«1993-ին Հայաստանում ոչ բոլորն էին հավատում մեր հետագա գոյությանը, 1994-ին Ադրբեջանը Դուշանբեում խնդրելով փաստաթուղթ էր ստորագրում». Հենրիկ Քոչինյան
Հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանն այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումների շրջանակում լրագրողներին իրազեկեց, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհները Խորհրդային Միության տարիներին կառուցվել են, որպեսզի եղանակային վատ պայմանների դեպքում այլընտրանքային ճանապարհներ լինեն։
«Այն 6-7 գյուղը, որոնք այդ ճանապարհի վրա են, նրանց համար պայմաններ ստեղծվեցին, որ ապրեն, զարգանան, մարդաշատ դառնան։ Բոլորդ լավ հիշում եք, որ դպրոցական գրքերում գրված էր՝ Հունան Ավետիսյանը ծնվել է Ծավ գյուղում, հետո գնաց հերոս դարձավ, որով բոլորս հպարտանում ենք։ Իսկ այսօր Ծավում քանի՞ երեխա է ծնվում»,- ասաց Հենրիկ Քոչինյանը։
Ըստ նրա, Հայաստանում ադրբեջանական տարածքներ չկան, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ավելին՝ ցանկացած հայ մարդ մշտապես պետք է ասի, որ Հայաստանում նման տարածք չկա, և եթե այդ մասին անընդհատ բարձրաձայնեն, ապա ինչ-որ մեկը կլսի։
«Ցանկացած քարտեզ, փաստաթուղթ և այլն, ամեն մեկն ամենայն լրջությամբ է կազմված եղել, մեկը լուրջ ինչ-որ խնդիր լուծելու համար է կազմված եղել, այդ բոլորն անընդհատ պետք է իրար վրա դնել և ասել, որ այս մի քարտեզը հարյուր տոկոս ճշմարիտ է, մնացած բոլորը՝ ոչ։ Կարծում եմ՝ ոչ մեկը, ո՛չ ռուսական գենշտաբը, ո՛չ Հայաստանն ու Ադրբեջանը, նման բան իրավունք չունի ասելու, որովհետև հակափաստարկն էլ կա, որ հենց այդ նույն քարտեզում մի տարի հետո ինչ-որ բան փոխվել է։ Որից ուզում են սկսել, պետք է գնանք ամենահարավային կետից, պայմանական եմ ասում, և քայլ առ քայլ գալ ամբողջ վիճելի տարածքներ։ Մինչև վերջ պետք է պայքարենք, որ գնանք հայանպաստ լուծման»,- հավելեց Հենրիկ Քոչինյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ ժամանակին կար լավ ավանդույթ, ցանկացած տեղ, երբ առաջանում էին սահմանային խնդիրներ, մի փոս էին փորում և այդ փոսում ածուխ էին լցնում, որը մշտապես դիտարկվում էր՝ որպես սահմանային կետ։ Այսօր եթե լավ փնտրեն, նման սահմանային կետեր էլ կգտնեն։
«Հիմա, ենթադրենք, 30 թվականին նման մի բան են արել, եթե դրա տեղը գտնենք, ապա կարող ենք ասել, որ 30 թվականին երկու կողմերի համաձայնությամբ այդ կետն է եղել սահմանային կետը։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ վաղը փաստաթուղթ կստորագրվի և դրանից հետո քարտեզի վրա մատիտ-քանոնով կսկսեն դնել ու գծել սահմանը՝ չարաչար սխալվում է։ Սա տարիների, տասնյակ տարիների քրտնաջան աշխատանք է։ Մենք գործ ունենք մի թշնամու հետ, որն անընդհատ, երբ հնարավորություն ունենա, կփորձի մեզանից մի բան պոկել։ 1989-90 թվականներին որևէ մեկը չէր պատկերացնում, որ մենք կկարողանանք Արցախի, ինչո՞ւ չէ, նաև Հայաստանի համար անվտանգության գոտի ստեղծել, այդ անվտանգության գոտին 5 շրջաններն էին։ 1993 թվականին, երբ լույս չկար, հաց չկար, Հայաստանում ոչ բոլորն էին հավատում մեր ապրելուն, հետագա գոյությանը, իսկ 1994 թվականին Ադրբեջանը Դուշանբեում խնդրելով փաստաթուղթ էր ստորագրում, մենք հասկացանք, թե մենք ով ենք»,- եզրափակեց Հենրիկ Քոչինյանը։