Դատախազությունը պնդում է՝ լրիվ պատասխանատվությունը ԲԴԽ-ինն է, ԲԴԽ-ն ասում է՝ Դեպարտամենտին հանձնարարված է հարցին արագ լուծում տալ

Երեկ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ ՀՀ (Ազգային անվտանգության ծառայության) ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով առգրավված՝ դատական գործերի մակագրման համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են։

«Հաշվի առնելով դատական գործերի համակարգչային մակագրման համակարգի կարևոր նշանակությունն արդար դատաքննության ապահովման համար՝ ՀՀ դատախազությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քննությանն անհրաժեշտ տվյալները հնարավորինս սեղմ ժամկետում ստանալու և համակարգի գործարկման խոչընդոտները բացառելու ուղղությամբ։ Մասնավորապես, քրեական գործով նշանակված փորձաքննությունը կատարող փորձագետի կողմից արդեն իսկ ուսումնասիրվել են հետազոտման ենթակա օբյեկտները, և համակարգի վերագործարկումն ու շահագործումը չի կարող բացասաբար անդրադառնալ փորձաքննության օբյեկտիվության և լիարժեքության վրա։ Հետևաբար քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել»,- գրել էր Աբրահամյանը։

168.am-ն արդեն իսկ անդրադարձել է այս թեմային, ինչպես նաև ուժային կառույցների ղեկավարների հրապարակային գզվռտոցին, դրա պատճառներին ու հետևանքներին:

Թե ի՞նչ է սա նշանակում, կարծում ենք՝ դատաիրավական համակարգին մոտ կանգնած անձինք շատ լավ են պատկերացնում: ԲԴԽ-ի ու, մասնավորապես, Գագիկ Ջհանգիրյանի համար ուրախալի օրեր չեն սպասվում: Քրեական գործերի մակագրման ավտոմատ համակարգի վերադարձն այն առգրավելուց 10 ամիս անց նշանակում է, որ այլևս կամայականորեն մարդիկ չեն կալանավորվելու, դատարանների նախագահները, ըստ իրենց նախընտրությունների ու հարմարությունների, գործեր չեն մակագրելու, և համակարգը քիչ թե շատ կսկսի շնչել: Իսկ սա, բնականաբար, բոլորովին դուր չի գա՝ հատկապես Նիկոլ Փաշինյանին, ու Գագիկ Ջհանգիրյանը ստիպված պետք է լինի «խնդրի լուծման այլ տարբերակներ» գտնել:

Գտավ… Գտան…

Գոռ Աբրահամյանի գրառումից ժամեր անց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ֆեյսբուքյան էջը փոխանցեց Դատական դեպարտամենտի հաղորդումը:

«Այսօր՝ մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական՝ Գոռ Աբրահամյանը, ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեղադրել է հետևյալը. որ «…քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել» մինչդեռ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել»,- ասված էր հաղորդման մեջ:

Դրանից րոպեներ անց գլխավոր դատախազի խորհրդականը ևս մեկ անգամ վերահաստատեց դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները Դատական դեպարտամենտին վերադարձնելու մասին իր առավոտյան հրապարակումը: Ավելին, նա նաև ասվածը վկայող փաստաթուղթ հրապարակեց՝ ուղղված Դատական դեպարտամենտի ղեկավարին:

Թե ինչո՞ւ էր ԲԴԽ-ն հայտնում, որ բանալիները չեն ստացել, հայտնի չէ։ Այնուամենայնիվ, 168.am-ը երկու կառույցներից էլ՝ թե գլխավոր դատախազությունից, և թե ԲԴԽ-ից, փորձեց ճշտել՝ ի վերջո, ստացվե՞լ են Դատական դեպարտամենտում համակարգի բանալիները, ինչո՞ւ է ԲԴԽ-ն հանդես գալիս նման հայտարարությամբ, և ե՞րբ է այն վերագործարկվելու:

«Բանալիները տրամադրվել են: Ես չեմ կարող ԲԴԽ-ի հայտարարությունները մեկնաբանել»,- ի պատասխան մեր հարցերի՝ ասաց գլխավոր դատախազի խորհրդականը: Գոռ Աբրահամյանը նաև ասաց՝ բանալիներն իրենց կողմից ուղարկվելու պահից սկսած՝ քրեական գործերի ավտոմատ մակագրման համակարգի գործարկման լրիվ պատասխանատվությունը ԲԴԽ-ինն է:

Այլ հարցերի դատախազության պաշտոնյան չպատասխանեց:

«Ամեն ինչ օրենքով կարգավորված է, յուրաքանչյուր պետական մարմին պատասխանատվություն է կրում օրենքով իրեն վերապահված լիազորությունների կատարման համար»,- ասաց Գոռ Աբրահամյանը:

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն էլ ասաց՝ Դեպարտամենտի երեկվա հաղորդագրությունից ավելի ոչինչ չի կարող ասել։

«Մենք էլ ենք շահագրգռված, որ հնարավորինս շուտ վերագործարկենք համակարգը։ Դեպարտամենտի Խորհրդի կողմից հանձնարարված է հարցին արագ լուծում տալ»,- ասաց ԲԴԽ գիտնական անդամը:

Ըստ էության Դատախազությունը պնդում է՝ բանալիներն ուղարկվել էին Դեպարտամենտին, Դեպարտամենտն անհասկանալի ինչ-որ հայտարարությամբ է հանդես գալիս, ինչին հետևում է Դատախազության կողմից ասվածի վերաբերյալ արդեն փաստաթղթային ամրագրումը հրապարակային ձևով: Սա, ըստ ամենայնի, ահազանգ է եղել ԲԴԽ-ի համար, և կառույցը որոշել է, այնուամենայնիվ, հանձնարարել կարճ ժամանակում հարցին լուծում տալ:

168.am-ն, իհարկե, կհետևի իրադարձությունների ընթացքին, բայց այս պահին մի տխուր եզրահանգում մենք, այնուամենայնիվ, արեցինք:

Պարզ է, որ Դատախազությունը սպառնալիքների լեզվով չի խոսելու՝ գործընկերային ու մասնագիտական էթիկայի պահանջներից ելնելով, բայց նաև պարզ է, որ Դատախազությունն անուղղակիորեն կարող է ազդել գործընթացների վրա, և եթե, օրինակ, հաղորդում ստացվի, որ Դատական դեպարտամենտն իր պարտականությունը չի կատարել, դա իրավական ընթացակարգով ուսումնասիրության, քննության առարկա կարող է դառնալ:

Դատախազությունը հսկողական, վերահսկողական գործառույթներ ունեցող մարմին է, թեպետ իր այդ գործիքակազմն էլ նա խիստ ընտրողաբար է կիրառում, ու այո, կարող է մտնել պետական մարմիններ, անել գործողություններ, որոնք կարող են ոմանց դուր չգալ. չի կարելի անձնավորել, խռովածի կերպար ընդունել, թիմ-թիմ խաղալ, ինչպես դա անթաքույց ու բավականին տգեղ կերպով անում են իրավապահ կառույցների ղեկավարները:

Եթե անգամ խնդիրներ կային, կողմնորոշվելու, «վերևների» հետ ճշտելու հարցեր, որովհետև բոլորս էլ լավ գիտենք՝ ինչպես են այդ կառույցներն աշխատում ու ինքնուրույնության ինչ աստիճան ունեն, կարելի էր առնվազն սպասել, ոչինչ չհայտարարել, ժամանակ շահել կամ ծայրահեղ դեպքում ասել՝ դեռ չի գործարկվում, որոշ տեխնիկական և կազմակերպական խնդիրներ կան, կլուծվեն, մենք հայտարարություն կանենք և վերջ: Ու ներքին կարգով կփորձեին հասկանալ՝ ինչն է խնդիրը:

Ո՞րն է Դատախազությանը «սխալ հանելու» մղման իմաստը: Ամբողջ իրավական դաշտը սպասում է այդ հարցի լուծմանը, Դատախազությունն ասում է՝ լուծվում է, ի՞նչն է խնդիրը, ինչպե՞ս են պատկերացնում ԲԴԽ-ում՝ քրեական հետապնդման մարմինը չի՞ ուզում տալ այդ բանալիները, անկապ, անիմաստ խոսո՞ւմ է:

Սա ևս մեկ ապացույց է պետական ինստիտուտների իսպառ արժեզրկման, նրանց հեղինակության զրոյացման, և թեպետ ոչ ոք, բացի իրավապահ կառույցներից, մեղավոր չէ ստեղծված իրավիճակում, որովհետև այն, ինչ այսօր կա, իրենց իսկ սեփական ընտրության արդյունքն է, միևնույն է, ափսոս է պետությունը:

Տեսանյութեր

Լրահոս