Փաշինյանի լեզվական սայթաքումները կարող են գին արժենալ. չիմացությո՞ւն, թե՞ դիտավորություն

Նոյեմբերի 23-ին կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին, որ ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի հայտարարության անարգել երթևեկություն արտահայտությունը կիրառելով` պնդում է, սա հենց «սուվերեն միջանցք» է նշանակում, հայկական կողմի համար ընդունելի՞ է առանց մաքսային կամ այլ ստուգումների ճանապարհի տրամադրումը ադրբեջանական կողմին, Փաշինյանը պատասխանել էր.

«Եթե նշանակեր «սուվերեն միջանցք», գրված կլիներ՝ «սուվերեն միջանցք»: Մանավանդ այդ նույն փաստաթղթի մեջ միջանցք բառը օգտագործված է` «Լաչինի միջանցք» ձևակերպումով»:

Ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցներն ի պատասխան զգուշացրել են, որ ադրբեջանական կողմը շատ հանգիստ կարող է օգտվել Փաշինյանի այս լեզվական սայթաքումից: Այսինքն, կարող են վերանայել Լաչինի միջանցքով տեղաշարժման սկզբունքը և օգտվելով միջանցքից՝ անարգել Հայաստանի տարածքով շարժվեն դեպի Նախիջևան:

Միաժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցները հաստատում են այն, ինչի մասին 168.am-ը մի քանի անգամ գրել է՝ «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանին պետք չէ, և այն, բնավ, չի փոխի Նախիջևանի վիճակը, որովհետև Ադրբեջանը դեռ մի քանի տարի առաջ ճեղքել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության շրջափակումը՝ Իրանի օգնությամբ և նրա օդային միջանցքներով: Ավելին, Նախիջևանն ունի ցամաքային սահման Թուրքիայի և Իրանի հետ:

Ի դեպ, այս տարվա ամռանը Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հաղորդակցությունների բացումը հնարավորություն կտա Ադրբեջանին Հայաստանի տարածքով մուտք ունենալ դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

«Բացի այդ, մենք սկսել ենք երկաթուղու կառուցում դեպի Հայաստանի սահմանը: Մենք պետք է մեր տարածքում դնենք ավելի քան 100 կմ հիմնական և երկաթուղային գծեր` մինչև Հայաստանի հետ սահմանը, իսկ Հայաստանի տարածքում՝ շուրջ 40 կմ»,- ասել էր նա:

Ավելի ուշ, կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկնել էր Ալիևի հայտարարությունը, որ Ադրբեջանը Հայաստանով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան, Հայաստանը՝ Ադրբեջանով դեպի ՌԴ, Կենտրոնական Ասիա ու Իրան: Ի դեպ, 2020-ի նոյեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ցանկանում են, որ Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի՝ Նախիջևանով:

168.am-ն այս համատեքստում մանրամասն դեռ հուլիսին ներկայացրել էր, թե ի՞նչ կերպ է Ադրբեջանը «մտնում» Իրան, ինչի՞ համար է պետք Հայաստանը: Մասնավորապես, որ Ադրբեջանն Իրանի հետ կապ է ապահովում հիմնականում Աստարա քաղաք-նավահանգստի միջոցով՝ ցամաքային, և որ Ղազվին-Ռաշթ-Ասթարա երկաթգիծն էլ կառուցվում է, որպեսզի ստեղծվի նաև երկաթգծային կապ: Ավելին, Ադրբեջան-Իրան ծովային կապն ապահովվում է Կասպից ծովի ափին գտնվող Անզալի նավահանգստի միջոցով:

Ընդ որում, այս նավահանգստի միջոցով Իրանը ծովային կապ ունի և՛ ՌԴ-ի, և՛ Ղազախստանի հետ, և՛ Թուրքմենստանի հետ:

Մի բան հստակ է՝ Ալիևը գիտի՝ ինչի համար է «միջանցքային» հայտարարություններ անում, ինչ խնդիր է գլոբալ առումով լուծելու:

Արդյո՞ք Փաշինյանը գիտակցում է, թե Ադրբեջանն ինչ խնդիր է փորձում լուծել: Եթե ոչ՝ վատ է, որովհետև թշնամու նպատակները պետք է մանրակրկիտ իմանալ և ըստ դրա սցենարներ ու հակասցենարներ մշակել: Եթե՝ այո, գիտի և դիտմամբ է լեզվական սայթաքումներ թույլ տալիս, ապա դա էլ ավելի վատ է:

Ի վերջո, Ադրբեջանը բացահայտ կերպով մեկ անգամ չէ, որ խաղարկել է Լաչինի միջանցքը՝ Զանգեզուրի միջանցքի դիմաց, կամ՝ հակառակը: Իսկ մենք նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում արդեն իսկ զիջում թույլ ենք տվել Լաչինի միջանցքի հետ կապված, ինչը 168.am-ը մանրամասն ներկայացրել էր:

Եռակողմ հայտարարության հիշատակված 6-րդ կետում նշվում է, որ «կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:

Ըստ սրա՝ սկզբունքորեն այստեղ դոմինանտ դիրքորոշումն Ադրբեջանինն է լինելու:

Մենք ներկայացրել էինք, թե ինչ սրբագրումներ են եղել եռակողմ հայտարարության մեջ ապաշրջափակման մասին կետում, երբ ՀՀ-ից վերցվել է տրանսպորտային հաղորդակցության ապահովողի դերը և տրվել տրանսպորտային կապերի անվտանգությունն երաշխավորողինը:

Ի դեպ, սեպտեմբերին Սամվել Բաբայանը ևս խաղարկել էր «Զանգեզուրի միջանցքի» թեման:

«Եթե իրենք խոսում են՝ անպայման Զանգեզուրով ունենալ ճանապարհ Նախիջևանի հետ կապվող, խնդրեմ, մենք էլ կարող ենք Ջերմուկով Վանք գյուղի հետ կապել Ղարաբաղը: Սարերով, թունելով, ոնց որ իրանք, տենց էլ մենք: Իսկույն Ադրբեջանը ձեզ ասելու է, որ համաձայն չի: Դե դու ընդեղ չես համաձայն, ես էլ ստեղ համաձայն չեմ լինի: Նուրբ դիվանագիտություն պետք է տանեն»,- «Մերոնք» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել էր Սամվել Բաբայանը:

Իսկ թե որքանո՞վ են իրականում Նիկոլ Փաշինյանի լեզվական սայթաքումները չիմացությունից, կամ որքանո՞վ դիտավորություն չեն, ցույց կտա ժամանակը:

Տեսանյութեր

Լրահոս