«Ազգ-բանակ» բովանդակային բանակից՝ մինչև Փաշինյանի ձևի ճանապարհը բռնած բանակ
Պատերազմից հետո՝ 2021թ. հունվարի 28-ին, Նիկոլ Փաշինյանը ՊՆ վարչական համալիրում դիմելով բարձրագույն սպայակազմին՝ հայտարարել էր. «Պետք է կարողանանք ինքներս մեզ հարց տալ, թե ի՞նչն այնպես չենք արել այս ընթացքում, որպեսզի մեր երկրի ու բանակի դիմակայությունն ավելի բարձր մակարդակի լիներ:
Սրանք հարցեր են, որոնց պատասխաները, իհարկե, պետք է ստանանք, այս հարցերին պետք է առերեսվենք, և սա մեր առաջիկա ամենակարևոր անելիքն է: Ընդ որում, ուզում եմ արձանագրել, որ այս անելիքը որպես օրակարգ՝ արձանագրված է Պաշտպանության նախարարության կողմից, այս անելիքը որպես օրակարգ՝ արձանագրված է Զինված ուժերի Գլխավոր շտաբի հրամկազմի կողմից, և սա մի աշխատանք է, որն արդեն փաստացի սկսել է իրականացվել: Այս աշխատանքի արդյունավետությունից մեծապես կախված է մեր երկրի անվտանգության մարտահրավերների հետագա սպասարկումը, մեր երկրի ու Զինված ուժերի մարտունակության և դիմակայության հարցերի հետագա լուծումը»:
Թե ի՞նչ տեսակ են Փաշինյանի օրոք մեր երկրի անվտանգության մարտահրավերները հաղթահարվել, ի՞նչ կերպ են լուծվել Զինված ուժերի մարտունակության և դիմակայության հարցերը և արդյոք լուծվե՞լ են՝ պատերազմից առաջ, ընթացքում և հետո, ինչպես ասում են՝ «результат на лицо»:
Եվ այստեղ կարևոր գործոն են կադրային ճիշտ քաղաքականությունը, և բանակի ու անվտանգության հետ կապված գաղափարական և գործողությունների տեսլականի առկայությունը, դրա բովանդակության համահունչ լինելը ժամանակակից մարտահրավերներին:
168.am-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ՀՀ Զինված ուժերում (ԶՈՒ) և Արցախի Պաշտպանության բանակում (ՊԲ) նախքան պատերազմը տեղի ունեցած կադրային փոփոխությունները որոշակի ազդեցություն են ունեցել Արցախյան 44-օրյա նվաստացուցիչ պատերազմի ընթացքի, ելքի վրա: Եվ ցավն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմից ոչ մի դաս չի քաղել և շարունակում է այս կործանարար մարտավարությունը: Իսկ պատերազմը չի ավարտվել, եթե չասենք՝ նոր պատերազմի շեմին են՝ այս անգամ ՀՀ ինքնիշխան տարածքում, և շարունակում ենք զոհեր ունենալ առաջնագծում, գերիներ՝ Ադրբեջանի ձեռքում: Ավելին, մենք սպառազինության մատակարարման հետ կապված լրջագույն խնդիրներ էլ ունենք:
Բայց Փաշինյանը շարունակում է սեփական քմահաճույքից ելնելով և «իրավունքի ուժով» պաշտպանական գերատեսչության ղեկավարներ փոխել՝ իր իսկ ընտրած ղեկավարներին: Եվ սրա հետ մեկտեղ՝ հաճախ հօդս է ցնդում նրանց՝ բանակի զարգացման ծրագրերը, տեսլականը, ինչո՞ւ չէ՝ դաշնակիցների հետ ինչ-ինչ պայմանավորվածությունները: Որքան էլ ասենք, որ համագործակցությունը պետությունների միջև է, միևնույն է՝ անձնական կապերը, հարաբերությունները իրենց «արժեքը» դեռ չեն կորցրել, ինչպես 90-ականներին:
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ըստ էության, պաշտպանության 4 նախարար է փոխվել, գործող Սուրեն Պապիկյանը 5-րդն է:
Վիգեն Սարգսյան (2016-2018թթ.)
2018-ի մայիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հրաժարական տվեց: Նույն օրը Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների 59 կողմ, 42 դեմ ձայնով ընտրվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ։
2018-ի ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով: ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարն այդ ժամանակ Վաղինակ Սարգսյանն էր:
ՊՆ-ն քննադատել էր այս քայլը՝ հայտարարելով, որ բանակը պետք է դուրս լինի քաղաքականությունից և քաղաքական գործընթացներից:
Այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ խոսքը 209 զինծառայողի մասին է, և հորդորել էր հաջորդ նախարարին՝ շատ կոշտ արձագանքել ծառայողական քննությունից հետո:
«Դա անթույլատրելի է և պետության համար կործանում է նշանակում, և դա է պատճառը, որ ես հորդորում եմ հաջորդ նախարարին անպայման անպատասխան չթողնել և ծառայողական քննությունը հասցնել ավարտին: Պետք է հասկանալ, թե ինչ ուժերի ազդեցության տակ, ինչպես և այլն»,- ասել էր նա:
Իհարկե, ոչ մի բան էլ տեղի չունեցավ, այն, ինչ ակնկալում էր Վիգեն Սարգսյանը:
Ինչևէ, Վիգեն Սարգսյանը դարձավ Ազգ-բանակ գաղափարի «կնքահայրը»:
2016-ին լրագրողների հետ զրույցում նա պնդել էր.
««Ազգ-բանակ» գաղափարը բացարձակ չի նշանակում՝ հասարակության զինվորականացում, այլ նշանակում է, որ պետության բոլոր կառույցները և հասարակությունը մշտապես պետք է իրենց ժամանակի մի մասը հատկացնեն երկրի անվտանգության և պաշտպանության խնդիրներին, իրենց ներդրումն ունենալ: Մենք այժմ աշխատում ենք այդ գաղափարախոսության գործնական կիրառման ուղղությունների վրա, և մոտ ապագայում մենք կտեսնենք դրանց կիրառումը քաղաքականության մեջ»:
Այս գաղափարախոսության համատեքստում 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար ժամանակ մշակվեց բանակի արդիականացման 2018-2025թթ. նոր յոթնամյա ծրագիրը, որի վրա աշխատել էր նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:
Յոթնամյա ծրագիրն առաջին համապարփակ փաստաթուղթն էր, որը հստակ ձևակերպում էր նպատակները, դրանց հասնելու քայլերն ու ուղիները՝ ինչ պետք է ունենանք զինանոցում, ինչ միջոցներ է պետք հատկացնել և ինչ հերթականությամբ։
Այսինքն, գործ ունեինք բանակի զարգացման զորային բաղադրիչի ճանապարհային քարտեզի հետ: Նշվում էր նաև, որ բանակում բարեփոխումներն իրականացնելու համար անհրաժեշտ են բանակի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր, որոնք պիտի ամրագրվեին տարեկան, ամսական ծրագրերով և ամենօրյա աշխատանքով, նախևառաջ՝ զորքերում, երկրորդը՝ պիտի կազմակերպվեին համապատասխան գնումներ, որովհետև նյութական բազան շատ կարևոր է։
Նպատակը՝ ԶՈՒ կառավարման համակարգի արդյունավետության կտրուկ բարձրացում, հրամանատարման նոր սկզբունքների ներդրում, զինանոցի հագեցում գերժամանակակից և պատերազմական պայմաններին համապատասխանող զենքով և զինամթերքով, անձնակազմի ուսուցում և ներդաշնակեցում` դրված խնդիրները նոր միջոցներով լուծելու համար։
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է: Դա նաև թելադրված է՝ ինչպես այսօրվա, այնպես էլ՝ ապագայի մարտահրավերներով: Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես՝ որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը,- ասել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և հավելել,- Մենք պետք է ունենանք աշխարհի ամենաարդիականացված բանակներից մեկը: Այսինքն` պետք է ունենանք շարունակաբար կատարելագործվող պետություն, որի շնորհիվ նաև արդիականացվում է բանակը: Դա հնարավոր է, և մենք ձեզ հետ, մեր ողջ հասարակության հետ միասին իրականություն ենք դարձնելու այդ նպատակը»:
Նիկոլ Փաշինյանն այս յոթնամյա ծրագիրը գրչի մեկ հարվածով ջնջեց, և նախապատերազմյան, պատերազմյան և հետպատերազմյան շրջանում իր գործողություններով ամեն ինչ արեց և անում է, որ չլինի հայկական կանոնավոր բանակ, ինչպես ցանկանում է Ադրբեջանի նախագահը:
«Հայկական բանակ այլևս չկա և չպետք է լինի։ Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի մեզ համար սպառնալիք ստեղծվի, կամ ազատագրված տարածքներ վերադարձող մեր քաղաքացիների համար վտանգներ ի հայտ գան»,- ընթացիկ տարվա փետրվարին հայտարարել էր Ալիևը, երբ Ադրբեջանում արդեն սկսել էին գործուն քայլեր անել՝ ստեղծելու թուրքական բանակի փոքր մոդել: Իսկ Վիգեն Սարգսյանին որքան էլ սկզբում ՊՆ-ում և ԳՇ-ում դժվար էին ընդունում, բայց կուլիսներում նրան համարում են լավագույն բարեփոխիչ նախարարը:
Դավիթ Տոնոյան (2018-2020թթ.)
Պատերազմից առաջ, ընթացքում և հետո, բնականաբար, Տոնոյանը թույլ է տվել լուրջ սխալներ, որոնք այլ քննարկման թեմա են: Մի բան պարզ է՝ նա գուցե փոքր-ինչ «թեթևացրեց» պաշտպանության նախարարի պաշտոնը՝ պատերազմից հետո խոստովանելով նաև, որ չի կարողացել հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները։ Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը և գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին և պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը։
Ամեն դեպքում, Տոնոյանը ևս հստակ տեսլական է ունեցել բանակի զարգացման: Մասնավորապես, նշվում էր, որ Զինված ուժերի երկարաժամկետ արդիականացման գործընթացը ներառելու է ռազմական հզորության բոլոր ոլորտները՝ առաջնագծում մարտական հերթապահությունից, հեռահար միջոցներով զսպումից, մարտական պատրաստությունից սկսած և վերջացրած ռազմական կառավարման համակարգով, մարտ վարելու նոր եղանակներով և կրթությամբ:
«Անշուշտ, առանցքային նշանակություն ունի զինված ուժերի զինանոցի համալրումը արդիական սպառազինությամբ, և այս գործում մեր աշխատանքներն իրականացնելու ենք ինչպես դաշնակից ու գործընկեր պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման, այնպես էլ՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման շրջանակներում:
Մեր վարած ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական քաղաքականությունը նախ մտասևեռված է զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հեռավորության, ճշգրտության և արդյունավետության ավելացման վրա, որի համար նախատեսվում է շարունակել բանակի զինանոցի համալրումը գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածի, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության ժամանակակից զինատեսակներով, ինչպես նաև առաջնահերթ բազմաֆունկցիոնալ ավիացիայով»,- գրված էր Տոնոյանի տեսլականում:
Ըստ Դավիթ Տոնոյանի, առաջնահերթությունից պետք է լիներ նաև հակառակորդի հետ անմիջական շփման բնագծերի շարունակաբար համալրումը արդիական տեխնիկական միջոցներով և մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացումը:
«Մենք պետք է առավելագույնի հասցնենք մի կողմից՝ հակառակորդի դիպուկահար կրակի, դիվերսիոն ներթափանցման և հարձակման նախապատրաստման փորձերի բացահայտման, հավաստանշման, թիրախորոշման և կրակային խոցման կարողությունները, և մյուս կողմից՝ յուրային անձնակազմի քողարկման, պատսպարման և պաշտպանվածության աստիճանը»,- խոստանում էր կալանավորման մեջ գտնվող նախկին նախարարը:
Ի դեպ, Տոնոյանն ունեցել է նաև գրոհային ստորաբաժանումներ ունենալու և զարգացնելու տեսլական: Մեր տեղեկություններով՝ Արտակ Դավթյանը դեմ է եղել Տոնոյանի՝ գրոհային ստորաբաժանումներ ունենալու տեսլականին:
Հավելենք, որ գրոհիչ խմբերի ստեղծման տարբերակով փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու փորձ դեռևս շատ վաղուց իրականացրել է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, երբ ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր:
Վաղարշակ Հարությունյան (2020-2021թթ.)
Վաղարշակ Հարությունյանի՝ Սյունիքի հետ կապված սև գործին և դրա «վտանգավոր» հետևանքներին 168.am-ն անդրադարձել է։ Բայց քանի որ քննարկում ենք հիմա նրանց պաշտոնավարման բովանդակային մասը, նշենք, որ նրա պաշտոնավարման օրոք սկսեցին խոսել ՌԴ աջակցությամբ բանակում բարեփոխումներից:
Փետրվարին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում Վաղարշակ Հարությունյանը ինչ-ինչ փակագծեր էր բացել:
«Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ միայն ծրագրվում են, այլ նաև անցկացվում են, ընդ որում, այս գործընթացին ամենայն անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները,- ասել էր Հարությունյանը և հավելել,- Իհարկե, հաշվի առնելով մարտական փորձը և Ղարաբաղում հայտնի իրադարձությունները, մենք արմատապես կվերանայենք խնդիրները. մարտական և թվային ուժի օպտիմալացում՝ հաշվի առնելով նպատակային խնդիրները, առաջին հերթին՝ մարտական բաղադրիչի ավելացման միջոցով, ընտրովի վերազինում զենքի և ռազմական տեխնիկայի նոր համալիրներով և համակարգերով՝ ըստ ոլորտների առաջնահերթության, կադրային ներուժի պահպանում, սպաների, քաղծառայողների և պայմանագրային զինծառայողների պատրաստվածության մակարդակի բարձրացում»,- ասել է Հարությունյանը:
Միևնույն ժամանակ, ըստ Հարությունյանի, հիմնական ջանքերը պիտի ուղղվեին կառավարման համակարգերի, հետախուզության, ՀՕՊ և անօդաչու ավիացիայի, հրթիռային ուժերի և հրետանու զարգացմանը: Թե ուր հասանք, այդպես էլ գաղտնի մնաց:
Ի դեպ, Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում բանակում կարգապահական լուրջ անկումներ եղան, ինչո՞ւ չէ՝ ՊՆ-ում: Քիչ չէին՝ հակաբանակային ակցիաները իշխանությունների կողմից ուղղորդված, այսինքն, գործ ունեցանք բանակի քաղաքականացման լեգիտիմացման փորձերի հետ: Չկրակելու հրամանի մասին վկայող բազմաթիվ տեսանյութեր էին շրջանառվում համացանցում և այլն:
Արշակ Կարապետյան (2021-2021թթ.)
Արշակ Կարապետյանի օրոք բարեփոխումների թեմայի մասին բովանդակային առումով ևս չեղան գաղտնազերծումներ: Բնականաբար, պարզ էր՝ շարունակվելու էր ռուսական գիծը, ընդ որում, հստակ պայմանավորվածությունների տեսքով՝ կապված սպառազինության մատակարարման հետ:
Արշակ Կարապետյանը անմիջական լավ շփումներ ուներ ռուսական կողմի հետ, իր քայլերը նրանց հետ էր համաձայնեցնում: Կարապետյանի ժամանակ որոշակի կարգ և կանոն հաստատվեց ՊՆ-ում, ասում են՝ բոլորին աշխատացնում էր, և նպատակ կար մինչև նոյեմբերի 15-ը դիրքերում վերացնել վրանները: Ըստ էության, նրա օրոք ՊՆ հաղորդագրության լեզուն փոքր-ինչ փոխվեց, և մենք երբեմն լսում էինք նաև հակազդող քայլերի մասին, ինչո՞ւ չէ՝ Սև լճի հատվածում ադրբեջանական դիրքի կողքին հայկական դիրք էինք դրել: Արշակ Կարապետյանը նաև խիզախեց և Արցախ գնաց:
Բայց հերթական անգամ անվտանգային բարդ իրավիճակում Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով ռազմական գերատեսչության ղեկավար փոխվեց, որի պատճառներին անդրադարձել ենք:
Փաշինյանը պաշտպանության նախարար նշանակեց ռազմական գործից և պաշտպանական քաղաքականությունից կիլոմետրերով հեռու Սուրեն Պապիկյանին, որին դեռ երկար ժամանակ ՊՆ-ում ստիպված են լինելու ռազմական գործի և պաշտպանական քաղաքականության այբուբենը սովորեցնել: Եվ որքան էլ նա ադեկվատ և աշխատասեր լինի, ռազմական ոլորտի նրբություններին մի քանի օրում և անգամ ամիսների ընթացքում հնարավոր չէ տիրապետել: Այս դեպքում առնվազն ծիծաղելի է Նիկոլ Փաշինյանի՝ պրոֆեսիոնալ բանակ կառուցելու խոստումները: Պատերազմից առաջ էլ նա խոստանում էր ստեղծել ամենաինտելեկտուալ բանակը:
Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, երբ ՀՀ ԶՈւ-ն մարտունակ բանակի համարում ուներ տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանի՝ Արցախն ամբողջովին գրավելու ծրագրերը կարողացել էր ձախողել՝ թե՛ 2016-ի Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ, թե՛ դրանից առաջ և հետո: ՀՀ զինված ուժերի բարձր վարկանիշը նաև միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցության շնորհիվ էր: Բանակի հանդեպ հատուկ վերաբերմունք կար ոչ միայն միջազգային համապատասխան կառույցների, այլ նաև հասարակության շրջանում, ուստի քայլելով և աշխարհաքաղաքական ինչ-ինչ կենտրոնների ջանքերով իշխանության եկած և «ժողովրդի իշխանության» աջակցությունը ստացած Փաշինյանը չէր կարող միանգամից վերցնել և, օրինակ, ասել՝ «նախկինների ստեղծած բանակը մարտունակ չէ», ինչն անում է այսօր:
Փոխարենը՝ Փաշինյանը հայտարարեց, որ բանակը կոռումպացված է, զինվորը որակյալ սննդի և ներքնաշորի՝ վարտիքի, և այլն, կարիք ունի: Այսինքն, այն, ինչ հասու է իր «ռազմական» գիտելիքներին և բանակի վերաբերյալ սահմանափակ իր պատկերացումներին: Բայց, որպեսզի ինտելեկտուալ ֆոն ապահովի և ցույց տա նաև, թե լուրջ բաներից գլուխ է հանում, 2019-ին մի քանի անգամ տարբեր առիթներով բանակում չծառայած Փաշինյանը խոստացավ՝ տարածաշրջանում ունենալու ենք ամենաինտելեկտուալ բանակը: Սակայն տրուսիկ-մայկա օպերացիայից այն կողմ չանցան: Իսկ մենք խաղաղություն պարտադրողից, անվտանգություն արտադրող երկրից վերածվեցինք խաղաղություն սպառողի, այսօր արդեն՝ մուրացող երկրի: Այս առումով Փաշինյանը համարժեք թեկնածու է ընտրել:
Մինչդեռ, ըստ օտարազգի մասնագետների, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ ունենալ փոքր, կոմպակտ և պրոֆեսիոնալ բանակ: Մենք պետք է կառուցենք մեր բանակը՝ ելնելով տոտալ պաշտպանության սկզբունքից: Այս իշխանությունների օրոք, ցավոք, սա պարզապես անհնար է, որովհետև Փաշինյանինը ձևի ճանապարհն է, բովանդակություն նրանից հնարավոր չէ ակնկալել, առավելևս՝ լրջագույն անվտանգություն ապահովող: