Մակրոնը Կրեմլին մեղադրեց ստի ու երեսպաշտության մեջ
Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հերքել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որը մարտի 7-ի առավոտյան ժամը 10-ից «լռության ռեժիմ» է հայտարարել՝ իբր Վլադիմիր Պուտինին «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անձնական խնդրանքով», և բացվել են «հումանիտար միջանցքներ», որ քաղաքացիական բնակչությունը Կիևից, Մարիուպոլից, Խարկովից և Սումիից Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի տարածք տեղափոխվի։ «Հանրապետության նախագահի, ինչպես նաև այլ դաշնակիցների և գործընկերների անձնական խնդրանքն այն է, որ ռուսական հարձակումը դադարեցվի», Franceinfo-ին հայտնել են Ելիսեյան պալատից:
Ֆրանսիայի նախագահը «չի խնդրել և չի ստացել դեպի Ռուսաստան միջանցքներ [ստեղծելու մասին պարտավորություն] Պուտինի հետ խոսելուց հետո», BFMTV-ին ասել են Մակրոնի աշխատակազմից։ Ելիսեյան պալատի աղբյուրը նշել է, որ նախագահը «համառորեն պահանջում է, որպեսզի խաղաղ բնակչությանը հնարավորություն տրվի հեռանալ և թույլատրվի օգնություն հասցնել» պաշարված քաղաքների բնակիչներին։
«Մակրոնի խնդրանքով մարդասիրական միջանցքների» պատմությունը բացահայտում է ստի ու կեղծավորության ողջ խորությունը, որի վրա Պուտինը կառուցում է իր ծավալապաշտական քաղաքականությունը։ Արեւմտյան առաջնորդներն այլեւս դիվանագիտական արտահայտություններ չեն փնտրում իրենց զարմանքն ու զայրույթն արտահայտելու համար։ Չեխիայի նախագահ Զեմանը, ով նախկինում համարվում էր Պուտինի ագենտը Եվրոպայում, նրան անվանել է մոլագար, որին պետք է կանգնեցնել։ Պուտինի մեկ այլ «դաշնակից»՝ Հունգարիայի վարչապետ Օրբանը, թույլ է տվել ՆԱՏՕ-ի բազաներ տեղակայել իր երկրում։