«Երբ մենք ասում ենք՝ առաջարկն ընդունելի է ՀՀ-ի համար, դա չի նշանակում, որ առաջարկը 100%-ով համապատասխանում է Հայաստանի պատկերացումներին»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին։ Լրագրողը Նիկոլ Փաշինյանին նախ հիշեցրել է կառավարության վերջին նիստում նրա արած  հայտարարությունը, թե ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, և, որ այդ առաջարկությունն ընդունելի է Հայաստանի համար, ապա շեշտել, որ սա Ռուսաստանի Դաշնության չորրորդ նախաձեռնությունն է։

Հարցին՝ արդյո՞ք դրա բովանդակությունը տարբերվում է 2021 թվականի մայիսի 12-ից հետո արված 3 նման առաջարկներից, և ի՞նչ փուլում է այժմ այդ գործընթացը, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց․

«Երբ որ մենք ասում ենք՝ առաջարկն ընդունելի է Հայաստանի համար, դա չի նշանակում, որ առաջարկը 100%-ով համապատասխանում է Հայաստանի պատկերացումներին։ Մենք դրանով ուզում ենք ի ցույց դնել, բայց ոչ թե ձևական, այլ իրականում ի ցույց դնել, որ մենք ուզում ենք գնալ լուծումների։ Մենք նախկինում հանդես ենք եկել առաջարկություններով՝ զորքերի հայելային հետքաշում։ Ռուսաստանի Դաշնությունը դրանից հետո հանդես էր եկել առաջարկներով, որը լիարժեք մեր առաջարկների տրամաբանությանը չէր համապատասխանում, բայց ՌԴ-ն փորձ էր արել և փորձ է անում Ադրբեջանի և մեր դիրքորոշումներից ինչ-որ մի միջին բան դուրս բերել, և ես ուզում եմ բարձր գնահատել այս առումով ՌԴ նախագահի անձնական ջանքերը, ՌԴ ՊՆ-ի ջանքերը, ԱԳՆ-ի ջանքերը, և, երբ ես ասում եմ՝ ընդունելի, դա չի նշանակում, որ 100%-ով մեր պատկերացումներին համապատասխան, որովհետև, եթե 100%-ով մեր պատկերացումներին համապատասխան, նշանակում է՝ Ադրբեջանը դրա հետ չի համաձայնվելու, մենք պետք է գանք միջին տարբերակի, որ կներեք, «փազլ»-ի սկզբունքով պատկերացումներից ձևավորվի։ Գիտեք, ես պատրաստ եմ․․․ Ըստ էության այստեղ ոչ մի գաղտնիք չկա, բայց մյուս կողմից՝ դինամիկ պրոցես է գնում, որովհետև եթե ես հիմա ինչ-որ մի բան հայտարարեմ, որ՝ այ, սա է առաջարկել Ռուսաստանի Դաշնությունը, և մենք համաձայն ենք այս տրամաբանության հետ․ նախ՝ հրապարակման պահից այդ տրամաբանությունն այլևս գոյություն չի ունենա, քանի դեռ Ադրբեջանն էլ չի հայտարարել, որ ինքն ընդունում է։ Ես նկատի ունեմ՝ դիվանագիտական աշխատանք կա, որը հրապարակային դարձնելով՝ այդ աշխատանքը դադարում է գոյություն ունենալ, և պետք է ամեն ինչ սկսել զրոյից»։

Ճշտող հարցին՝ նախորդ 3 առաջարկությունների բովանդակությունը վերջինի բովանդակությունից շա՞տ է տարբերվում, Փաշինյանը բացասական պատասխան տվեց․

«Ո՛չ, շատ չի տարբերվում, շատ չի տարբերվում, բայց այստեղ խնդիրը ոչ միայն բովանդակությունն է․ Օրինակ, զորքերի հետքաշման գաղափար կա, գոյություն ունի, մենք ենք առաջ քաշել այդ գաղափարը, բայց հաջորդ պահին հարց է ծագում, իսկ ի՞նչ սկզբունքով և ո՞ր տարածքներում հայելային եղանակով հետ քաշել զորքերը, իսկ ի՞նչ կետի նկատմամբ հայելային եղանակով հետ քաշել զորքերը, իսկ ինչպե՞ս ապահովել երաշխիքը, որ այդ հայելային հետ քաշված զորքերը մեկ էլ մթության քողի տակ չեն սկսելու տեղաշարժվել իրենց տեղերը կամ նոր դիրքեր զբաղեցնելու։ Այս ամեն ինչը հարցեր են, ի վերջո, երբ ասում ենք՝ հայելային հետքաշում, նաև ի՞նչ նկատի ունենք, նկատի ունենք, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսի ընթացքում ի վերջո մենք ո՞նց ենք պատկերացնում՝ պետք է շարունակեն հրադադարի ռեժիմի խախտումներ, և բախումներ լինե՞ն։ Այդ ամբողջ պրոցեսն ի սկզբանե ձախողված է, եթե այդպիսի բան տեղի ունենա։ Հիմա հնարավոր է՝ Ռուսաստանը մի գաղափար առաջ քաշի, որը մեր առաջադրած խնդիրը, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսի ընթացքում պետք է բացառել ռազմական սադրանքները․ այսինքն, երբ մենք ասում ենք՝ զորքերի հայելային հետքաշում, նաև սա նկատի ունենք։ Շատ հնարավոր է՝ իրենք առաջարկեն մի մեթոդ, որը ձևի առումով այն չի, ինչ մենք ենք առաջարկում, բայց բովանդակության առումով ստեղծում է երաշխիք, որ ռազմական բախումներ տեղի չեն ունենա։ Մենք այս ամենի շուրջ աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, և այն, ինչ որ ես հիմա ասեմ, 2 ժամ հետո կարող է ձևափոխված լինի։ Ես կամ պետք է վերադառնամ էլի եթերում ասեմ՝ գիտե՞ք ինչ կա, այս նրբությունը փոխվել է, կամ պետք է ստացվի, որ ես խաբեցի հանրությանը։ սա է ամբողջ խնդիրը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս