
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի քիմիական նյութերը չեն լցվել Արաքս գետը. նախարարությունից պարզաբանում են

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունից վստահեցնում են, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի քիմիական նյութերը չեն լցվել Արաքս գետը:
Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության հետ կապված նախարարությունը պարզաբանել է, որ խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության խիստ վերահսկողության տակ։ Նախարար Հակոբ Սիմիդյանի հանձնարարականով դեպքի վայրում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգի մասնագետները, որոնք Արաքս գետի ամբողջ երկայնքով իրականացնում են նմուշառման աշխատանքներ։
«Ըստ այս պահին առկա տեղեկատվության՝ կեղտաջրերը հոսել են միայն ասֆալտապատ ճանապարհ և Արաքս գետ չեն լցվել։ Այժմ Երևան-Մեղրի-մաքսակետ Մ2 ճանապարհի 381-րդ կմ-ում ճանապարհը մաքրվել է քիմիական նյութեր պարունակող կեղտաջրերից: Մաքրման աշխատանքները շարունակվում են»,-տեղեկացրին նախարարությունից՝ հորդորելով լրատվամիջոցներին զերծ մնալ գնահատականներ հնչեցնելուց, քանի դեռ ընթանում են փորձաքննական աշխատանքներ։
Փաստի առթիվ Շրջակա միջավայրի նախարարությունը աշխատանքներ է իրականացնում բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։