Ամերիկյան իշխանության հաստատումը Նախիջևանում
1919 թվականին Հաշտության վեհաժողովի Հինգի խորհրդի կողմից Հայաստանում կոմիսար է նշանակվում ամերիկացի քաղաքական-ռազմական գործիչ Ուիլյամ Հասկելը։ Արդեն իսկ օգոստոսի 21-ին Հասկելը ժամանում է Երևան և սկսում իր գործունեությունը։ Նախորդ համարներում տպագրված մի քանի հոդվածներում արդեն իսկ տեսնում ենք, թե Զանգեզուրի և Արցախի հետ կապված ինչ ծրագրեր է ներկայացնում Հասկելը Հայաաստանի Առաջին Հանրապետության կառավարությանը, սակայն իրականացնում է լրիվ հակառակը։ Նույն թվականի օգոստոսի 29-ին Հասկելը Ադրբեջանի կառավարության ղեկավար Ուսուպբեգովի հետ ստորագրում է պայմանագիր։
Այդ պայմանագրով Շարուր-Դարալագյազի և Նախիջևանի գավառները հաստատվում էին որպես չեզոք գոտիներ, որի կառավարությունը հանձնվում էր Հասկելի կողմից նշանակված ընդհանուր նահանգապետին։ Հայաստանը և Ադրբեջանը պարտավորվում էին իրենց զորքերը հանել այդ շրջաններից և կազմակերպել տեղական իշխանություն։ Առաջին Հանրապետության ղեկավարության` Ա. Խատիսյանի և Ռ. Տեր-Մինասյանի ջանքերով Հասկելը չեղյալ է հայտարարում Ուսուպբեգովի հետ կնքված պայմանագրի այն կետերը, որոնք վերաբերում էին Զանգեզուրին և Արցախին։
Սակայն Նախիջևանի մասին բանակցությունները շարունակվեցին, և արդյունքում՝ Հասկելը Նախիջևանում նշանակեց ամերիկացի նահանգապետ և կարգադրեց այնտեղ մտցնել ամերիկյան իշխանություն.
«Հոկտեմբերի 16-ին նրա ներկայացուցիչ գնդ. Ջեյմս Ռեյը Նախիջևանի զորամասի հրամանատարին ու մահմեդական ազգային խորհրդին ուղղեց մի նամակ, որով, ի միջի այլոց, ասում էր. «Իբրև ներկայացուցիչ դաշնակիցների գերագույն կոմիսարի, նրա բացակայության ժամանակ, պատիվ ունեմ հայտնելու ձեզ, որ Նախիջևանի և Շարուրի շրջաններում խաղաղություն հաստատելու նպատակով Ազրբեջանի և Հայաստանի կառավարությունները համաձայնության են եկել, որ այդ երկու շրջանները առաջիկայում ևս մնան դաշնակցական վարչության շերտում, ամերիկյան նահանգապետի վարչական իշխանության ներքո։ Միացյալ Նահանգների բանակի երկրաչափ գնդ. Էդմոնդ Լ. Դեյլին նշանակված է նահանգապետ։ Նրա իր պարտականություններին անցնելը ենթադրվում է հոկտեմբերի 23-ին Նախիջևանում։
Միաժամանակ ենթադրվում է շրջանի կառավարության վերաբերյալ Ազրբեջանի և Հայաստանի` դաշնակիցների գերագույն կոմիսարի հետ կապված համաձայնության հայտարարումը։ Մի խումբ մարդիկ, որոնց թվում ես և սպայակույտի սպաները, գնդ. Դեյլին ու իր սպայակույտը և Ազրբեջանի ու Հայաստանի ներկայացուցիչները, Նախիջևան կժամանեն հոկտ. 23-ին` հիշյալ արարողությանը մասնակցելու համար։ Հրավիրում ենք Նախիջևանի մահմեդական ազգային խորհրդին, այլ զինվորական ու քաղաքացիական ներկայացուցիչներին նույնպես ներկա լինել»։ (Հատվածը վերցված է Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքից։ Երևան, 1993 թվական, էջ 326):
Երկարատև բանակցություններից և համաձայնություն ձեռք բերելուց հետո, Հայաստանի և Ադրբեջանի կառավարության անդամները Նախիջևան մեկնելու համար խոստացել էին գնդապետ Դեյլիի հետ նշանակել երեքական ներկայացուցիչ։ Ադրբեջանի կառավարությունը, որ նախապես համաձայնություն էր հայտնել նշանակել երեք ներկայացուցիչ, վերջին պահին մերժում է։ Հասկելի կողմից Նախիջևանում նշանակված գնդապետ Դեյլին Երևանից դեպի Նախիջևան է շարժվում հոկտեմբերի 24-ին, և այնտեղ նրան դիմավորում են մեծ ոգևորությամբ։ Սակայն հետագա ընթացքը ցույց է տալիս, որ Դեյլին և ամերիկյան իշխանությունը Նախիջևանում ոչ մի իրական փոփոխություն չբերեցին։ Նմանատիպ տրամադրվածությամբ հայ ժողովուրդը Երևանի փողոցներում դիմավորեց նաև Ուիլյամ Հասկելին, սակայն Հասկելը ևս չարդարացրեց հայերի սպասելիքները։
Արդյունքում Նախիջևանը իր, այսպես կոչված, ինքնավարությունը պահպանում է մինչև 1920 թվականի ամառը։ Հետագայում` 1921 թվականի մարտի 16-ին, Մոսկվայում` ՌՍՖՍՀ-ի և Թուրքիայի միջև կնքվում է Մոսկվայի պայմանագիրը։ Որով Նախիջևանի մարզը դրվում է Ադրբեջանի հովանավորության տակ, իսկ վերջինս պարտավորվում է ապագայում այն չզիջել երրորդ պետության։ Միջազգային իրավունքի տեսանկյունից քեմալաբոլշևիկյան պայմանագիրն անօրինական է` ՌՍՖՍՀ-ի և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կարգավիճակների պատճառով։ Մոսկվայի պայմանագրի մասին շատ դիպուկ դիտարկում է արել Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջերարդը, ով դեսպան է եղել 1913-1917 թվականներին.
«1921 թվականի մարտի 16-ին բոլշևիկները պայմանագիր կնքեցին Քեմալի հետ, որով Թուրքիային հանձնեցին Հայաստանի Հանրապետության մի մասը, երկու այլ մասեր տվեցին Ադրբեջանին, և մնացորդի վրա փակցրեցին «Սովետական Հայաստան» պիտակն ու բռնակցեցին Ռուսաստանին»։
Զ. Շուշեցի