Ուկրաինայում ձերբակալված Մեդվեդչուկի կինը օգնություն է խնդրել Էրդողանից
Ապրիլի 12-ին Ուկրաինայի իշխանությունների կողմից ձերբակալված ուկրաինացի ընդդիմադիր պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի կինը՝ Օքսանա Մարչենկոն, իր Youtube-յան ալիքում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ օգնության խնդրանքով դիմում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իր ամուսնու ձերբակալումը անօրինական համարող տկն Մարչենկոն տեսանյութում մասնավորապես ասում է. «Պարոն նախագահ, դուք խաղաղ երկխոսության կողմնակից եք: Բազմիցս նշել եք, որ իմ երկրի՝ Ուկրաինայի բարեկամն եք։ Ռուսաստանի բարեկամն էլ եք, և ես հավատում եմ դրան:
Թուրքիայում ասում են՝ «նեղ օրերի բարեկամը ճշմարիտ բարեկամ է»… Ես ու ընտանիքս այսպիսի մի մութ շրջան ենք ապրում Վիկտորի հետ: Շատ մտահոգ եմ Վիկտորի կյանքի համար։
Դուք մեծ հեղինակություն ունեք, Ձեզ հարգում և լսում են: Պարոն նախագահ, խնդրում եմ օգտագործել Ձեր ազդեցությունը իմ ամուսնուն՝ Վիկտոր Մեդվեդչուկին փրկելու և ազատ արձակելու համար»։
Հատկանշական է, որ Մարչենկոն տեսանյութում հիջաբ է կրում (մուսուլմանական գլխաշոր), իսկ տեսանյութը ներբեռնված է թուրքերեն ենթագրերով։