Հեռանկարները հուսադրող չեն. ինչի՞ վրա է կառավարության հույսը

Անցած տարի Հայաստանի տնտեսությունն այդպես էլ չկարողացավ ամբողջությամբ վերականգնվել 2020թ. ճգնաժամից հետո։  Թեև դեռևս հայտնի չեն տնտեսական աճի վերջնական ցուցանիշները, այնուհանդերձ 2021թ. աճի ակնկալիքները 4,5-5 տոկոսի սահմաններում են։

Սա գուցե կարելի էր վատ արդյունք չհամարել, եթե հաշվի չառնենք, որ այն տեղի է ունեցել նախորդ տարվա 7,4 տոկոս անկումից հետո։ Նման ցածր բազայի վրա ակնկալվող 4,5-5 տոկոս աճը դժվար է լուրջ ձեռքբերում համարել։ Դա նշանակում է, որ ճգնաժամի հետևանքները դեռևս հաղթահարված չեն։

Չնայած 2020թ. անկումից հետո տնտեսության վերականգնման հավանականությունն անցած տարվա արդյունքում հազիվ 4,5-5 տոկոսի սահմաններում է, 2022թ. համար կառավարությունը որոշել է, որ աճը պիտի լինի առնվազն 7 տոկոս։ Արտաքին բարենպաստ միջավայրի դեպքում էլ՝ մինչև 9 տոկոս։

Սրանք, իհարկե, զուտ նպատակադրումներ են կամ կանխատեսումներ, որոնք դեռ պետք է իրականացնել։ Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ դրանք շատ հաճախ չեն իրականանում։ Առավել ևս՝ խնդրահարույց է այս տարվա տնտեսական աճի ապահովման հավանականությունը։

Մեր տնտեսությունն աճի այդպիսի պոտենցիալ չունի։ Այն գնահատվում է հազիվ 4-4,5 տոկոսի սահմաններում։ Այդպիսին է՝ ինչպես տեղական, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների գնահատականը։ Չնայած դրան, կառավարությունը որոշել է, որ այս տարի տնտեսական աճը պիտի լինի 7-9 տոկոս։ Նախորդ տարի էլ կանխատեսում էին, որ ունենալու ենք 6,5 տոկոս աճ, բայց ունեցանք անհամեմատ ավելի վատ արդյունք։

Այս տարվա տնտեսական աճի ակնկալիքները կապված են հիմնականում կապիտալ ծախսերի ավելացման հետ։ Նախորդ տարվա համեմատ կառավարությունը կտրուկ ավելացրել է կապիտալ ծախսերը։ Բայց դա արել է ոչ թե եղած հնարավորություններն ու կարողությունները հաշվի առնելով, այլ զուտ բյուջետային սահմանափակումների պատճառով։

Վերջին 2 տարիներին այնքան են ուռճացրել բյուջեի դեֆիցիտը, որ այն դուրս է եկել բյուջետային կանոններից։ Հիմա պարտադրված են փոխել ծախսերի կառուցվածքը, որպեսզի դեֆիցիտը հետ բերեն կանոնների մեջ։

Այդ պարտադրանքն էլ պատճառ է դարձել, որ կառավարությունը 2022թ. համար մինչև 347 մլրդ դրամի կապիտալ ծախսեր նախատեսի։ Սակայն խնդիրը ոչ այնքան կապիտալ ծախսերն ավելացնելու, որքան դրանք կատարելու մեջ է։ Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ կառավարության կարողությունները բավարար չեն անգամ ավելի համեստ չափերի կապիտալ ծախսեր իրականացնելու համար։ Դրանք մշտապես թերակատարվել են, երբեմն՝ մինչև 20-30 տոկոսով։ Ու այդքանից հետո, բյուջետային կանոններով պարտադրված, կառավարությունը գնացել է կապիտալ ծախսերի կտրուկ ավելացման՝ ի սկզբանե իմանալով, որ դրանց կատարումը հարցականի տակ է։ Պատահական չէ, որ դա համարել է այս տարվա բյուջեի հիմնական ռիսկերից մեկը։

Դրված 7-9 տոկոս տնտեսական աճին հասնելու համար կառավարությունը ևս մեկ աննախադեպ քայլ կատարեց. կրճատեց ամանորյա տոնական օրերը՝ հույս ունենալով, որ դրա արդյունքում կհաջողվի ապահովել լրացուցիչ ՀՆԱ։ Խոսքը շուրջ 70-80 մլրդ դրամի մասին է։

Բայց դա էլ դեռ հարց է։ Այնպես չէ, որ աշխատանքային օրերի ավելացումը միշտ դրական է ազդում ՀՆԱ-ի վրա։ Այն կարող է նաև հակառակ հետևանքն ունենալ՝ հաշվի առնել առևտրի և ծառայությունների ճյուղերի վրա այդ նախաձեռնության բացասական ազդեցությունը։

Ներքին միջավայրում՝ ինչպես նախորդ, այնպես էլ՝ այս տարի տնտեսական աճին շարունակելու են խոչընդոտել մի շարք կարևոր հանգամանքներ։

Նախ՝ այդպես էլ հաղթահարված չեն այն անվտանգային խնդիրները, որոնք տնտեսության համար առաջացել են ղարաբաղյան պատերազմից հետո։ Դա լուրջ ռիսկ է՝ հատկապես նոր ներդրումների իրականացման առումով։ Տնտեսական անվտանգության մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ չափազանց բարձր։

Չափազանց շատ են նաև անորոշությունները։ Հայտնի չէ, թե ինչի կարող է հանգեցնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ վերջին շրջանում սկսված սիրախաղը։

Ներքին միջավայրում տնտեսական աճը զսպող գործոն է ներդրումների սակավությունը։ Արտաքին հատվածից ներդրումային հետաքրքրությունները, հայտնի ու անհայտ պատճառներով, մեծամասամբ չեն վերածվում իրական ներդրումների։ Բավական մեծ ներդրումային պոտենցիալ կա կուտակված ներքին միջավայրում, բայց դա էլ չի հաջողվում ներգրավել տնտեսության մեջ։ Մինչդեռ՝ առանց ներդրումների անհնարին է ավելացնել տնտեսության աճի պոտենցիալը։ Այդ պոտենցիալը հիմա անհամեմատ ավելի փոքր է, քան նախատեսված տնտեսական աճն է։

Այս իրավիճակում կառավարությունը հույս ունի տնտեսական աճի պոտենցիալը բարձրացնել պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ծախսերի միջոցով։ Բայց, ինչպես նշեցինք, այստեղ լուրջ խնդիրներ կան՝ հատկապես կատարողականների հետ կապված։

Մեր տնտեսության աճի գործում, անշուշտ, կարևոր դեր ունեն նաև արտաքին գործոնները։

Արտաքին շուկաների հետ կապված մեր տնտեսությունը մեծ կախվածություն ունի հատկապես մետաղների գներից։ Մետաղների գների փոփոխություններն էական ազդեցություն կարող են թողնել տնտեսական աճի միտումների վրա։

Կառավարությունը հույս ունի, որ այս տարի միջազգային շուկայում կշարունակի պահպանվել մետաղների, հատկապես՝ պղնձի բարձր պահանջարկը՝ հանգեցնելով նաև գների բարձրացման։ Վերջին մեկ տարում պղինձն արդեն հասցրել է բավականաչափ թանկանալ՝ իր ուղղակի ազդեցությունը թողնելով նաև Հայաստանի տնտեսության վրա։ Եթե չլիներ այդ գործոնը, 2021թ. տնտեսական աճի արդյունքները շատ ավելի համեստ կլինեին։

Կան կանխատեսումներ, որ պղնձի գնաճն առաջիկայում կշարունակվի։ Բայց հավանականությունը շատ փոքր է, որ կպահպանվի նախորդ տարվա աճի տեմպը։

Պղնձի գինն արդեն հասել է հնարավոր բարձր մակարդակի և աճելու շատ ավելի քիչ պոտենցիալ ունի։ Դա նկատվեց արդեն նախորդ տարվա վերջին ամիսներին, երբ մետաղների միջազգային շուկան սկսեց կայունություն դրսևորել։

Արտաքին միջավայրից Հայաստանի տնտեսության մեջ փոխանցվող մյուս ոչ պակաս կարևոր ազդակը կապված է դրսից ստացվող ֆինանսական հոսքերի հետ։ Թեև նախորդ տարի այս առումով ունեցանք բավական բարձր աճ, բայց տարվա վերջին աճը հիմնականում դադարեց, նույնիսկ նվազում գրանցվեց։ Եթե պահպանվի այդ միտումը, տնտեսությունը հազիվ թե մեծ ակնկալիքներ կարող է ունենալ այդ հատվածից։

2022թ. սկզբին իրավիճակը մեր տնտեսության զարգացումների համար ահա այսպիսին է։ Այն թույլ չի տալիս խոսել աճի բարձր հավակնությունների մասին։ Դրան հասնելու համար բավարար հիմքեր չեն երևում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս