«ԼՈՒՅՍ»-ը ներկայացնում է 2022թ․ հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական առավել ուշագրավ զարգացումները

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է 2022 թվականի հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական առավել ուշագրավ զարգացումները՝ հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները։ Այսպես՝

1 2022թ. հունվար-փետրվարին (մարտ ամսվա ցուցանիշը հրապարակված չէ) անվանական աշխատավարձի աճի տեմպը բարձր է եղել, սակայն իրական աշխատավարձը մնացել է նույնը

Միջին ամսական անվանական աշխատավարձն ընդհանուր տնտեսությունում հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա համեմատ աճել է 7.0%-ով՝ կազմելով 205,418.0 դրամ: Պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է 4.0%-ով և կազմել 172,201.0 դրամ, իսկ մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.6%-ով՝ կազմելով 220,658.0 դրամ:

Միևնույն ժամանակ, 2022թ. հունվար-փետրվարին սպառողական գների միջին մակարդակն աճել է 7.0%-ով, ինչն ամբողջությամբ չեզոքացրել է անվանական աշխատավարձի աճը: Արդյունքում իրական աշխատավարձը մնացել է անփոփոխ՝ նույն մակարդակում թողնելով վարձու աշխատողների կենսամակարդակը:

2 Պետական բյուջեի կապիտալ ծախսերը շարունակվում են թերակատարվել

2022թ. հունվար-մարտ ամիսներին իրականացվել է նախատեսված կապիտալ ծախսերի ընդամենը 57.9%-ը: Ընդ որում, կառավարությունը հենց կապիտալ ծախսերի կատարումն էր համարում բարձր տնտեսական աճի ապահովման հիմնական գործիք (քանի որ որևէ այլ տնտեսական քաղաքականության էական միջոցառում նախատեսված չէ): Հետևաբար, այս պայմաններում, երբ առկա է ևս մեկ ճգնաժամի վտանգ, կապիտալ ծախսերի թերակատարումը զգալի բացթողում է: Այս իրավիճակում էլ ավելի է կարևորվում թերակատարման պատճառների բացահայտումն ու հնարավորինս արագ շտկումը, ինչը, սակայն, այդքան էլ իրատեսական չէ ներկա կառավարության գործունեության պայմաններում:

3 Գնաճի տեմպը կրկին սկսել է արագանալ

Գնաճի տեմպը փոքր-ինչ դանդաղել էր փետրվարին, սակայն մարտից սկսել է արագանալ՝ պայմանավորված մի կողմից՝ մարտի սկզբում ՀՀ դրամի արժեզրկմամբ, մյուս կողմից՝ համաշխարհային շուկաներում սննդի և էներգակիրների գների աճի արագացմամբ:

Չնայած մարտին ՀՀ ԿԲ-ն արդեն իսկ բարձրացրել է տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով, այդուհանդերձ միջազգային գների աճի՝ ՀՀ տնտեսություն տարածումից խուսափելը հնարավոր չի եղել: Իրավիճակի (ռուս-ուկրաինական պատերազմի շարունակման) պահպանման դեպքում գների աճի արագացումը կարող է շարունակվել նաև հաջորդ ամիսներին:

«Լույս» հիմնադրամի Telegram–յան ալիք

 

Տեսանյութեր

Լրահոս