«Երեխաների մոտ այլ շնչառական վիրուսներն ավելի մեծ խնդիր են, քան կորոնավիրուսային վարակը». ԱՆ գլխավոր մանկաբույժ
«Հայաստանում կորոնավիրուսով վարակված շուրջ 60 երեխա հոսպիտալացված է»,- այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը:
Նրա փոխանցմամբ՝ եթե մոտավորապես մեկ ամիս առաջ մենք խոսում էինք 30 երեխայի մասին, հիմա ընդհանուր դեպքերի ավելացման հետ, բնականաբար, նրանց թիվը ևս շատացել է:
«Երեխաների վիճակը, ի տարբերություն մեծահասակների՝ ավելի բարվոք է, մի քանիսի վիճակը ծանր է՝ կապված ուղեկցող հիվանդությունների հետ: Կան միջին ծանրության դեպքեր, որոնք կառավարելի են: Տարիքային խումբը՝ սկսած ամսականից մինչև 16, 17 տարեկանն է: Հոսպիտալացվածների մեջ մինչև 1 տարեկանների թիվն է շատ, ինչը բնական է, որովհետև յուրաքանչյուր շնչառական վարակի դեպքում մինչև 1 տարեկանների թիվն ավելի շատ է, քան 4-5-ինը»,- հայտնեց Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժը:
Հարցին՝ երեխաները հիմնականում վարակվում են դելտա շտամո՞վ, նա պատասխանեց. «Ամբողջ աշխարհում այս շտամն է շրջանառվում, ու դեպքերի ընթացքն իր առանձնահատկություններով համընկնում է: Համատարած դա է, 5-10 տոկոսը կարող է նախորդ շտամներից լինել»:
Մեր դիտարկմանը՝ ԱՄՆ-ում, Չինաստանում խոսում են 5-11 կամ 12 տարեկանից սկսած երեխաների պատվաստման մասին: Հնարավո՞ր է, որ ՀՀ-ում ևս նման որոշում ընդունվի, Սերգեյ Սարգսյանը նկատեց.
«Երեխաներին պատվաստելն այսօրվա դրությամբ մեր օրակարգում չէ, մնացածը կախված է միջազգային միտումներից: Չինաստանում 3 տարեկանից են թույլատրել պատվաստել, ԱՄՆ-ում և եվրոպական երկրներից շատերում առնվազն 12 տարեկանից պատվաստում են, քանի որ կարծում են, որ դա ևս նպաստում է համաճարակային իրավիճակի բարելավմանը և կանխում է երեխաների մոտ հիվանդության զարգացումը»:
Անդրադառնալով ախտանշաններին, ՀՀ Ան գլխավոր մանկաբույժը նշեց, որ երեխաների մոտ ևս նույն ախտանշաններն են, ինչ մեծահասակների դեպքում է, ուղղակի երեխաներն ընդհանուր առմամբ ավելի թեթև են տանում:
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ կա նաև այլ շնչառական վիրուսների կտրուկ աճ, մանկական հիվանդանոցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում: Դրա համար կարևոր է, որ ծնողներն ուշադիր լինեն, առաջին հերթին դիմեն տեղամասային համապատասխան առողջության կենտրոն կամ պոլիկլինիկա: Երևանում նաև շաբաթ-կիրակի են աշխատում պոլիկլինիկաները: Կարևոր է, որ ծնողները լինեն միշտ շփման մեջ տեղամասային մանկաբույժի հետ, պոլիկլինիկա ավելի շուտ այցելեն, որպեսզի ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ: Երեխաների մոտ այլ շնչառական վիրուսներն ավելի մեծ խնդիր են, քան կորոնավիրուսային վարակը»,- եզրափակեց Սերգեյ Սարգսյանը: