Ինչո՞ւ այդքան «առատաձեռն» գտնվեց Կենտրոնական բանկը

Բացառությամբ գյուղատնտեսության, տնտեսության մյուս բոլոր ոլորտներում Կենտրոնական բանկը սպասումների վատացում է կանխատեսում։

Ռուսաստանի նկատմամբ իրականացվող կոշտ պատժամիջոցները, մատակարարման շղթաների խաթարումները, միջազգային ապրանքահումքային շուկաներում ձևավորված գնաճային միջավայրն ու գնաճային սպասումները, ԿԲ կարծիքով, զգալի բացասական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա։ Այդ ազդեցությունների հետևանքով կտուժեն տնտեսության գրեթե բոլոր ոլորտները։

Միակ բացառությունը գյուղատնտեսությունն է, որտեղԿենտրոնական բանկը նույնիսկ հավելյալ աճի հնարավորություն է տեսել։

ԿԲ-ում հույս ունեն, որ այլ գործոնների թվում՝ գյուղատնտեսության վրա դրական ազդեցություն կունենա այն, որ Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատացման հետևանքով արտագնա աշխատանքի մեկնողների մի մասն այս տարի կմնա Հայաստանում և կներգրավվի գյուղատնտեսական աշխատանքների մեջ։

Այդպես կարծելու համար գուցե հիմքեր կան, բայց նախկին փորձը ցույց է տալիս, որ դրա հավանականությունը շատ ցածր է։ Այդ են վկայում, թերևս, 2020թ. գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները։

Համավարակի պատճառով այդ տարի շատ ավելի մեծ թվով քաղաքացիներ զրկվեցին սեզոնային աշխատանքի մեկնելու հնարավորությունից։ Այլ աշխատանք չլինելու պատճառով, թվում էր, թե նրանք պիտի ներգրավվեն գյուղատնտեսության մեջ։ Հատկապես որ, դրան աջակցում էր նաև կառավարությունը՝ տրամադրելով ֆինանսական և վարկային օժանդակություն գյուղատնտեսությամբ զբաղվելու համար։ Բայց տարեվերջին պարզվեց, որ գյուղատնտեսության արտադրության ծավալները նվազել են։ Այդ տարի 4 տոկոսից ավելի անկում գրանցվեց, այն էլ՝ նախորդ տարվա անկումից հետո։

Քիչ հավանական է, որ այս տարի իրավիճակը կարող է փոխվել։ Նույնիսկ արտագնա աշխատանքի չմեկնելը բավարար պայման չէ, որ այդ քաղաքացիները կներգրավվեն գյուղատնտեսության մեջ, կընդլայնեն ցանքատարածությունները և կնպաստեն գյուղմթերքների արտադրության ծավալների ավելացմանը։ Առավել ևս, որ այս տարի ոլորտի խնդիրներն անհամեմատ ավելացել են՝ կապված պարարտանյութերի, սերմերի, վառելիքի գների կտրուկ բարձրացումների հետ։

Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել որոշակի օժանդակություն ցուցաբերել պարարտանյութերի գների սուբսիդավորման տեսքով։ Բայց անգամ դրանից հետո պարարտանյութը շարունակելու է թանկ հաճույք լինել բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների համար։

Դեռ չհաշված, որ պարարտանյութի սուբսիդավորման հնարավորությունից ոչ բոլոր գյուղացիական տնտեսություններն են կարողանալու օգտվել։

Կառավարությունը որոշել է, որ 3 հեկտարից ավելի մշակողներն ինքնուրույն կարող են լուծել այդ խնդիրը։

Սերմերի և վառելիքի մասով պետական օժանդակության մասին առայժմ խոսք չկա և հավանաբար չի էլ լինելու։

Այն խնդիրները, որոնք կանգնած են գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների առաջ, սպառնում են հանգեցնել ցանքատարածությունների կրճատման։ Ցածր արտադրողականության պայմաններում դա բնավ ոլորտում արտադրության ծավալների ավելացման օգտին չէ, որքան էլ անցած տարի գյուղմթերքների շուկայում ձևավորված բարձր գները խթանող գործոն են գյուղատնտեությամբ զբաղվելու համար։

Սրանք լուրջ ռիսկեր են, բայց հուսանք, որ Կենտրոնական բանկի ակնկալիքներն արդարացված կլինեն, և, ի վերջո, գյուղատնտեսությունը դուրս կգա անկումից։

Մտահոգիչ են ԿԲ սպասումներն արդյունաբերության ոլորտում։ Այստեղ անկում է կանխատեսվում հանքարդյունաբերության և մշակող արդյունաբերության ճյուղերում սպասվող բացասական ազդեցությունների հետևանքով։ Հանքարդյունաբերության հետ կապված մտահոգությունները գալիս են «Թեղուտից», որը հայտնի ու անհայտ պատճառներով դադարեցրել է գործունեությունը։

Առայժմ պարզ չէ նաև, թե այն երբ կարող է վերսկսել աշխատանքը։ Խնդիրները կապված են բանկային համակարգի և պատժամիջոցների հետ։

Մշակող արդյունաբերության ճյուղում պատժամիջոցներով պայմանավորված ռիսկեր չկան, բայց ռիսկեր կան մատակարարման շղթաներում։

Սպասվող անկումը փոխկապակցված է խմիչքների, մասնավորապես՝ կոնյակի, սննդամթերքի, հիմնային մետաղների և մշակող արդյունաբերության մի շարք այլ ճյուղերում առաջացած ոչ նպաստավոր իրավիճակների հետ։

Կենտրոնական բանկը վերապահումներ ունի նաև շինարարության ոլորտի նկատմամբ։ Այստեղ ևս ավելի ցածր աճ է սպասում։ Շինարարությունը կտուժի առաջին հերթին՝ կապիտալի հոսքերի դանդաղելու հետևանքով։

Անորոշությունները, ԿԲ կարծիքով, ստիպելու են ներդրողներին հետաձգել իրենց մտադրությունները։ Դա կհանգեցնի աճի տեմպի անկման, բայց աճ այնուհանդերձ կլինի։

Ակնկալվում է, որ ոլորտի ակտիվությունը կպահպանվի 2 հիմնական գործոնների՝ բնակարանային շինարարության և պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի հաշվին։

Բնակարանային շինարարության հատվածում իսկապես ակտիվություն կա, և դրան նպաստել է մեծամասամբ եկամտային հարկի հաշվին հիպոթեքի փոխհատուցումից աստիճանաբար հրաժարվելու՝ կառավարության որոշումը։ Քանի դեռ գործում է եկամտային հարկի արտոնությունը՝ շատերը փորձում են օգտվել այդ հնարավորությունից և համեմատաբար թեթև վարկային պայմաններով լուծել իրենց բնակարանային կարիքները։ Թեև նրանց մեջ քիչ չեն նաև այնպիսիք, ովքեր ի հաշիվ պետության և պետական բյուջեի՝ բիզնես շահեր են հետապնդում։

Ծառայությունների ճյուղում ևս Կենտրոնական բանկը նվազեցրել է աճի ակնկալիքները։ Հիմնական մտահոգությունները դրամական փոխանցումներն են։

Սպասվում է, որ դրանք կկրճատվեն շուրջ 20 տոկոսով։ Ընդ որում, ինչպես Ռուսաստանից, այնպես էլ՝ Միացյալ Նահանգներից։ Դրամական փոխանցումների կրճատումը կհանգեցնի մասնավոր պահանջարկի անկման։

Կենտրոնական բանկը հույս ունի, որ ոլորտի կորուստները մասնակի կփոխհատուցվեն զբոսաշրջության հաշվին։

Այս ամենի հանրագումարում տարեկան տնտեսական աճը կլինի նախկին ակնկալիքներից գրեթե 3 անգամ ավելի ցածր, իսկ գնաճը՝ անհամեմատ ավելի բարձր։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս