«Շուշիի արևածագը շատ գեղեցիկ էր… Ես լավատես եմ, լավ է լինելու, ժողովուրդ ջան»
2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմից հետո արցախցին կրկին աշխատում և արարում է, որպեսզի մեջքն արագ ուղղի։ Դժվարությունները շատ են, բայց չեն հուսահատվում, լավատես են։ Պատերազմի հետևանքով թշնամին բազմաթիվ հայկական բնակավայրեր է օկուպացրել, հազարավոր ընտանիքներ անօթևան են մնացել։ Նրանց մի մասն այսօր Երևանում է ժամանակավոր կացարան գտել, մյուս մասն էլ՝ Ստեփանակերտում և Արցախի հայկական վերահսկողության տակ գտնվող տարբեր բնակավայրերում։
168.am-ի լրագրողներն օրեր առաջ էին գործուղվել Ստեփանակերտ, որտեղ էլ հենց զրուցել ենք Շուշիից տեղահանված Դադամյանների ընտանիքի անդամների հետ, լսել նրանց պատմությունը։
Արդեն ուշ ժամ էր, երբ հասանք Դադամյանների ժամանակավոր կացարան, դրսում մեզ դիմավորեց երիտասարդ ընտանիքի հայրը՝ 38-ամյա Հմայակ Դադամյանը։ Ջերմ բարևելուց և ծանոթանալուց հետո մտանք տուն, հյուրասենյակում վազվզում էին Դադամյան երիտասարդ ընտանիքի, ինչպես Հմայակն ասաց, առայժմ երեք երեխաները: Հենց այստեղից էլ սկսվեց մեր զրույցը, ապա շարունակվեց թեյի սեղանի շուրջ:
Տանտիկինը՝ Անժելիկա Դադամյանը, նախ հարցրեց՝ սո՞ւրճ, թե՞ թեյ կխմենք, ապա հավելեց, որ Ստեփանակերտում շատ քիչ են սուրճ խմում, հիմնականում թեյ են խմում, ու մեր պատասխանը լսելուց հետո շատ արագ սկսեց սեղանի վրա դասավորել թեյի համար անհրաժեշտ սպասք և տնական քաղցրավենիք։
Մենք Շուշիին սիրահարված ենք եղել
Հմայակը ծնվել է Արցախի Մարտունի քաղաքում, 2011 թվականին ամուսնանալուց հետո տեղափոխվել էին Շուշի, իսկ թե ինչո՞ւ էին ապրելու համար ընտրել հենց Շուշին, պատմեց․
«Մենք Շուշիի վրա սիրահարված ենք եղել․․․ Երևի կոնյակի նման ավելի կթանձրանա այդ սերը։ Ամուսնանալուց առաջ աշխատանքի բերումով Շուշիում էի, մեր ապագա շենքի դիմաց կանգնած ասում եմ՝ այս շենքն արդեն հանձնե՞լ են շահագործման, պատասխանեցին՝ ուր որ է՝ հանձնելու են։ Մեր շենքը Շուշիի հին շուկայի ձախ կողմում էր՝ Նիկոլ Դուման 2, 23 բնակարան։ Դեռ տիկնոջս հետ չէինք որոշել ամուսնանալ, այդ օրերին ամուսնության առաջարկն ամբողջացավ, միանգամից զանգեցի տիկնոջս, ասացի՝ Անժելիկա ջան, կուզե՞ս, որ մենք Շուշիում ապրենք կամ հիպոթեքով տուն ձեռք բերենք, 1-2 վայրկյան մտածեց ու ասաց՝ դա իմ երազանքն է, շատ լավ կլինի։ Որոշեցինք ու հետո հասկացանք, որ շատ ճիշտ որոշում ենք կատարել տեղի առումով, քանի որ Շուշին շատ լավ տեղ է։
Շուշիում հիպոթեքով տուն էինք վերցրել, տնավորվել, Մեր երեխաներից 2-ը՝ Ավետը և Նարեն, ծնվել են Շուշիում՝ 2014 և 2015 թվականներին, իսկ արդեն Շուշիից դուրս գալուց հետո ծնվեց Անին։ Անին Շուշիում ձևավորվել է, Ստեփանակերտում՝ ծնվել։ Էս կռվում շատ տղաներ են զոհվել, չի խանգարի, որ մեր Ավետին եղբայր լինի․․․
Շուշիում ապրում էր շատ լավ, շատ ընտիր ժողովուրդ, վերջին 10-15 տարիների ընթացքում մեծ հոսք է եղել դեպի Շուշի, հիմնականում՝ դասախոսներ, զինվորականներ, պետական ծառայողներ։ Մեր շենքի կողմը, երբ արևը դուրս էր գալիս, միանգամից 30-40 երեխա էր դուրս գալիս բակում խաղալու։ Բոլորս երիտասարդ ընտանիքներ էինք, որ մանկական միջոցառումներ էին կազմակերպում մեր բակում, շուրջ 80 երեխա էր մասնակցում՝ 3-7 տարեկան հասակի․․․
Հիմա կապ ենք պահում մեր հարևաններր հետ, Շուշիի կարոտը մի քիչ առնում ենք շուշեցիներից։ Մի վարսավիր ունենք՝ Առնոլդը, ինքը հայտնի վարսավիր է, գնում ենք իր մոտ, և մազերն ենք կտրում և զրուցում ենք՝ բա ի՞նչ կա, ո՞վ է ծնվել, ո՞վ է մահացել, հարցուփորձ ենք անում, տեղեկություններ ստանում, համ էլ իրարից կարոտ ենք առնում․․․
Մեր տանը հաճախակի են հյուրեր լինում, ու հիմնականում շուշեցիներ են։ Կինս շատ մարդամոտ է, և մեր հարևանները, բարեկամները, որոնք Շուշիում են եղել, հաճախակի են գալիս այստեղ, իրարով մխիթարվում ենք, իրար հետ զրուցում ենք։ Շատ լավ բարերար ազդեցություն է գործել այս ֆոնին նաև Շուշիի Դանիել Ղազարյանի դպրոցը, որ այստեղ՝ Ստեփանակերտում են բացել։ Շուշիի դպրոցի աշակերտները, ծնողները, ուսուցիչները կամաց-կամաց իրար գլխի են հավաքվում, դա յուրահատուկ համ ու հոտ է տալիս․․․
Սովորական, պարզ արցախցիներ ենք մենք, հազարավոր տեղահանված ընտանիքների պես ապրում ենք Ստեփանակերտում, այս պահին ես գործ ունեմ, կինս՝ ոչ»։
Ընտանեկան ռեստորանային բիզնես՝ «Հին Շուշի»
Հմայակը Շուշիում փոքրիկ ռեստորանային բիզնեսով էր զբաղվում, Անժելիկան ևս ընդգրկված է եղել այդ աշխատանքներում։
«Հին Շուշի՝ Old Shushi։ Հիմնականում Շուշի այցելող տուրիստների հետ էինք աշխատում, և՛ դրսից և՛ հայաստանաբնակ մեր հայերի։ Անժելիկան՝ կինս, և տնօրենն էր, և շատ լավ խոհարարական ձիրք ունի, մյուս աշխատակիցների հետ մեր ռեստորանն էր աշխատացնում։ Ընտանեկան բիզնես է եղել ավելի շատ, 4-5 աշխատող ունեինք։ Ամռանը Շուշիում շատ այցելուներ էին լինում, և անհրաժեշտություն էր լինում հերթափոխով աշխատել, իսկ ձմռանը հիմնականում Ստեփանակերտից էին գալիս։ Ինձ հիմա շատ են առաջարկում, ասում են՝ ինչո՞ւ մի հատ «Հին Շուշի» ռեստորան չես բացում, էս վերջերս էլ մի 8 հոգով հավաքվեցին, ասացին՝ դու մեզ շատ ես հյուրասիրել, արի, հիմա մեր հերթն է, էլի ասացին՝ բա խի՞ ռեստորան չես բացում։ Այս պահին դեռ նման պլաններ չունենք, տեսնենք․․․»։
Ոնց որ կռիվը սկսվել է․․․ Հույս կար, որ ինչ-որ ձև տակից դուրս կգանք
«Պատերազմից 1 օր առաջ եղբորս տղայի՝ Նարեկի կնունքն էր, երեխաների հետ գնացել էի Մարտունի։ Կեսգիշերին մոտ մայրս ասաց՝ մնացեք, առավոտյան կգնաք, բայց չմնացինք, եկանք Շուշի, պառկեցինք, քնեցինք, ոնց որ այդ քնելն էր, որ պետք է քնեինք, մեկ էլ երազի մեջ ոնց որ պայթյունի ձայներ եմ լսում․․․ Դե, ես ծառայել եմ, 2016 թվականին 1.5 ամիս մասնակցել եմ այդ գործողություններին, պատերազմ չասեմ, ակտիվ մարտական գործողություններ էին, ծանոթ եմ այդ ձայներին, ու ղարաբաղցի բոլոր տղաներն էլ գիտեն՝ դա ինչ է։ Մենք ապրում էինք Շուշիում 5 հարկանի շենքի 5-րդ հարկում, հատուկ էինք ընտրել ադ հարկը, որովհետև տեսարան էր բացվում դեպի Բուվուրխան լեռը և դեպի Հյունոտ, արևածագերն արտակարգ էին մեր մոտից երևում․․․
Մենք դուրս եկանք՝ ես ու տիկինս, մեր դիմաց 4 կողմից պայթյուններ էին, բայց ոչ թե Շուշիի, այլ ռազմական պահեստի, ՀՕՊ համակարգերի վրա, միանգամից 4 տեղ պայթյուն է լինում մեր դեմ դիմաց։ Մեզանից հեռու էր դեպի Շոշ, օդով մի քանի կիլոմետր, մեզ համար վտանգավոր չէր, բայց այդ ժամանակ արդեն Շուշիի բերդի տակ էլ էր հիթիռ ընկել, չգիտեինք, թե ի՞նչ հրթիռ էր, բայց ձայնը լսվում էր։ Երեխեքը քնած էին, արագ հանում ենք, իջնում նկուղ, թաղի ջահել տղաներով իրար ենք նայում՝ ի՞նչ անենք, ասում եմ՝ տղե՛րք, ի՞նչ պետք է անենք, պետք է գնանք վայենկոմատ, ոնց որ կռիվը սկսվել է․․․ Հույս կար, որ ինչ-որ ձև տակից դուրս կգանք, կդիմագրավենք, քանի որ մի քանի տարի առաջ այդ նույնն էլի եղել էր, էլի երեխեքի ճակատը պաչել ենք, գնացել ենք, քիչ զոհերով ստացվել է, հետ ենք եկել, այս աստիճան կորուստներ չենք ունեցել։ Երեխեքին նկուղում տեղավորելուց հետո, ընկերներով իջնում ենք մեր հիմնական զորամաս, զորամասում մեզ զենքեր են տալիս (առանց ռազմական գաղտնիքների), զենքերը ստանում ենք, հիմնական ուղղությունները վերցնում, գնում, զինվորներին համալրում։
Մենք շատ մեծ գերդաստան ենք, 7 երեխա՝ 4 եղբայր, 3 քույր։ Մերոնք Մարտունուց ինձ մոտ են գալիս՝ համարելով, որ Շուշին ավելի ապահով է, այդ ժամանակ իրենց տեղավորում ենք՝ եղբորս, քրոջս երեխաներին, ընտանիքներին, տղաներով գնում ենք։ Մեր ընտանիքից 4 զինվոր է դուրս եկել, նաև հայրս՝ Դադամյան Էռնեստը, ինքը հայտնի մարդ է․․․ Հակտեմբերի վերջին հորեղբորս տղան զոհվեց, հաջորդ օրը բաջանաղս է զոհվում, ընկերներս են զոհվում, ծանր ապրումներով իմ ֆրոնտից սնարյադի մաշինով գալիս ենք Մարտունի, որ գուցե հնարավոր լինի եղբորս թաղենք, բայց չենք կարողանում, քանի որ բայրաքթարով խփած են լինում, հայտնի դեպք է՝ 150 հատ սնարյադ է պայթում, ու այդ 7 տղաներից ոչ մի բան հնարավոր չի լինում վերցնել, որ թաղենք։ Հայրս իմ վրա բարկանում է, ասում է՝ գնա՛ քո ֆրոնտ, պետք չի, որ բոլորս իրար հետ լինենք։ Դուրս էի գալիս Մարտունուց, վերևը՝ Աստված, ներքևում՝ հայրս, ասում էր՝ գնա, պետք չի, որ դու էլ այստեղ լինես, ես էլ, գնա՛ քո ֆրոնտ, գնա՛ քո քաղաքը պաշտպանի, գնա՛ քո տունը պաշտպանի, քո տունը հիմա Շուշիում է, ի՞նչ գործ ունես այստեղ․․․
Մարտունուց դուրս գալուց նայեցի՝ գրպանումս թաշկինակ կար, ինքս ինձ ասացի՝ գուցե Մարտունին չկարողանանք պահել, գուցե մի բուռ հող վերցնեմ, ինքս ինձ հետ վիճում էի։ Ավտոմեքենայով դուրս էի գալիս Մարտունուց, նորից ասացի՝ գուցե վերջին շանսն է, էլի, կանգնեմ, մի բուռ հող վերցնեմ, մեկ էլ ասացի՝ լավ է, գուցե պահենք Արցախը․․․
Ես մտածում էի, որ երևի կմտնեն Շուշի, Շուշիի մեջ բոյ կտանք, կպահենք։ Հիմնական ճակատը պահվում էր, հյուսիսից մինչև ներքև պահվում էր, հարավային թևն էր մի քիչ խախուտ, բայց մինչև վերջին օրը կարծում էինք, որ հարվածը վերցնելու ենք Շուշիի վրա և իջնենք Հադրութ, Հադրութը վերցնենք, երևի հրադադարը կտան, մտածում էինք՝ մերոնք են արհեստական ձգձգում, որպեսզի իջնենք՝ Հադրութը վերցնենք, ու կռիվը վերջանա։ Ո՞վ էր մտածում, որ Շուշին պետք է տայինք, այն էլ՝ այդ գնով․․․
Հայրենակա՞ն պատերազմ էր սա մեզ համար, թե՞ չէ, կարծում եմ՝ չէ։ Եթե հայրենական պատերազմ լիներ․ ամեն զոհը գիտեմ ինչ բան է, քանի որ ես էլ եմ ունեցել անձնական կորուստներ, շատ մտերիմ մարդիկ են զոհվել։ Բայց հայրենական պատերազմի ժամանակ, եթե պետք լիներ անգամ 20.000 զինվոր զոհվեր, պետք է զոհվեր, պետք է զոհվեր և առանց ախ քաշելու։ Այո՛, պետք է մայրիկները լացեին, տխրեին․ բա ի՞նչ անենք, հայրենիքը պետք է տանք թուրքերի՞ն։ Այո՛, անգամ Ստեփանակերտը տալով հանդերձ, պետք է բարձրանայինք Քարվաճառի սարերի վրա ու բոյ տայինք թուրքերի դեմ, բայց դրա համար նորմալ տղամարդ տղա է պետք, որ ասի՝ ես տեր եմ, ձեր մեջքին կանգնած եմ։ Բայց ո՞նց եք պատկերացնում, ասում է՝ հելե՛ք, ինքնակազմակերպվե՛ք, սա Սարդարապատ է, գնացեք։ Ամեն անգամ, որ դու այդպես ասում ես, խղճով տղաները ասում են՝ ի՞նչ անենք, հայրենիքը մեզ է կանչում, իրենք գնում՝ էլ հետ չեն գալիս, այդ լավ տղերքը, որոնք ելք են փոխում, այն տղաները, որոնք հետ էին գալու ու պատասխան էին ուզելու, հիմա այդ տղաներին տարել են՝ մաղել․․․
Չեմ ասում, որ բաեվիկներ ենք, պարզ, խաղաղասեր մարդիկ ենք, մտածում էինք, երևի կպահենք Արցախը, ամեն մեկս՝ մեր տանը, մեր քաղաքում․ ցավոք, ելքն այսպես եղավ, բայց սա վերջը չի, էն գիտե՞ք, որ ասում է՝ մեր թաղում էլ է հարսանիք լինելու, լինելո՛ւ է, մենք էլ թուրքերի մաման լացացնելու ենք։ Չգիտեմ, թե երբ է լինելու դա, բայց լինելու է․․․»։
Այդ կոնյակը մեր ապագա հաղթանակի օրը պետք է խմենք
«Մի լիտր Արարատ կոնյակ ունեմ՝ 10 տարեկան, կռվի ժամանակ ինձ հետ պտտում էի, սկզբից Աղդամում էինք՝ մեր հիմնական տեղակայման վայրում, հետո հոսպիտալ ընկա՝ ոտքս մի քիչ վնասվել էր, հետո՝ սանչաստ, հետո նորից շարք կանգնեցի, հետո Աղդամից դուրս եկանք, գնացինք Բերձոր, Բերձորից իջանք հարավային թև, իսկ վերջին օրերին եկանք դեպի Շուշի, եթե չասեմ՝ հենց առաջին օրվանից, բայց առաջին օրերից, որ տուն մտա, այդ 1 լիտր կոնյակը վերցրեցի, հետս ման եմ տվել։ Տիկնոջս խնդրել եմ, որ այդ կոնյակը մեր ապագա հաղթանակի օրը պետք է խմենք։ Կամ ես կխմեմ, կամ մեր որդին՝ Ավետը կխմի։ Դա մեծ երազանք է ինձ համար, իմ կյանքի ամենամեծ երազանքն այն է, որ այդ կոնյակից մի բաժակ խմեմ, բայց դա ինձ թույլ եմ տալու միայն մի դեպքում․․․
Ադրբեջանցիները մտածում են, որ մեզ հաղթել են, կոտրել են, բայց հո լա՛վ են հասկանում, որ անցումային փուլը սենց եղավ, բա հետո՞, ի՞նչ են անելու մեր հետ, ո՞նց են ապրելու, դրա համար հիմա ուզում են վերջնականապես, վերջին շնչով մեզ կոտրեն, որ գուցե ստացվի՝ հայաթափեն, գուցե ստացվի՝ տնտեսությունով ինտեգրվենք Ադրբեջանին և Թուրքիային։ Ցավոք, եթե ինտեգրվենք, իրենց նման Արցախ պետք չի գալու, Նախիջևանի ճանապարհով են գնալու, հայաթափվելու ենք, և ուղղակի ոնց հիմա Նախիջևանի արհեստական ինքնավար մարզն է, նույնն էլ լինելու է Արցախի պարագայում, էլի կթողնեն ինքնավար մարզ, բայց առանց հայերի․ դա վատագույն սցենարն է լինելու։ Կամ էլ մեր երեխեքը ըմբոստանալու են հետո, մեզ ասելու են՝ ամո՛թ ձեզ, էս ի՞նչ եք արել, ոնց որ մեզանից առաջ այդ սերունդը հախճապակին բերել ու մեզ է հասցրել, իսկ մենք գցել-ջարդել ենք, բայց ոնց որ դեռ շատ վնասված չի, կարելի է էլի մի բան անել, հույս եմ պահում, որ մեզանից հետո եկող սերունդը․․․»։
Խաղաղություն, այդ մենք ենք ուզում, բայց խաղաղություն պետք է լինի միայն մեր հաղթանակով
Երկար զրուցելուց և պատերազմի մասին պատմությունները լսելուց հետո հարցրեցի Հմայակին՝ իսկ ի՞նչ կարծիքի է Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության դարաշրջան բացելու մասին պարբերաբար կրկնվող հայտարարություններին։ Որպես պատերազմի թոհուբոհով անցած, հայրենի հողից ու տնից զրկված մարդ՝ հնարավոր համարո՞ւմ է ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել, հարևանություն անել։
«Շատ դժվար հարց եք տալիս, առհասարակ բոլոր արցախցիները շատ բացասաբար են տրամադրված նման կեցվածքին, քանի որ մենք 1 անգամ չէ, որ տեսել ենք թուրքերի կամ ադրբեջանցիների․ ադրբեջանցիներին թուրք համարելն այնքան էլ ճիշտ չէ, իրենք ոնց որ թուրքերի տնազն են, իրենց հո մենք կջարդեի՛նք, ուղղակի հանգամանքներն այսպես եղավ․․․ Իրենց մոտ էլ հիմա այդ հոգեբանական պահն է, թե ղարաբաղցիներին հաղթել ենք…. ո՞նց կարող ես դու խաղաղություն անես մի տարածաշրջանում, որտեղ ոչ մեկը խաղաղության չի պատրաստվում, սկսած Թուրքիայից՝ շարունակած Իրան, Իրաք․․․ Առհասարակ, եթե առաջիկա տասնամյակներում մենք ուզենք որպես ազգ Հայաստանում, Արցախն էլ հետը միասին՝ որպես առանձին միավոր, մնանք, շատ դժվար է լինելու նման խաղաղասիրական նոտաներով մնալ, որովհետև մինչև հիմա երաշխավորը բանակն է եղել, որ չեն եկել մեզ քշել-տարել․․․ Չի՛ լինելու խաղաղություն, իրենց պետք չի՛ խաղաղություն, այդ մենք ենք ուզում խաղաղություն, բայց խաղաղություն պետք է լինի միայն մեր հաղթանակով։ Չի՛ լինելու խաղաղություն, ավելին ասեմ, եթե խաղաղասիրական խաղեր տանք թուրքերի հետ, մեր հաջորդ սերունդները գալու են, թքեն մեր երեսին։ Առհասարակ հեղափոխությունները միշտ այդպես են լինում, որդիներն ըմբոստանում են իրենց հայրերի դեմ, ասում են՝ էս ի՞նչ եք արել, ձեր համակարգը դուրներս չի գալիս, ու վերցնում շուռ են տալիս։
Հաջորդ քաղաքական էլիտայի հիմնական խնդիրը, իմ կարծիքով՝ պետք է լինի միավորելը, որովհետև հիմա այնքան ենք մասերի բաժանված։ Հաջորդ առաջնորդների գերխնդիրը պետք է լինի այս բաժան-բաժան հատվածները շատ պարզ բաների շուրջ հավաքելը, մարդիկ նորից պետք է սկսեն իրար հետ բարեկամություն անել․․․»։
Ավոն շատ մեծ հեղինակություն ուներ և բավականին հետաքրքիր անձնավորություն էր
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Հմայակն առաջին դասարանում էր սովորում, բայց վստահեցնում է, որ յուրաքանչյուր դետալ մանրամասներով հիշում է․
«Մարտունու մեր տունը 3 հատ սնարյադ է ընկել։ Մի հատը հենց ընկել է հյուրասենյակում: Իմ տատին որ չլիներ, մենք կմահանայինք։ Մի անգամ ծառի տակ շախմատ էինք խաղում հորս հետ, ասաց՝ ոնց որ խփեցին, Բաղդասարենց թաղն է, շան տղերք, մեր տուն է ընկնելու, մտա՛նք խրամատ․․․ ու ընկավ մեր դրսի զուգարանի վրա (ծիծաղում է.- խմբ)։ Մի անգամ էլ սնարյադ ընկավ, էլի սաղ մնացինք։
Շատ լավ հիշում եմ Ավոյին՝ Մոնթե Մելքոնյանին, ոգևորվում էինք շատ։ Ավոն որ զոհվեց, թաղի տղաներով՝ 5-6 հոգով, որ իրար հետ մոտ էինք, դեռ առաջին կամ երկորրդ դասարանի երեխեք էինք, ասում էինք՝ բա հիմա ի՞նչ ենք անելու։ Մարտունու մոտ թուրքական գյուղեր կային, գնացինք, վառված տներից պատրոններ վերցրեցինք։ Մտածում էինք, որ Ավոն զոհվել է, սրանք էլ գալու են մեր տները վերացնեն, վառեն, անձնական ողբերգություն էր Ավոյի մահը»։
Փաստորեն 6-7 տարեկանում գիտակցո՞ւմ էիք Մոնթե Մելքոնյանի մեծությունը, նրա կատարած գործողությունները, ընդհատեցինք Հմայակին․
«Ճիշտն ասեմ, ոնց որ Աստծո հանդեպ հավատ կա մարդկանց մոտ, մարտունեցիների մոտ մի յուրահատուկ ընդգծվածություն կար դեպի Ավոն։ Իրեն Մոնթե Մելքոնյան էին ասում, աշխարհն իրեն այդպես է ճանաչում, բայց մարտունեցիներն իրեն Ավո էին ասում, և վերջակետ։ Ավոն շատ մեծ հեղինակություն ուներ և բավականին հետաքրքիր անձնավորություն էր։ Ինքը որ եկավ Մարտունի, այստեղ արդեն ձևավորված էին որոշակի տեղական խմբավորումներ, որոնք արդեն մի քանի անգամ պաշտպանական գործողություններ էին արել և անուն էին ձեռք բերել: Մարտունու երիտասարդները խանդով էին վերաբերվում, թե՝ ո՞նց, սա մեր տարածքն է։ Կարճ ժամանակ հետո այդ տղաներից շատերն ընդունեցին Ավոյին։ Շատ մեծ ֆունկցիա կատարեց Ավոն, մանր-մունր ջոկատներին միավորեց և հիմնական մարտունակ միավոր ստեղծեց ու․․․»։
Շուշիի մասին ինչքան էլ խոսենք, պատմենք, մեկ է, մի բան կիսատ է մնալու…
Դադամյանների տանը՝ հյուրասենյակի պատին, փակցված է Շուշիի իրենց շենքի լուսանկարը։ Անժելիկան այն համացանցում է գտել, ասում է՝ չգիտի, թե ով է լուսանկարի հեղինակը, բայց իր համար շատ հարազատ նկար է։
«Մեր դիմացի շենքից են նկարել, որ նայում եմ նկարին, ինձ թվում է, թե Շուշիի մեր տանն եմ, հիմա իջնելու եմ բակ․․․ լույսերն էլ որ վառված են, ոնց որ խորհուրդ լինի իր մեջ՝ տանը մարդ կա, կյանք կա։
Շուշիի մասին ինչքան էլ խոսենք, փորձենք պատմել այնտեղ ապրած մեր օրերի մասին, մեկ է, մի բան կիսատ է մնալու։ Այնտեղ շատ երջանիկ օրեր ենք ունեցել, ցավոք, որ կիսատ մնաց։ Իմ երազանքն է եղել Շուշիում ապրելը, ու հիմա ինչն եմ կարևորում, որ Շուշիում ապրելու տարիներին ես գնահատել եմ այնտեղ ապրելուս օրերը։ Մարդիկ հիմնականում ինչ-որ բան կորցնելուց հետո են հասկանում և գնահատում այն, բայց ես հենց այնտեղ ապրելու պահին էլ գնահատել եմ։ Շուշիի արևածագը շատ գեղեցիկ էր, շատ եմ կարոտում։ Օ՛դը, Շուշիի օդը շատ մաքուր էր։ Հիմա գրեթե ամեն օր լսում եմ Շուշան Պետրոսյանի «Շուշի» երգը, ոնց որ իմ հոգուց ու սրտից լինի, մեկ էլ Աննա Խաչատրյանի «Շուշի» երգն եմ լսում․․․»,- ասաց Անժելիկան։
Ընտանիքը Շուշիի, այնտեղ անցկացրած երջանիկ օրերի կարոտն առնում է նաև լուսանկարներով։ Հմայակը պատերազմի թեժ օրերին կարողացել էր բնակարանից վերցնել ընտանեկան ալբոմները։
Հմայակին և Անժելիկային լսելը հաճելի էր, ժամանակը շատ արագ անցավ, կեսգիշերին մոտ դուրս եկանք նրանց տնից՝ կրկին հանդիպելու ակնկալիքով։ Իսկ Հմայակը մեզ ճանապարհելիս հուսադրող խոսք ասաց․
«Ես լավատես եմ, լավ է լինելու, իսկապես լավ է լինելու, ժողովուրդ ջան»։