Ի՞նչպես է աշխատելու և ի՞նչ աշխատավարձ է ստանալու թատերագիտական կրթություն ստացած մարդը
2020 թվականին թատերագետ Տիգրան Մարտիրոսյանի նախագծային առաջարկությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունն ստեղծել է «Թատերակետեր» (Theatricalpoints.com) թատերագիտական կայքը: Այն թատերագետների խոսքը հանրության լայն շրջանակին հասցնելու հարթակ է, որի բազմաբովանդակ բաժինները կայքի այցելուներին հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու բեմադրվող ներկայացումների, մեր թատրոնի անցյալի և ինչ-որ չափով նաև ապագայի մասին:
«Թատերակետերի» առաքելության, նպատակների, մեկ տարվա ընթացքում ծավալած գործունեության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է կայքի խմբագիր, թատերագետ-հրապարակախոս Տիգրան Մարտիրոսյանի հետ, որը կայքի գործունեության շարունակականությունը փաստացի ապացուցված անհրաժեշտություն է համարում:
«Թատերական քննադատներն իրենց մասնագիտական հարթակը չունեին և հիմնականում մամուլում էին թատերախոսականներով հանդես գալիս: Ոչ բոլոր խմբագիրներն են տիրապետում նեղ մասնագիտական նրբություններին, տերմիններին, մասնագիտական լեզվամտածողությանը, և ինքնանպատակ խնդիրներ էին առաջանում: Կարող էին կրճատել ամենաառանցքային հատվածները, բողոքել թատերագիտական հոդվածի «մասնագիտական լեքսիկոնից» և այլն: Իսկ ՀԹԳՄ-ի հետ հիմնած այս կայքը թատերագիտական հարթակ լինելուց զատ, թատերական նյութերի յուրահատուկ շտեմարան է դառնում: Ունենք լուսանկարիչների, նկարիչների, քանդակագործների, մուլտիպլիկատորների և այլ ոլորտների արվեստագետների պատկերային աշխատանքների համար որպես ցուցասրահ ծառայող 21 բաժին: Բաժինների այսպիսի թվաքանակը թատերական նյութերի տեսակային համակարգվածությունն է ապահովում: Բոլոր նյութերը ձևային, ոճային, ժանրային առումով մեկ կամ երկու բաժնում չեն խառնիխուռն լցվում, այլ երկու տասնյակ տարբեր բաժիններում են տեղադրվում: Համակարգված առանձնացված են «Էսսե», «Ծավալուն վերլուծություն», «Կարճ ասած», «Հրապարակախոսություն», «Պատմական նյութեր», «Գիտական», «Բառարան», «Վիդեոնյութեր», «Թեր և դեմ», «Համահեղինակային», «Օտարագիր», «Ֆելիետոն» և այլ բաժինները»,-պատմում է Մարտիրոսյանն ու հավելում, որ «Մեր հեղինակները» բաժնում ներկայացված են թատերագետների կենսագրությունները և նրանց հոդվածաշարերը: Այն, ինչ թվայնացված է թատերախոսական ժառանգությունից, ամբարվում է այդ բաժնում: Լևոն Հախվերդյանից և Լուիզա Սամվելյանից մեկական նյութ էլ իրենց ուժերով են թվայնացրել:
Նրա խոսքով՝ այն փաստը, որ «Թատերակետեր» կայքին թղթակցող չորսից հինգ թատերագետները պարբերաբար ուշագրավ թատերախոսականներ են հեղինակում՝ անդրադառնալով երևանյան առաջնախաղերին, մարզային բեմադրություններին, միջազգային փառատոնների ներկայացումներին, շատ կարևոր է նաև ապագա թատրոնի սոցիալական դիմանկարն ուսումնասիրողների և պատմատեսական հետազոտություն անցկացնողների համար:
Այն հարցին՝ կայքն իր առաջ դրած խնդիրները լուծո՞ւմ է, Մարտիրոսյանը դրական է պատասխանում ու նշում՝ «Թատերակետերի» նյութերը շատերին հասանելի դարձնելու համար համատարածում են իրականացնում կայքի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջի միջոցով: Թատերասերները հետևում են նյութերին: Նրանց համար հոդվածը թատերական ճաշակի անուղղակի ուղեցույց է դառնում. հաճախ գրում են, որ, կարդալով նյութերը, ասես դիտում են ներկայացումը: Այդ կտրվածքով, եթե անցյալ տարի մեկ ներկայացման մասին երեք թատերախոսի տարբեր կարծիքներ են հրապարակվել, ապա այս տարի վեց կարծիք է գրվել մեկ ներկայացման մասին, որոնցից հինգը՝ «Թատերակետերում»:
Թատերագետը դա հաղթանակ է համարում ու նշում, որ ոչ բոլոր ներկայացումների մասին է հնարավոր այդքան գրել, քանի որ ներկայացումը պետք է խոսելու նյութ տա: «Կայքի 21 բաժիններից մեկը «Թատերասերի գրառումներն» է, որը վիզուալ առումով ամենագեղեցիկ բաժինն է և փոքրիշատե մասնագիտական կշիռ ունի: Այնտեղ կարող է և՛ թատերագետը գրառում անել, և՛ արվեստագետը:
«Այդտեղ գրառումներ են զետեղվել Հասմիկ Պապյանից, Զավեն Բոյաջյանից, Անահիտ Մարգարյանից, Վասիլի Գևորգյանից, Նարինե Սարգսյանից, Ծովինար Լոքմագյոզյանից, Դիանա Մարտիրոսյանից, Կարեն Ավետիսյանից, ռուս թատերասերներից: Մեզ համար ձեռքբերում էր այն, որ 2021-ին համագործակցել ենք սփյուռքի գործընկերների հետ: «Ակոս» պարբերականի թատերական նյութերից որոշները տեղադրում ենք մեզ մոտ»,-շեշտում է Մարտիրոսյանը:
Խոսելով այն մասին, թե այսօր որքանով են համերաշխ թատերագետներն ու ռեժիսորները, դերասանները, ոլորտի այլ ներկայացուցիչներ՝ Մարիտիրոսյանը խոստովանում է՝ եթե համեմատի տասը կամ տասներկու տարի առաջվա իրականության հետ, երբ մարդիկ նույնիսկ չէին համարձակվում դեմ-դիմաց ինչ-որ կարծիք ասել, ապա շատ բան շտկվել է, սակայն գավառամիտ ճղճիմությունը մինչև վերջ դեռ չի թոթափվել:
«Հաճախ էի լսում, որ չկա թատերական քննադատություն: Ըստ իս՝ պատճառներից մեկն այն էր, որ թատերագետները երբեմն մասնագիտական բարեխղճությանը չպատշաճող անհիմն գովաբանություն էին թղթին հանձնում ու հրապարակում: Կամ էլ անձնավորված քինախնդիր վերաբերմունքից սերող խիստ սուբյեկտիվ դատափետում հեղինակում, ինչին ցավալիորեն մեր օրերում էլ կարող ենք հանդիպել: Թեպետ այդօրինակ վրիժառության հարցում հիմնականում առաջին մեղավորները պաշտոնեական լծակները շահարկողներն են: Օրինակ՝ ի պատասխան անաչառ, խիստ հոդվածի, տվյալ թատրոնում մասնագիտական դիտման համար նպաստավոր տեղ չտրամադրել այդ թատերախոսին: Ավելին թատերական քննադատին դահլիճի ծայրամասում դիտման տեղ հատկացնել՝ այդկերպ փորձելով նրա մասնագիտական արժանապատվությունը ոտնահարել: Առնվազն ամոթալի պահվածք է, բայց ոչինչ, ժամանակն ամեն ինչ իր տեղն է գցում: Թատերաց չինովնիկը պաշտոնը կորցնելուց հետո միգուցե ստիպված կլինի գիտակցել, որ թատրոնի պատմության համապատկերում ինքն անցողիկ դրվագ էր, ժամանակավոր երևույթ, իսկ թատերարվեստի վերլուծական արձանագրումն իրացնողը թատերական ժամանակի խտացման սպասարկուն»,-ընդգծում է Մարիտիրոսյանը:
Ամփոփիչ հարցին, թե այս ամենով հանդերձ ներկայումս ինչ խնդիրներ ունի մեր թատերագիտությունը «Թատերակետեր» կայքի խմբագիրն ափսոսանքով նշում է, որ թատերագիտությունը որպես մասնագիտություն դեռ չի հաղթահարել մեռնող բնագավառների շարքին դասվելու վտանգը, քանի որ մոտ երեք տարի Թատերական ինստիտուտի թատերագիտական բաժնի նույնիսկ անվճար տեղի համար դիմորդ չկա:
«Ի՞նչպես է աշխատելու և ի՞նչ աշխատավարձ է ստանալու թատերագիտական կրթություն ստացած մարդը: Մեր կայքում ևս հաստիքներ չկան, հեղինակային իրավունքի գնման սկզբունքով է աշխատանքը կազմակերպվում: Թատերագիտությունը փրկելու համար ամեն բան անում ենք. Հակոբ Ղազանչյանի հետ քննարկում ենք «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ընթացակարգում «Լավագույն թատերախոսական» անվանակարգը վերականգնելու հարցը: Այդ մրցանակը ևս մեկ ոչ այնքան ոգևորիչ, որքան որ հուսադրող հանգամանք կդառնա, որը թատերախոսին հետ կպահի մասնագիտական ճգնաժամային հուսալքումից, այսինքն՝ թատերախոսական գործունությունը դադարեցնելու մտքից: Մտավոր աշխատանքն ամենածանրերից է, և եթե այդքան անքուն գիշերներից հետո պետք է թատերագետը ճղճիմ վերաբերմունքի արժանանա ազնվության և սկզբունքայնության համար, ապա դա նվազագույնը հիասթափեցնող է»,-ընդգծում է Տիգրան Մարտիրոսյանն ու իբրև ամանորի շնորհավորանք հավելում՝ չկա թատրոն առանց թատերագիտության, ինչպես որ չկա թատերագիտություն առանց թատրոնի: