Չորս տարի անց կառավարությունը դեռ փորձարկումներ է անում

Իշխանափոխությունից գրեթե չորս տարի հետո կառավարությունը դեռ փնտրտուքի մեջ է. փորձարկումներ է անում, թե ինչ անի, որպեսզի ներդրողները Հայաստանում խնդիրներ չունենան։ Այնինչ՝ ժամանակին հայտարարում էին, որ իշխանափոխությունից հետո ներդրողներն այլևս խնդիրներ չեն ունենա։ Սփյուռքից ու այլ վայրերից մեծածավալ ներդրումներ կգան Հայաստան, պայմաններ կստեղծեն, որ տնտեսության մեջ լուրջ զարգացումներ լինեն։

Չորս տարի հետո տեսնում ենք, որ այդպես չեղավ. ոչ միայն ներդրումներ չկան, այլև ներդրողները խնդիրների պակաս չունեն։ Հետաքրքիր է, որ դա ոչ միայն ներդրողները, այլև իշխանություններն են խոստովանում։

Ոչ վաղ անցյալում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հայտարարում էր, որ ներդրողները Հայաստանում բազմաթիվ բյուրոկրատական ու վարչարարական խնդիրների են բախվում՝ «Հայաստանում ներդրումների հետ կապված խնդիրները հիմնականում կայանում են նրանում, որ երբ մարդիկ ինչ-որ տեղ ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնում, դժվարություններ են առաջանում կառավարության կամ տարբեր տեսակի բյուրոկրատական շրջանակների հետ»։

Այլ կերպ, իշխանություններն իրենք են խոչընդոտում ներդրումների իրականացմանը։

Խոսքը պետական կառավարման այն համակարգի մասին է, որի գլխին նստած է Նիկոլ Փաշինյանը։

Ու եթե ներդրողները Հայաստանում բյուրոկրատական խնդիրների են բախվում, մեղավորն իշխանություններն են։ Սին էին այն հայտարարությունները, որ ներդրողներն այլևս Հայաստանում խնդիրներ չեն ունենա։

Այդպիսի հայտարարություններ իշխանափոխությունից հետո շատ ենք լսել, բայց տեսնում ենք, որ իրականությունը բոլորովին այլն է։ Ու հիմա, երբ վաղուց արդեն ներդրումների պակաս պիտի չունենայինք, կառավարությունը հերթական փորձարկումն է անում։

«Մենք անընդհատ տարբեր խնդիրներ ենք ունենում՝ կապված ներդրողների կողմից բարձրացվող հարցերի հետ, երբ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ ներդրումային ծրագրեր իրականացնելիս հանդիպում են ամենատարբեր բարդությունների: Մենք մի քանի անգամ ամենատարբեր ֆորմատներն ենք փորձարկել, թե ինչպես ի մի բերենք, քննարկենք և լուծումներ տանք այդ խնդիրներին, որպեսզի ներդրողների համար ներդրումային գործընթացն առավել սահուն ընթանա:

Այդ գործընթացի արդյունքում, ի վերջո, հանգել ենք եզրակացության՝ փորձարկելու հետևյալ լուծումը, որպեսզի վարչապետը, փոխվարչապետները և ճյուղային նախարարները ներգրավվեն Ներդրումների աջակցման կենտրոնի հոգաբարձուների խորհրդում: Բոլոր այն ներդրումային ծրագրերը, որոնք ուղեկցման անհրաժեշտություն ունեն, կքննարկվեն հոգաբարձուների խորհրդում, ըստ անհրաժեշտության՝ կհրավիրվեն նաև գործառույթ ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները, և սա կդարձնենք ներդրումային ծրագրերի քննարկման հարթակ»,- օրերս ներդրումներին նվիրված հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Այս հայտարարությունը վկայում է, որ նախկին բոլոր փորձերը ձախողվել են։ Ներդրողներն իշխանափոխությունից չորս տարի հետո էլ բազմաթիվ խնդիրների են բախվում ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում։ Չնայած այնպես չէ, որ ներդրումային ծրագրերը թափված են, եղածներն էլ ահա այսպես են փոշիանում։ Չորս տարում այդպես էլ չկարողացան դրական միջավայր ստեղծել ներդրումների համար։

Արդյունավետ կառավարման համակարգի պարագայում այդպիսի խնդիրներ չպիտի լինեին։ Բայց քանի որ կան, արդյունավետության մասին անիմաստ է խոսել։

Ընդ որում՝ խնդիրը միայն վարչարարությունն ու բյուրոկրատիան չէ։ Դրանք միշտ էլ եղել են ու այդ պայմաններում, եղել են նաև ժամանակներ, որ լավ էլ ներդրումներ են կատարվել Հայաստանում։ Խոսքը նույնիսկ ոչ թե՝ տեղական, այլ՝ օտարերկրյա ներդրումների մասին է։

Հիմա էլ կառավարչական ու բյուրոկրատական խնդիրներ կան, բայց ներդրումներ չկան։ Դրա պատճառը ոչ միայն կառավարչական ու բյուրոկրատական խնդիրներն են, այլև իշխանությունների ոչ պատշաճ վարքագիծը։

Մեկ անգամ չէ, որ այդ մասին ասվել է։ Ու թվում է, թե իշխանությունները դրանից հետևություններ պիտի անեին։ Բայց, ինչպես տեսնում ենք, ոչ միայն հետևություններ չեն անում, այլև շարունակում են նույն հետևողականությամբ քանդել ներդրումային միջավայրը։

Վերջին անգամ այդպիսի երևույթի բախվեցինք «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի» հետ կապված։ Իշխանություններն ինչ-որ մութ գործարքների արդյունքում, նախկին ներդրողին դուրս մղեցին ընկերությունից, իսկ նորից, անհասկանալի պայմաններում, «նվիրատվություն» տեսքով ստացան ընկերության բաժնետոմսերի մի մասը։

Տեղի ունեցավ սեփականության իրավունքի յուրահատուկ վերաբաշխում։ Մի բան, ինչը վաղը չի կարող վրիպել պոտենցիալ ներդրողի աչքից։

Սա իշխանության կողմից իրականացված համակարգված միջոցառում է՝ ի վնաս երկրի ներդրումային միջավայրի, որը չի կարող հետագայում իր բացասական հետևանքը չունենալ ներդրողների մտադրությունների վրա։ Դրանից հետո ինչքան էլ կառավարությունը փորձի ձև անել, թե մտածում է ներդրողների համար առկա խոչընդոտները վերացնելու, նրանց համար գործունեության նպաստավոր պայմաններ ապահովելու մասին, դրան ոչ մեկը չի հավատալու։ Չի հավատալու, որովհետև իրականում այլ բան են տեսնում։

Ներդրողների ու սեփականատերերի իրավունքների ոտնահարման հետ կապված օրինակները վերջին տարիներին բազմաթիվ են։ Եթե նույնիսկ վերացվեն բոլոր կառավարչական ու բյուրոկրատական խոչընդոտները, միևնույն է, դա շատ քիչ է մեծածավալ ներդրումներ ներգրավելու համար։

Մթնոլորտ է պետք փոխել ու լուծել այն բազմաթիվ անվտանգային խնդիրները, որոնց առաջ այսօր կանգնած է Հայաստանը։ Տնտեսությունն ամեն քայլափոխի բախվում է նոր մարտահրավերների ու ռիսկերի հետ։ Այսպիսի պայմաններում կառավարչական ու բյուրոկրատական խնդիրները նույնիսկ մանրուքներ են ներդրողների համար։ Շատ ավելի գլոբալ խնդիրներ կան։ Խնդիրներ, որոնց լուծումը պարզապես իշխանությունների կարողություններից դուրս է։

Քանի դեռ չեն լուծվել այդ խնդիրները, մյուսները երկրորդական, նույնիսկ երրորդական են։ Այդպիսի պայմաններում, լավագույն դեպքում, կգան այն մանր-մունր ներդրումները, որոնք վայելում են իշխանությունների հովանավորությունը։ Դրանից ավելի ակնկալիքներ պարզապես չպետք է ունենալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս