Կառավարության հույսերը կրկին չարդարացան

Մինչ կառավարությունը հույս ուներ, որ տարեվերջին տնտեսական գործընթացները Հայաստանում կակտիվանան՝ հանգեցնելով տնտեսական ցուցանիշների բարելավման, ճիշտ հակառակն է տեղի ունենում։ Տնտեսական ակտիվության աճը գնալով նահանջում է։ Արդեն երրորդ ամիսն անընդմեջ արձանագրում ենք ակտիվության աճի տեմպի դանդաղում։

Տարեսկզբի առաջին 7 ամիսներին տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կազմել էր 5,2 տոկոս։ Սա հիմք էր տվել կառավարությանը կարծելու, թե աճի միտումը կպահպանվի նաև հետագայում։ Բայց հետագա զարգացումները ցույց տվեցին, որ կառավարության հաշվարկները սխալ էին։ Աճը ոչ միայն չպահպանվեց, այլև գնալով մարում է։

Ութ ամիսների արդյունքում տնտեսական ակտիվությունն իջավ 4,9 տոկոսի։ Եվս 0,5 տոկոսային կետով նահանջեց հունվար-սեպտեմբերին՝ կազմելով 4,4 տոկոս։

Բայց դրանով էլ չսահմանափակվեց տնտեսական ցուցանիշների նահանջը։

Աճի տեմպի նվազումը պահպանվել է նաև 10 ամիսների տվյալներով։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, տարեվերջից 2 ամիս առաջ տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կազմել է ընդամենը 4,3 տոկոս։

Վերջին 3 ամիսներին այն դանդաղել է 0,9 տոկոսային կետով։ Այնինչ՝ կառավարությունը հույս ուներ, թե ակտիվության աճը կարագանա։ Այդ ակնկալիքով էլ բարձրացրեցին տնտեսական աճի կանխատեսումը՝ հասցնելով 6,2, հետո նաև՝ 6,5 տոկոսի։ Սակայն, ինչպես տեսնում ենք, տնտեսության զարգացումներն ի հակառակ կառավարության են շարժվում։ Տնտեսության ակտիվության աճը արագանալու փոխարեն՝ դանդաղում է։

Կառավարությունն այլևս հույս չունի, որ նախանշված 6,5 տոկոս աճին հնարավոր կլինի հասնել այս տարի։ Սպասելիքը, ինչպես վերջերս հայտարարեց ֆինանսների նախարարը, 6 տոկոսը չի գերազանցի, իսկ ավելի կոնկրետ հնարավոր կլինի ասել հոկտեմբերի ցուցանիշների հրապարակումից հետո։

Հոկտեմբերի ցուցանիշներն արդեն հայտնի են, ու դրանց արդյունքում արձանագրվել է տնտեսական ակտիվության աճի դանդաղում ևս 0,1 տոկոսային կետով։ Այլ կերպ՝ տեղի է ունեցել իրավիճակի ավելի վատացում։

Թե հիմա՞ ինչ է մտածում կառավարությունը սպասվող տնտեսական աճի վերաբերյալ, դեռևս հայտնի չէ։ Ամեն դեպքում, հոկտեմբերի միտումները դրական չեն։

Նախորդ ամսվա համեմատ ակտիվության 5 տոկոսին մոտ անկում է արձանագրվել։

Որոշ աճ կա նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ, բայց տեմպը բարձր չէ՝ ընդամենը 3,6 տոկոս։

Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին գրանցվել էր բավական խորը անկում։ 2020թ. այդ ամսին տնտեսական ակտիվությունը նվազել էր 8,1 տոկոսով։

Անցած տարվա 8,1 տոկոս նվազումից հետո այս տարվա հոկտեմբերին տնտեսական ակտիվությունն աճել է ընդամենը 3,6 տոկոսով։ Այն դեռևս բավական հետ է մնում մինչճգնաժամային մակարդակից։

Արտաքուստ այս տարվա հոկտեմբերին բավական բարձր աշխուժություն է եղել ներքին առևտրի և ծառայությունների ոլորտներում։ Երկու դեպքում էլ աճը երկնիշ է՝ առևտրի շրջանառությունն ավելացել է՝ 12,7, ծառայություններինը՝ 14,6 տոկոսով։

Թվում է, թե բարձր ակտիվությունը, որը կար առևտրի և ծառայությունների ոլորտում մինչև ճգնաժամը, հետ է եկել։ Բայց այդպես չէ։ Արձանագրված երկնիշ աճերը տեղի են ունեցել ղարաբաղյան պատերազմի շրջանում առևտրի և ծառայությունների շրջանառությունների կտրուկ նվազման ֆոնին։

Անցած տարվա հոկտեմբերին, երբ երկիրը գտնվում էր պատերազմական ծանր իրավիճակում, և մարդիկ խիստ կոնսերվացրել էին իրենց ծախսերը, ինչպես առևտրի, այնպես էլ ծառայությունների ծավալները մեծապես կրճատվել էին. 2 դեպքում էլ գրեթե 21 տոկոս անկում ունեինք։  Այսպիսի խորը անկման արդյունք է, որ այս տարվա հոկտեմբերին առևտրի և ծառայությունների շրջանառությունները երկնիշ աճ են ապահովել։

Ամեն դեպքում այդ աճերը նպաստել են ոլորտի տարեկան ցուցանիշների որոշ բարելավմանը։ Պաշտոնական տվյալներով՝ տարեսկզբի 10 ամիսներին, առևտրի աճը կազմել է՝ 7, ծառայություններինը՝ 6,4 տոկոս։

Ի տարբերություն առևտրի և ծառայությունների, շինարարության դեպքում աճի տեմպը շարունակել է դանդաղել։ Տարեվերջից 2 ամիս առաջ այն կազմել է 5,9 տոկոս։ Վերջին տվյալներով՝ աճը նվազել է ևս 0,5 տոկոսային կետով։

Հոկտեմբերին շինարարության ոլորտում ընդամենը 3,6 տոկոս աճ է գրանցվել։

Սա այն շինարարությունն է, որտեղ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ էկոնոմիկայի նախարարը պարբերաբար մտքի փայլատակումներ է ունենում։

Արդյունաբերության աճը 10 ամսում կազմել է ընդամենը 1,1 տոկոս։ Նվազում կա էներգետիկայում. էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կրճատվել են։

Վերջին ամիսներին գնալով նստում է նաև արտաքին առևտրի աճի տեմպը։ Եվ դա արտահայտվում է բացառապես արտահանման ոլորտում։

Առաջին կիսամյակում արտահանման աճը հասնում էր գրեթե 21 տոկոսի։ Հիմա տատանվում է 16-17 տոկոսի շրջակայքում։

Փոխարենը տեղի է ունենում ներմուծման ակտիվացում։ Ներմուծման աճն ընդհուպ մոտեցել է 12 տոկոսի։ Առաջին կիսամյակում ընդամենը 6,7 տոկոս էր։

Արտահանման ոլորտում վերջին ամիսներին նկատվող աճի տեմպի անկումը կապված է հիմնականում մետաղների արտահանման հետ։ Մինչ այդ էլ դրա արդյունքում էր արտահանումը բարձր տեմպերով ավելանում։ Այն բանից հետո, երբ մետաղների արդյունահանումը դադարեց ավելանալ, ոչ միայն կանգնեց, այլև սկսեց աստիճանաբար թուլանալ նաև արտահանման աճը։ Արտահանման կախվածությունն այս ոլորտից մեծ է, ու դա ակնհայտ է պաշտոնական վիճակագրության մեջ։

Մեր տնտեսության զարգացումների վերաբերյալ հրապարակված հերթական ցուցանիշները վկայում են, որ տնտեսական իրավիճակը Հայաստանում մտահոգիչ է. ակտիվության աճի տեմպը գնալով նահանջում է։ Թե այն մինչև ուր կհասնի, կերևա տարեվերջին։ Բայց արդեն հիմա պարզ է, որ այս տարի մեզ ո՛չ երկնիշ աճեր են սպասվում, և ո՛չ էլ նույնիսկ տնտեսության վերականգնում։ Տնտեսական ակտիվության աճն այս պահին շատ համեստ է. 10 ամսում ընդամենը 4,3 տոկոս՝ անցած տարվա 6,7 տոկոս նվազման ֆոնին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս