Փաշինյան-Բաբայան արցախյան «օպերացիան». ինչո՞ւ են Արցախից «պոսլատ արել»

Դեկտեմբերի 24-ին առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե բանակցային գործընթացում ոչ մի իշխանության ու բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել ԼՂՀ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը։

«Ես սրա մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ և նաև նախկինում բանակցությունների մասնակցած շրջանները գոնե այս մասով հաստատել եմ։ ԼՂ ինքնավար մարզը երբեք բանակցային գործընթացում չի դիտարկվել՝ որպես զուտ և միայն հայկական միավորում, որովհետև այնտեղ այն փաստի բերումով, ամեն դեպքում դա բանակցություններում արձանագրված է, որ ԼՂ ինքնավար մարզում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ։

Ես մի քանի անգամ խոսել եմ նրա մասին, որ այն բանակցային բովանդակության մեջ, որտեղ խոսվում էր ԼՂՀ կարգավիճակի վերջնական ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսք էր գնում ԼՂ ողջ բնակչության մասին։ Ի՞նչ է նշանակում՝ ողջ բնակչություն, նշանակում է՝ ոչ միայն հայկական բնակչություն, այլև ադրբեջանական բնակչություն»,- ասել էր նա:

Արցախի կարգավիճակի ապագայի մասով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը արձագանքեցին և՛ Արցախի խորհրդարանական ուժերը, և՛ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ժամանակին հայտարարում էր, թե ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև հակասություններ չկան, և, որ նրանց պատկերացումները ԼՂ խնդրի մասով երբևէ այսքան ներդաշնակ չեն եղել:

Ըստ էության, գոնե հրապարակային այս ներդաշնակությունը պահպանվում էր նաև արցախյան վերջին պատերազմից հետո:

Ավելի ուշ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Սամվել Բաբայանի միջոցով հասնել Արայիկ Հարությունյանի գահընկեցությանը:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Արայիկ Հարությունյանն այլևս պետք չէ, քանի որ Արցախն արդեն դարձել է սակարկման առարկա, և փորձ է արվում, ըստ էության, թուրքերի և ադրբեջանցիների հետ բանակցություններում Արցախի հարցի սակարկման կամ առևտրի միջոցով այլ հարցերում ստանալ իր համար որոշակի բարենպաստ արդյունք:

Այլ կերպ ասած՝ Փաշինյանը փորձում է մարդկանց գիտակցության մեջ մտցնել, որ Արցախը երբեք հայկական չի եղել՝ նպատակ ունենալով այս պահից սկսած իրեն ապահովագրել հասարակության հնարավոր զայրույթի ալիքից:

Այս տրամաբանության շրջանակում Նիկոլ Փաշինյանը, մեզ հասած տեղեկություներով, Արցախ է գործուղել Սամվել Բաբայանին, ով իբր թե գնացել է՝ որպես Արցախում սահմանադրական բարեփոխումների ջատագով, բայց նպատակը, ըստ շրջանառվող տեղեկությունների, բոլորովին այլ է եղել՝ վերևում հիշատակվածը:

Ի դեպ, 168.am-ին հասած տեղեկություններով՝ ռուսական կողմը հասկացրել է, որ Արցախում նախագահական ընտրությունների ժամանակը չէ, և եթե, ասենք, Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, ապա հնարավոր է՝ նրա պաշտոնը թափուր մնա որոշ ժամանակ:

Ռուսական կողմը, մեր տեղեկություններով՝ չի ողջունում Նիկոլ Փաշինյան-Սամվել Բաբայան այս «օպերացիային»:

Ի դեպ, Սամվել Բաբայանն ում հետ Արցախում փորձել է այս մասով քննարկումներ ունենալ, կամ ասել են՝ դրա ժամանակը չէ, կամ առհասարակ կոշտ մերժել են: Մեր աղբյուրնեը կոշտ բառով բնորոշեցին՝ «պոսլատ են արել»:

Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած՝ «պլան Բ» է մտածում: Ասում են, որ խնդիրը նաև հետևյալում է՝ Արայիկ Հարությունյանն ինքն էլ հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանը իրեն, կոպիտ ասած, գցել է, ինչը չէր սպասում, քանի որ Արցախում Նիկոլ Փաշինյանի միակ դաշնակիցն էր:

Ի դեպ, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի շրջանակում  Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշել էր, որ Սամվել Բաբայանի շահերը փոխվել են, պատճառը գուցե այն է, որ ավելի շատ բան են խոստացել ՀՀ-ում, քան կարող էր Արցախից ստանալ: Պատահական չէին, ի դեպ, Սամվել Բաբայանի վերջին մի քանի հարցազրույցները՝ ընդդեմ ՀԱՊ-ի, Ռուսաստանի, Իրանի:

«Սամվել Բաբայանն այստեղ ինչ-որ քննարկումներ սկսեց անել: Կարծես Նիկոլ Փաշինյանի ծրագրերը՝ մի փոքր ձևափոխված, բերվել էր Արցախ, և մարդկանց համոզում էին, թե սա է ճիշտը»,- նշել է Հակոբյանը:

Հավելենք, որ ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որտեղ նշում էր, թե այս իրենց ստեղծած «թակարդի» միջոցով Հայաստանի իշխանությունը փորձ է անում Արցախում ներքաղաքական ճգնաժամ ստեղծել, ինչն առաջին փուլում, խորհրդարանական ընդդիմության խոհեմության ու ջանքերի գնով թույլ չի տրվում։

«Պատերազմից անմիջապես հետո, իշխող ուժի և խորհրդարանական ընդդիմության միջև նախնական կոնսենսուս էր ձևավորվել առ այն, որ Արցախի սահմանադրության և օրենքների շրջանակներում գործող նախագահը, մեծամասնություն ունեցող ուժը պետք է տարբեր առանցքային պաշտոններ, ոլորտներ զիջեն քաղաքական դաշտի մի քանի ուժերի, որոնք էլ իրենց հերթին կոալիցիոն կամ մեկ այլ սկզբունքով կայուն մեծամասնություն կձևավորեին ու երկիրը դուրս կբերեն ոչ միայն ներքաղաքական ճգնաժամից, այլև պատերազմի հետևանքով ստեղծված ծանր դրությունից։

Այս սցենարը չաշխատեց, որովհետև Հայաստանի իշխանությունները միջամտեցին և Արցախում ստեղծեցին քաղաքական այնպիսի «բալանս», որն ըստ իրենց նախընտրությունների՝ ցանկացած պահին կարող էին փոխել։

Փաշինյանի իշխանությունը նպատակ ունի Արցախում քաղաքական անկայունության և ճգնաժամի հրահրման միջոցով Արցախին զրկել սուբեկտայնության բաղադրիչներից, դա է պատճառը, որ կուլիսային այդ գործողություններն ուղեկցվում է Փաշինյանի և նրա քաղաքական/քարոզչական թիմի ագրեսիվ դրսևորումներով, որի գլխավոր նպատակն է՝ ցույց տալ, որ Արցախի հայկական մնալն անհնար է, պայքարն անիմաստ է, և գործընթացը ներկայիս իներցիոն հունից տեղափոխել թուրք-ադրբեջանական տրամաբանության դաշտ»,- գրել էր Աբրահամյանը:

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Region Press-ի հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությամբ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու լուրերը համարել էր «լկտի սուտ»:

«Նման բան ոչ թե չկա, գոյություն էլ չի ունեցել»,- ասել է նա և հավելել՝ եթե արցախցիները ցանկանան, ապա կվերադառնա Արցախ, բայց ոչ հենց այնպես:

«Եթե որևէ բան չի փոխվում տնտեսության, քաղաքականության, արտաքին քաղաքական առումով, գնում ես՝ ի՞նչ անես: Ի՞նչ ես իրականացնելու,- լրացրել է Բաբայանը և շարունակել,- Արցախի Սահմանադրությունը 2017թ. գրել են, որ 2018թ.-ին Արցախի հողերը պետք է հանձնեին, որպեսզի նախագահը կարողանար միանձնյա որոշի ու էդ խնդիրը կատարի»:

Այս համատեքստում Սամվել Բաբայանը կրկնել է Արցախի հետ կապված իր դիրքորոշումը, այն է՝ հարցի իրավական լուծումը ՄԱԿ-ի միջազգային մանդատի հաստատումն է, ինչը գրավոր ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին և Արցախի ղեկավարին՝ առաջարկելով, որ այս հարցում միասին աշխատեն:

«Օրակարգային 3 հարցերի վերաբերյալ մենք հստակ լուծումներ ենք տեսնում, և դրանք ձևակերպված՝ ՀՀ և ԱՀ ղեկավարների սեղանին են։ Անհրաժեշտ է լինել ունակ, դրսևորել քաղաքական կամք դրանք իրագործելու համար»,- վերը նշված լրատվամիջոցի հետ հարցազրույցում ասել է Բաբայանը:

Եթե հաշվի առնենք Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, ապա կարելի է ասել, որ պատերազմից հետո ակտիվորեն «Անջատում հանուն փրկության» բանաձևը առաջ մղող Փաշինյանը մտափոխվել է և գուցե Սամվել Բաբայանի՝ Արցախը մանդատային տարածք դարձնելու առաջարկին այլընտրանք չի տեսնում:

Տեսանյութեր

Լրահոս