Արտակ Դավթյանը դե՞մ է եղել Տոնոյանի՝ գրոհային ստորաբաժանումներ ունենալու տեսլականին

2 տարի առաջ այս օրը՝ 2019-ի մարտի 30-ին, Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը փոխում է:

«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- ասել էր Տոնոյանը և հավելել, թե «ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ»:

Այնուհետ պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը նշել էր, որ խրամատային, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք:

«Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- ասել էր Տոնոյանը:

Հիշեցնենք, որ արցախյան վերջին պատերազմից հետո՝ 2021թ․հունվարի 18-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ոչ արդյունավետ էր համարել Տոնոյանի՝ Արցախի խնդրի վերաբերյալ «հուզական հայտարարությունները»:

«Ես կարծում եմ, որ ավելի լավ է խուսափել դրանից։ Մինչ 44-օրյա պատերազմը մենք ականատես ենք եղել հուզական հայտարարությունների՝ Ղարաբաղից կամ Ղարաբաղի վերաբերյալ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։ Բառը նյութական ուժ է ստանում։ Տվյալ դեպքում տարբեր կողմերից հնչող բառերը դարձան շատ բացասական նյութական ուժ»,- շեշտել էր Լավրովը։

Հավելենք, որ Դավիթ Տոնոյանի՝ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը և վերոնշյալ հայտարարությանը նախորդել էին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ընդլայնված կազմով և «տետ-ա-տետ» հանդիպումները:

Իսկ 1 տարի անց՝ 2020-ի փետրվարի 15-ին, Փաշինյանն Ալիևի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցած հրապարակային բանավեճ-քննարկումից հետո առաջ քաշեց նոր բանաձև՝ «չկան տարածքներ, կա անվտանգություն», ինչը, ըստ էության, որդեգրեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ երկրորդ պլան մղելով Արցախի կարգավիճակի հարցը:

Վերադառնալով գրոհային ստորաբաժանումների մասով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ 2019թ․ մարտի 30-ին Նյու Յորքում տված խոստմանը, նշենք, որ դրանից մեկ տարի անց՝ 2020թ․ հունիսի 9-ին, Տոնոյանը ներկայացրեց պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը, որտեղ դարձյալ խոսվում էր գրոհային ստորաբաժանումների ստեղծման կարևորության մասին:

«Մեր մարտական պատրաստությունը չի կենտրոնանում միայն պաշտպանության կազմակերպման վրա, այլ նոր՝ հարձակողական և գրոհային ստորաբաժանումների ստեղծմամբ հղկում է կանխարգելիչ գործողություններ կատարելու մարտավարությունը, իսկ մեր ռազմադիվանագիտական լեզուն չհանդուրժող է մեզ ուղղված սպառնալիքների հանդեպ»,- նշված էր Տոնոյանի տեսլականում:

Թե որքանով Տոնոյանի՝ գրոհային ստորաբաժանումներ ունենալու տեսլականը գործնականում ի կատար ածվեց, 168.am-ին տրամադրված տեղեկությամբ, պաշտպանության նախկին նախարարին հաջողվել է 4 նմանատիպ ստորաբաժանում ունենալ, և, որ այդ ժամանակ ԳՇ-ն՝ ի դեմս այդ ժամանակվա պետ Արտակ Դավթյանի, դրան դեմ է եղել:

Այսինքն՝ դրանց կառուցվածքը, գործառույթները, մարտավարությունը, մարտական պատրաստությունը, սպառազինությունը, տեխնիկան, համալրումն արվել է գրոհային սկզբունքով, բայց ոչ լիարժեք, այսպես ասած, կիսատ-պռատ, քանի որ ԳՇ-ն փորձել է դրանցից սարքել սովորական հրաձգային գումարտակ:

Մեզ փոխանցված տեղեկություններով, ամենաորակյալ գրոհային ստորաբաժանումը հաջողվել է ստեղծել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին, և, որ այն բավականին հաջողությամբ գործել է հուլիսյան գործողությունների ժամանակ: Իսկ մնացած տեղերում այն չէր հասցրել լավ «եփվել», կայանալ: Որպես կանոն՝ զրոյից ստեղծված ստորաբաժանումների կայացման համար պահանջվում է առնվազն երկու տարի:

Ի դեպ, մեր տեղեկություններով, Դրմբոնի ստորաբաժանումը վերջին պատերազմի ժամանակ առաջին օրն ընկել էր հակառակորդի կրակի տակ և ահագին կորուստներ տվել:

Հավելենք, որ գրոհիչ խմբերի ստեղծման տարբերակով փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու փորձ դեռևս շատ վաղուց իրականացրել է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, երբ ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր:

Տեսանյութեր

Լրահոս