«Հայաստանի շահերից չի բխում, որ բանակցությունները վարի պարտված իշխանությունը». Արման Գրիգորյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն է:
Բանախոսը նշել է.
- Չի կարելի իշխանության վերադարձնել սեփական ոչ կոմպետենտությունն այդքան պերճախոսությամբ ապացուցած որևէ ուժի:
- Հայաստանի շահերից չէր բխում, որ այս բանակցությունները վարի պարտված իշխանությունը:
- Անհրաժեշտ է մեր հավակնությունները համապատասխանեցնել մեր կարողություններին, դա երկար ժամանակ մեր խնդիրն է եղել. եթե չհամապատասխանեցնենք՝ աղետներն անխուսափելի են:
- Արցախի հարցում մեր դիվանագիտական դիրքորոշումն անիրատեսական էր, մենք Ադրբեջանից անկախություն չէինք կարող ստանալ, նախ ուժերի հարաբերակցության խնդիր կար, մենք այդ հարցում չունեինք դաշնակից, և միջազգային հանրությունն էլ մեր դիրքորոշմանը դեմ էր:
- Չեմ համարում, որ պատերազմը և դրա հետևանքները միայն Փաշինյանի մեղքն է, բայց հիմնական պատասխանատուն, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է ու նրա վարած դիվանագիտությունը՝ բազմաթիվ մասնավոր սխալներով ու սխալ որոշումներով: Դիվանագիտություն, որն ավելի արմատական էր ու կոշտ, քան նախորդներինը: Նա դուրս եկավ բանակցություններից, հնչեցին կոշտ հայտարարություններ՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ», «Արցախը Հայաստան է, և վերջ»… Այդ ժամանակ նույնիսկ Վիտալի Բալասանյանը մտավախություն հայտնեց, որ Հայաստանի դիրքորոշումները չափազանց կարծր են և պրովոկատիվ: Այդուամենայնիվ, չի կարելի անտեսել քաղաքական, մտավորական այն էկոլոգիան, որի միջավայրում ընդունվել են Փաշինյանի որոշումները:
- Մոռանում են, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը և Լենա Նազարյանը հայտարարեցին՝ եթե զիջումներ անեինք, ապա ժողովուրդը մեզ դավաճան կասեր: Քաջություն չունեցան ժողովրդին ճշմարտությունն ասելու, թե մեզ ինչ է սպասվում:
- Մենք զինադադարին համաձայնեցինք, երբ այլևս ռեսուրս չունեինք դիմակայելու, երբ բանակն էր կորցրել դիմակայելու ռեսուրսը:
- Այս իշխանությունների առաջին խնդիրն այն է, որ ունի կոմպետենտության, փորձի բացակայություն: Իսկ ամենազայրացուցիչ փաստերից մեկն այն է, որ դեռ 2020 թվականի ամռանը Գլխավոր շտաբը վերլուծական զեկույցում կանխատեսել էր Թուրքիայի մասնակցությամբ մոտալուտ պատերազմի մասին, որից հետո Հայաստանը շանս չունի չպարտված դուրս գալու, անտեսվել էր գործող իշխանությունների՝ Փաշինյանի կողմից: ԳՇ զեկույցը լավատեսություն չէր ներշնչում, և դրանից պետք էր հետևություն անել: Իսկ երբ այդ ժամանակ Ռուսաստանը քննադատելով Հայաստանին՝ ազդանշաններ ուղարկեց, դարձյալ չհասկացանք և Ռուսաստանին գրողի ծոցն ուղարկեցինք: Մեր դիվանագիտությունը կարծրացավ: Կա անկոմպետենտության, ամբարտավանության խնդիր:
- Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը գռեհիկ հակամատերիալիստ են, նյութական իրականությունը նրանց համար գոյություն չունի: Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ մեզ չեն հետաքրքրում իրատեսական ծրագրերը:
- Սահմռկեցուցիչ էին հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Սարդարապատի հաղթանակի մասին: Հենց այդ հայտարարությունից հետո էլ ասացի ընկերներիս՝ շուտով պատերազմ է լինելու… հեղափոխության հաջողությունն իրենց գլխին էր տվել…
- Արցախի հարցը միայն Հայաստանի հարցը չէ: Եթե հիմա Արցախի կարգավիճակի հարց լուծեն, դա միայն ի վնաս մեզ է լինելու, միայն մեզ են պարտադրելու: Ռուսաստանը ճիշտ է, որ ասում է, թե հիմա չէ ժամանակը: Իսկ ԱՄՆ-ը շահագրգռված է կարգավիճակի հարցի լուծմամբ, որովհետև ուզում է, որպեսզի ավարտվի ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության հարցը տարածաշրջանում:
- Թուրքիայի հետ ուղիղ խոսելը ճիշտ է, հարևանների հետ պետք է խոսել, եթե մենք չխոսենք, ապա ուրիշները կխոսեն մեր փոխարեն: