Սա աշխարհաքաղաքական խոշոր խաղ է՝ ընդդեմ ՌԴ-ի, որի կոնտեքստում թուրք-ադրբեջանական տանդեմն առաջ է տանում իր նեղ նպատակները. Ռուբեն Մելքոնյան

«Արցախի դեմ տեղի ունեցողը ՌԴ-ի դեմ լուրջ խաղի բաղադրիչ է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով նախօրեից Արցախում ստեղծված լարված իրադրության աշխարհաքաղաքական կոնտեքստին:

Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ այստեղ երկու կարևոր հանգամանք կա, առաջինը՝ աշխարհաքաղաքական, որոնց ամենաերևացող և կանխատեսելի կողմն այն է, որ պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանի համար այլ ճակատներում որոշակի խնդիրներ պետք է ստեղծեն այն ուժերը, որոնք ընդգրկված են Ռուսաստանի դեմ այս ողջ գործընթացում, և, եթե հաշվի առնենք թուրք-ադրբեջանական տանդեմը, եթե հաշվի առնենք Շուշիի հռչակագիրը, կարող ենք ասել, որ այս էսկալացիան ունի, բնականաբար, աշխարհաքաղաքական երանգ, և Ռուսաստանի համար նոր անհանգստության օջախներ են ստեղծվում:

«Երկրորդը՝ թուրքերի ժողովրդական իմաստությունն ասում է, որ այսպիսի իրավիճակներում չօգտվելը պարզապես միամտություն է, թուրքը թուրք չէր լինի, եթե այս իրավիճակից չփորձեր օգտվել և տարատեսակ մեթոդներով իր նպատակներն առաջ քաշել: Կարծես ներկայումս հարցը վերաբերում է երկու գյուղի բարձունքին, բայց սա չընդհատվող գործընթաց է, սա ադրբեջանական նկրտումների շղթան է, վաղը կարող է վերաբերել մեկ այլ գյուղի, մյուս օրը՝ մեկ այլ, այսինքն՝ Ադրբեջանն ու Թուրքիան՝ չերևացող կերպով, փորձում է ստեղծված իրավիճակից որոշակի ձեռքբերումներ ապահովել»,- ասաց Մելքոնյանը:

Ինչ վերաբերում է ռուսական պահվածքին ստեղծված իրավիճակում և խորացող հակառուսական տրամադրություններին, ապա վերլուծաբանն արձանագրում է, որ սա էմոցիոնալ առումով բավական սպասելի էր, որովհետև խաղաղապահների ներկայությունն առաջին հերթին պետք է ապահովեր լարվածության բացառում, պետք է բացառվեին զոհերը, կրակոցները, բնական է, որ հասարակական սպասումները ռուս խաղաղապահներից հիմա չեն արդարացվում, քանի որ իրավիճակի սրում կա: «Այստեղ մենք չպետք է բացառենք ևս երկու կարևոր հանգամանք, որ խոշոր խաղի համապատկերում է այս ամենը տեղի ունենում, և սա ես չեմ համարում փոքր դրվագ, սա ավելի խորը խաղի մի մաս է, և կարծում եմ, որ ՌԴ-ի դեմ լուրջ խաղի բաղադրիչ է: Եթե մենք ակնկալում ենք նրանցից արագ քայլեր, նրանցից պահանջվում են ավելի լայնամասշտաբ քայլեր, որովհետև այս գործընթացն ուղիղ շաղկապված է Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների հետ: Երկրորդը՝ չենք կարող բացառել, որ հակառուսական տրամադրված տարբեր ուժեր պետք է օգտվեն այս իրավիճակից, թեժացնեն հակառուսականությունը, որովհետև սա շատ ձեռնտու իրավիճակ է, հասարակությունն իր հերթին՝ շատ ընկալունակ է, ելնելով իրավիճակից»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Արձագանքին՝ ինչո՞ւ ՌԴ-ն չի կարողանում կանխել, ի՞նչ սահմանափակող հանգամանքներ կան, եթե սա մեծ խաղի մի մաս է, թուրքագետն ասաց, որ պարզ է՝ ՌԴ-ն ուզում է կանխել: «Ռուս-ադրբեջանական վերջերս ստորագրված հուշագիրը միտում ուներ կանխել այս ամենը, կամ գոնե ստիպել Ադրբեջանին ոչ ակտիվ լինել: Բայց ՌԴ շահերն ու նպատակներն այլ են, իսկ հակառակ բևեռում գտնվողների շահերը՝ այլ: Բնականաբար, ՌԴ կանխող մեխանիզմները շատ ավելի թույլ են, շատ ավելի քիչ են այս փուլում, կարծում եմ, որ սա նոր ճակատի, ՌԴ-ի համար նոր խնդիրներ ավելացնելու քայլ է, որից օգտվում են ադրբեջանցիները՝ իրենց նեղ շահերն առաջ տանելու համար: Այսինքն՝ սա աշխարհաքաղաքական խաղ է՝ ընդդեմ ՌԴ-ի, որի կոնտեքստում թուրք-ադրբեջանական տանդեմն առաջ է տանում իր նեղ նպատակները: Այս ամենից պետք է հասկանանք, թե հայ ժողովրդի շահը որն է, ոչ թե հակառուսականությամբ, ռուսասիրությամբ զբաղվենք, այլ մտածենք, թե այս խաղի մեջ գոնե փոքր դրվագով ինչպես կարող ենք մեր շահերն առաջ տանել»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Վերլուծելով ՀՀ շահն ու ՀՀ իշխանությունների գործողությունները տվյալ ճգնաժամային իրավիճակում՝ Մելքոնյանն ասաց, որ ՀՀ-ն կարծես իր ձեռքերը լվացել և հետ է քաշվել, ՀՀ իշխանությունների դիրքորոշումն այն է, որ սա ռուսական պատասխանատվության խնդիրն է:

«Մենք մեզ խաղից դուրս ենք դրել, եթե այդպես ենք արել, խաղալու հնարավորություն չունենք: Բայց ես այն կարծիքին եմ, որ մենք անպայմանորեն պետք է մնանք այս գործընթացի մեջ՝ որպես պահանջատեր, որպես այս տարածաշրջանի և կոնկրետ Արցախի բնիկ ժողովուրդ, և այս իրավիճակում համագործակցելով և փորձելով համադրել շահերը ռուսական, իրանական, մեզ համար այս պահին ձեռնտու ուժերի հետ, փորձենք մեր շահերն առաջ մղել: Այստեղ, սակայն, մի կարևոր հարց կա, առաջին հրամայականն այն է, թե ով է այն իշխանությունը, որը կարող է այս բարդ խաղում խաղալ, համագործակցել, պահանջել, մի տեղ նահանջել, մի տեղ պահանջատեր հանդես գալ: Այս պարագայում մեր իշխանությունն այս խաղում շահելու որևիցե հնարավորություն չունի, որովհետև ճակատագրի հեգնանքով ունենք իշխանություն, որը ՀՀ պատմության մեջ ամենա ոչ պրոֆեսիոնալ, ճգնաժամային իրավիճակներում չկողմնորոշվող իշխանությունն է, ստարտային հնարավորությունները մեզ համար վատն են: Սա կարևոր հանգամանք է»,- նկատեց Ռուբեն Մելքոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս