու մասին էր.

«Ես ոչ մի քաղաքական առնչություն չունեմ Նիկոլի ու իր քաղաքական թիմի գաղափարների հետ, նշանակում է՝ դուք ինձ մեղադրում եք նրա մեջ, ինչը փաստացի գոյություն չունի։

Ինչ վերաբերում է նրան, որ իմ վարտիքը դեռ 4 տարի հետո Հայաստանում ակտուալ է, ապա կասեմ հետևյալը, խոստանում եմ, հատուկ Հայատանի համար արտադրելու եմ վարտիքի բրենդ, որը որակական առումով այնքան կայուն կլինի, ինչքան որ ձեր վառ հիշողությունը իմ վարտիքի մասին։

ՀԳ Այնպես որ, ում անունով գնում-երդվում էիք, ու գնում-ընտրում էիք՝ գնացեք նրանց մեղադրեք երկիրը կործանելու մեջ»:

Գևորգ Աճեմյան

Հեղափոխական ակտիվիստ, ապա վարչապետ Փաշինյանի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանն ընդամենն ամիսներ անց դարձավ Փաշինյանի ու նրա թիմակիցների թիվ մեկ քննադատը: Մի քանի օր առաջ Գևորգ Աճեմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Խղճում եմ քեզ հայ ազգ, եթե չես հասկացել՝ երեկ փաշողլին Արցախը հանձնեց։ Իսկ դրանից առաջ պատգամավորների մուտքի արգելումը նախերգանքն էր։

Եվս մեկ անգամ խղճում եմ ազգի այն ներկայացուցիչներին, ովքեր այս գրառումս կարդում են, բայց չեն հասկանում, թե Արցախն ում է հանձնվել»:

Շարունակելի….

Տեսանյութեր

Լրահոս