
Փաշինյանի հերթական հեքիաթը. չիմացությո՞ւն, թե՞ սովորական խաբեություն

Մոտը 10 օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հաղորդակցությունների բացումը հնարավորություն կտա Ադրբեջանին Հայաստանի տարածքով մուտք ունենալ դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:
«Բացի այդ, մենք սկսել ենք երկաթուղու կառուցում դեպի Հայաստանի սահմանը: Մենք պետք է մեր տարածքում դնենք ավելի քան 100 կմ հիմնական և երկաթուղային գծեր` մինչև Հայաստանի հետ սահմանը, իսկ Հայաստանի տարածքում՝ շուրջ 40 կմ»,- ասել էր նա:
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկնել է Ալիևի հայտարարությունը, որ Ադրբեջանը Հայաստանով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան, Հայաստանը՝ Ադրբեջանով դեպի ՌԴ, Կենտրոնական Ասիա ու Իրան:
Ալիևը գիտի՝ ինչի համար է նման հայտարարություն անում, ինչ խնդիր է գլոբալ առումով լուծելու: Արդյո՞ք Փաշինյանը գիտակցում է, թե Ադրբեջանը ինչ խնդիր է փորձում լուծել: Եթե ոչ՝ վատ է, որովհետև թշնամու նպատակները պետք է մանրակրկիտ իմանալ և ըստ դրա սցենարներ ու հակասցենարներ մշակել:
Եթե Փաշինյանը գիտի և խաբում է ժողովրդին, ինչպես պատերազմից առաջ, դրա ընթացքում և հետո, առավելևս վատ է, որովհետև այս դեպքում գործարքի «հոտ» է գալիս:
Ի՞նչ կերպ է այսօր Ադրբեջանը «մտնում» Իրան, ինչի՞ համար է պետք Հայաստանը
– Ադրբեջանն այսօր Իրանի հետ կապ է ապահովում հիմնականում Աստարա քաղաք-նավահանգստի միջոցով՝ ցամաքային:
– Ղազվին-Ռաշթ-Ասթարա երկաթգիծն էլ կառուցվում է, որպեսզի ստեղծվի նաև երկաթգծային կապ:
– Ադրբեջան-Իրան ծովային կապն ապահովվում է Կասպից ծովի ափին գտնվող Անզալի նավահանգստի միջոցով: Ընդ որում, այս նավահանգստի միջոցով Իրանը ծովային կապ ունի և՛ ՌԴ-ի, և՛ Ղազախստանի հետ, և՛ Թուրքմենստանի հետ:
– Ադրբեջանը մտադիր է օդանավակայաններ ունենալ Վարանդայում (Ֆիզուլի), որը կգործարկվի մինչև այս տարվա վերջ, Կովսականում (Զանգելան)՝ հաջորդ տարի, և Լաչինում, որն էլ պատրաստ կլինի 2023 թվականին:
– Նպատակ կա վերականգնել Բաքու-Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Նախիջևան-Երևան երթուղային գիծը: Այս հարցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաթեթային տարբերակի օրակարգում է եղել:
Մոտ 2 ամիս առաջ Ալիևը հայտարարել էր, որ տրվել է Հորադիզ-Ագբանդ երկաթուղու կառուցման մեկնարկը, այսինքն, կառուցվելու է Օրդուբադից մինչև Հայաստանի հետ սահման 15-16 կիլոմետր երկարությամբ բացակայող տեղամասը:
Նա նաև նշել էր, որ հետագա ծրագրերի մեջ է՝ «կապել Զանգելանը Արևմտյան Զանգեզուրի, ապա նաև Օրդուբադի միջոցով՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ»:
Ի դեպ, 2020-ի նոյեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ցանկանում են, որ Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի՝ Նախիջևանով:
Հավելենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ Բաքու այցի շրջանակում օրակարգային հատուկ թեմա է եղել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով ենթակառուցվածքների փոխգործակցությունը և դրա ճյուղավորումը Բաքու-Զանգեզուրի/Մեղրիի միջանցք-Ջուլֆա-Իրան երկաթգծային ճանապարհի վերականգնման միջոցով:
Ադրբեջանը կարևորում է ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը Զանգեզուրի միջանցքի միջոցով, ինչպես նաև Նախիջևան-Շախբուզ-Գորիս-Լաչին-Ստեփանակերտ-Աղդամ-Բարդա-Եվլախ ավտոմայրուղիները, որոնք անցնում են Զանգեզուրի հյուսիսային մասով և միմյանց կապում աշխարհագրական տարբեր շրջաններ:
Մի բան հստակ է՝ Ադրբեջանը գործում է Թուրքիայի հետ, այն է՝ ի շահ «Մեծ Թուրան» ծրագրի, որից ելնելով՝ փորձելու է վերջնականորեն վերացնել հայկական պետականությունը՝ կրճատելով, վերցնելով ռազմավարական, կենսական նշանակության այն տեղանքները՝ Գեղարքունիքի արևելյան կողմը, Սյունիքի հատվածը, Տավուշի գյուղերը, որոնց միջոցով ՀՀ-ն այսօր կապվում է արտաքին աշխարհի հետ: Այսինքն՝ կտրել ՀՀ-ի՝ արտաքին աշխարհի հետ կապը, և թողնել այնպիսի Հայաստան, որն իրենցից կախման մեջ կլինի:
Ո՞րն է Իրանի շահը
Իրանը նախընտրում է Վրաստանի և Սև ծովի հետ կապ ունենալ բացառապես ՀՀ տարածքի վրայով: Դա բխում է Իրանի անվտանգային և ռազմավարական շահերից:
Ըստ էության, այսօր Իրանը դեպի Վրաստան, և հատկապես՝ դեպի ՌԴ կապն ապահովում է Ադրբեջանի տարածքով:
Ի դեպ, դեռ անցած տարի 168.am-ը գրել էր, որ Իրանում գեներացնում են տեսակետ, որ եթե պիտի Մեղրիի միջանցք տրվի Ադրբեջան-Նախիջևան կապի համար, մի միջանցք էլ պիտի տրվի Նախիջևանի տարածքով, որ Իրանը կարողանա կապ ունենալ ՀՀ-ի հետ և ՀՀ-ի վրայով դեպի հյուսիս: