Մեծերի խնդիրները դեռ չլուծած՝ անցել ենք փոքրերին. Հանրային առողջության մասնագետը՝ երեխաներին պատվաստելու, դասերը հեռավար անցկացնելու, չվարակվելու մասին

Այն դպրոցները, որտեղ դասարանի 10 տոկոսի չափով կորոնավիրուսի դեպքեր կլինեն, կամ ուսուցչական կազմում կլինեն դեպքեր, այդ դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմին։ Այս մասին նոյեմբերի 8-ին ԱԺ հանձնաժողովներում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀ առողջապահության  նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ցավոք, համավարակը մտավ մեր կյանք, ու մենք որևէ ժամանակագրական պատկերացում չունենք՝ այն կավարտվի՞ երկու ամսից, վեց ամսից, մեկ տարուց, երկու տարուց։ Եթե նախորդ տարի կտրուկ լոքդաունները արդարացված էին ու թույլ տվեցին մեզ առողջապահական համակարգերը բերելու պատրաստվածության աստիճանի, դրանք անընդհատ պահպանելը երկարաժամկետ առումով բավական վնասակար հետևանքներ է ունենում»,- ասել է Ավանեսյանը՝ հավելելով, որ Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը իր ուղեցույցների մեջ նշել է, որ դպրոցների փակումը կամ կիսատ ռեժիմով վարումը պետք է հնարավորինս կարճ ընթացքներով իրականացնել, որովհետև կան երեխաների թե՛ հոգեկան առողջության, թե՛ զարգացման, թե՛ թերսնուցման ու մի շարք այլ խնդիրներ, որոնց վրա չի կարելի աչք փակել։

Շատ ծնողներ, սակայն, կարծում են՝ քանի որ Հայաստանում վարակելիության բարձր մակարդակ կա, որի մասին ամեն օր պաշտոնապես ահազանգում է Առողջապահության նախարարությունը, գուցե երեխաները ժամանակավոր դպրոց չգնա՞ն, քանի որ «Դելտա» շտամով ավելի շատ երեխաներն են վարակվում, որոնք դպրոցից վարակը կարող են տանը փոխանցել մեծահասակներին։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանից փորձեցինք ճշտել՝ որքանո՞վ են այս վախերը իրատեսական, ինչին ի պատասխան՝ նա ասաց.

««Դելտա» շտամով համեմատաբար ավելի շատ երիտասարդներ են վարակվում, բայց այնուամենայնիվ, իրենց վարակման ռիսկը անհամեմատ ավելի ցածր է: Երեխաների շրջանում վարակը, միևնույն է, մնում է շատ ցածր մակարդակի վրա: Ինչ վերաբերում է դասերին, ապա վերջին մեկ շաբաթում երկրում արձանագրում ենք համաճարակային իրավիճակի որոշակի կայունություն, և ամենայն հավանականությամբ այս շաբաթվանից սկսած կունենանք կորի ներքև գնացող հատված: Գագաթային ցուցանիշներն անցել ենք, ու այդ համատեքստում հավանական է ուսումնական պրոցեսի վերաբացում»:

Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց՝ կարևոր է, որպեսզի երեխաները հետևեն սանիտարահակահամաճարակային կանոններին: Կարևոր է, որ ծնողներն էլ պահանջեն, որպեսզի այդ կանոնները պահպանվեն դպրոցում:

«Երեխաները ևս ուշադիր պետք է լինեն, սակայն նրանք ավելի կարգապահ են ու օրինակ կարող են ծառայել:  Դասասենյակները պետք է օդափոխվեն, հետևեն ձեռքերի հիգիենային, և ինչքան հնարավոր է՝ պետք է կարողանան դիմակ կրել: Եթե օբյեկտիվ լինենք՝ այնպես չէ, որ երեխաները մնացին տանը, ոչ ոքի հետ չեն շփվելու: Դուրս են գալու բակ, սկսեն խաղալ»,- ասաց  Հանրային առողջության մասնագետը:

Ինչ վերաբերում է երեխաներին պատվաստելու նպատակահարմարությանը՝ Դավիթ Մելիք-Նուբարյանը նկատեց.

«Առայժմ երեխաները մեկ պատվաստանյութով կարող են պատվաստվել, դա «Մոդեռնան» է: Մնացած պատվաստանյութերն առայժմ հետազոտված չեն: Բայց ինձ թվում է՝ մեր հասարակությունում վաղ է այդ մասին խոսել: Մենք ունենք շատ լուրջ խնդիր՝ չափահասների պատվաստումը խթանելու գործում: Մեր խնդիրները դեռ չլուծած՝ անցել ենք փոքրերին: Կարծում եմ՝ ժամանակավրեպ քննարկում է մեր հասարակությունում, որևէ կերպ չի նպաստի պատվաստումների գործընթացին: Այդ մասին խոսում են այն երկրները, որոնք 80-90 տոկոսով պատվաստել են չափահասներին, և ուզում են երեխաների մոտ էլ պաշտպանիչ պատնեշ ստեղծել, որովհետև առհասարակ կորոնավիրուսի հարցն իրենց երկրներում գրեթե լուծված է: Բայց մենք դեռ չգիտենք՝ տարեցներին ինչպես մոտիվացնենք»:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը անդրադառնալով ախտանշաններին, որոնք հայտնվում են երեխաների մոտ՝ կորոնավիրուսով վարակվելիս, նշել էր, որ երեխաների մոտ ևս նույն ախտանշաններն են, ինչ մեծահասակների դեպքում է, ուղղակի երեխաներն ընդհանուր առմամբ ավելի թեթև են տանում:

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ կա նաև այլ շնչառական վիրուսների կտրուկ աճ, մանկական հիվանդանոցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում: Դրա համար կարևոր է, որ ծնողներն ուշադիր լինեն, առաջին հերթին դիմեն տեղամասային համապատասխան առողջության կենտրոն կամ պոլիկլինիկա: Երևանում նաև շաբաթ-կիրակի են աշխատում պոլիկլինիկաները: Կարևոր է, որ ծնողները լինեն միշտ շփման մեջ տեղամասային մանկաբույժի հետ, պոլիկլինիկա ավելի շուտ այցելեն, որպեսզի ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ: Երեխաների մոտ այլ շնչառական վիրուսներն ավելի մեծ խնդիր են, քան կորոնավիրուսային վարակը»,- ասել էր նա:

Մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանն էլ նշել էր, որ կորոնավիրուսը սովորաբար երեխաներն ավելի թեթև են տանում, քան մեծահասակները: Հիվանդությունն ընթանում է սուր շնչառական վարակի կլինիկական նշաններով։ Վիրուսով վարակվելու դեպքում հիմնական նշաններն են՝ դողը, ջերմության բարձրացումը, կոկորդի ցավը: Կորոնավիրուսով վարակվելու դեպքում երեխաները 2-3 օր ջերմում են, հետո գուցե մի քանի օր լինի փորլուծություն, ու առողջանում են:

«Փակ տարածքում, կարևորը, պետք է երեխաները կարողանան պահպանել 1.5 մետր սոցիալական հեռավորությունը, հաճախ ախտահանեն ձեռքերը, դիմակ կրեն: Տարրական դասարաններում այս ամենին պետք է ուշադիր լինեն ուսուցիչները: Ինչպես նաև դասամիջոցներին պետք է աշխատեն օդափոխել դասասենյակները»,- հավելել էր մանկաբույժը:

Տեսանյութեր

Լրահոս