Օտարերկրացիները՝ մեր անշարժ գույքի շուկայում

Տնտեսական վիճակագրությունը շարունակում է փաստեր արձանագրել: Երբեմն՝ անկախ մեր կամքից ու ցանկություններից: Երբ մեր իշխանությունները դեռ նոր-նոր էին, վառվռուն խոստումներ ու կոչեր էին տալիս ու անում: Կոչերից մի քանիսը հայտնի սփյուռքահայերին էին ուղղված:

Հայտնի գործարարներին իշխանությունները կոչ էին անում ներդրումներ կատարել ու «բիզնես դնել» պատմական հայրենիքում: Իսկ հայտնի, բայց ոչ գործարար սփյուռքահայերին կոչ էին անում անշարժ գույք գնել (իմա՝ տուն-տեղ դնել) նույն պատմական հայրենիքում: Իշխանություններն այդ կոչերը հականե-հանվանե (անուն առ անուն) էին անում: Անփորձության պատճառով նրանց թվում էր, թե հայտնի սփյուռքահային հրապարակային անվանանշելու դեպքում նրանց այլ ելք չի մնա, քան բացել փողի քսակն ու անշարժ գույք գնել Հայաստանում:

Մեր վիճակագրությունը 2019թ. մարտից սկսեց հաշվետվություն տպել անշարժ գույքի շուկայում օտարերկրյա քաղաքացիների կատարած գործարքների մասին (բոլորի համար հասկանալի էր, որ որպես «տարերկրյա քաղաքացի» հաշվառվողների ճնշող մեծամասնությունը մեր հայրենակիցներն են): Բայց հենց առաջին ամսվա վիճակագրական տվյալները սպասվածը չէին: Մեղմ ասած: Որովհետև նախակովիդյան ու նախակապիտուլյացիոն 2019-ի մարտին օտարերկրյա քաղաքացիներն ավելի շատ վաճառել էին նախկինում գնված անշարժ գույքը, քան նորը գնել: 2019թ. մարտին նրանք 157 գույք էին գնել, իսկ վաճառել էին 320-ը: Այս հաստատված համամասնությունը (մեկ գնված գույքի դիմաց՝ երկուսը վաճառել), ցավոք, դեռ պահպանվում է:

Տնտեսական վիճակագրության կանոնների համաձայն՝ համեմատվում են նույն ժամանակաշրջանում արձանագրված տվյալները: Այդպես հնարավոր է ավելի օբյեկտիվ պատկեր ստանալ և հնարավորինս բացառել, օրինակ, սեզոնայնության գործոնը: Այս կանոնի պահպանմամբ կարելի է համեմատել վերջին երեք տարիների երկրորդ եռամսյակների տվյալները: Նախապես նշենք, որ 2020թ. երկրորդ եռամսյակի տվյալների վրա մեծ ազդեցություն ունի կովիդյան համարյա համաշխարհային լոքդաունը: Տեսեք, օտարերկրյա քաղաքացիները մեր երկրի անշարժ գույքի շույկայում 2019-ի երկրորդ եռամսյակում գնել են 540 գույք, վաճառել՝ 1041-ը: 2020թ. նույն ժամանակահատվածում գնվել է 155 գույք, վաճառվել՝ 324-ը:

Այս տարվա ցուցանիշները հետևյալն են՝ օտարերկրացիները գնել են 349 գույք, վաճառել՝ 797-ը: Նույն ժամանակաշրջանի համադրմամբ կարելի է նաև համեմատել անցած ու այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին գրանցված գործարքների քանակը: Անցած տարի հունվար-օգոստոսին օտարերկրացիները մեր երկրում գնել են՝ 879, իսկ այս տարի՝ 895 գույք: Վաճառքի թվերն ավելի անհամամասնական են: Անցած տարի վաճառած 1489 գույքի դիմաց այս տարի վաճառել են 1846 գույք (գնված մեկ գույքի դիմաց երկուսը վաճառելու համամասնությունը մոտավորապես պահպանվում է):

Այս ամենին զուգահեռ՝ մեր վիճակագրությունը փորձում է հաշվառել նաև, թե որ երկրների քաղաքացիներն են գործարքներ կատարում մեր անշարժ գույքի շուկայում: Համամասնությունները դիտարկենք օգոստոսի տվյալների վրա (այստեղ էլ ցանկացած ամսվա տվյալի մեջ արդեն ընդհանուր պատկեր կարելի է կազմել):

Օգոստոսին արտասահմանյան քաղաքացիները Հայաստանում գնել են 161 անշարժ գույք, վաճառել՝ 301-ը: Թե՛ առքի, թե՛ վաճառքի գործարքներում ամենամեծ բաժինն ընկնում է ՌԴ քաղաքացիներին: Ռուսաստանի քաղաքացիների մասնաբաժինը օգոստոս ամսին առքի գործարքներում մոտ 50 տոկոս է: Երկրորդ տեղում եվրոպական երկրների քաղաքացիներն են՝ գնումների 20 տոկոս ցուցանիշով, երրորդ տեղում ԱՄՆ քաղաքացիներն են՝ մոտ 11 տոկոս: Հաջորդիվ ԱՊՀ անդամ երկրների և Իրանի քաղաքացիներն են՝ 5-ական տոկոս մասնաբաժնով: Վաճառքի գծով ևս ամենամեծը ՌԴ քաղաքացիների մասնաբաժինն է՝ 85 տոկոս, երկրորդն ԱՊՀ քաղաքացիներն են՝ 6 տոկոս, երրորդը՝  ԱՄՆ քաղաքացիները՝ 5 տոկոս:

Եվրոպական երկրների քաղաքացիներին բաժին է ընկնում վաճառքների 2 տոկոսը: Ահա այսպես: Գնած մեկ գույքի դիմաց երկուսը վաճառելու գործող համամասնության մասին կարելի է պնդել հետևյալը՝ շուտով այդ համամասնությունը կխախտվի:

Բացառված չէ, որ առիթից օգտվելով՝ իշխանությունները սկսեն հպարտանալ՝ ասելով. «Նախկինում արտասահմանցիները մեր երկրում երկու գույք էին վաճառում ու գնում մեկը, իսկ հիմա վաճառվող գործարքների քանակը պակասում է»: Բայց դա իրականում տեղի կունենա այն պատճառով, որ ամսեամիս պակասում է օտարերկրյա քաղաքացիների նախկինում ձեռք բերած անշարժ գույքը:

Պարզ ասած, այդ գույքի քանակը շուտով կսպառվի: Կսպառվի, որովհետև թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իրավիճակը չի խրախուսում օտարերկրյա (նույնիսկ՝ մեր հայրենակից) քաղաքացիներին անշարժ գույք ձեռք բերել մեր երկրում:

Տեսանյութեր

Լրահոս