Կրթական համակարգը անդունդն են գլորում ու աննախադեպ տեմպերով քաղաքականացնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարել է, որ կրթությունն իրենց ուշադրության կենտրոնում է լինելու՝ հատուկ ընդգծելով գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Կրթությունն իսկապես նրանց ուշադրության կենտրոնում է, այս առումով Փաշինյանը չի խաբել, ուղղակի բացառապես ոլորտը հիմնովին քանդելու և բոլոր ուսհաստատություններն իրենց «բուռը հավաքելու» առումով:
Իսկ ընդհանրապես, փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանն ինչքան շատ է խոսում կրթության ոլորտի առանցքային նշանակության մասին, այնքան կրթության և գիտության ոլորտը հետ է գլորվում, իսկ ուղեղների արտահոսքը շարունակվում է։ Խնդիրն այն է, որ գործուղումների, պարգևավճարների, հազար ու մի մանրուքի վրա ահռելի ֆինանսական միջոցներ ծախսող իշխանությունը միայն հիմա է հազիվ խոսում կրթությանը և գիտությանը տրամադրվող գումարների ինչ-որ չափով ավելացումից, այն էլ, հաշվի առնելով արդի աշխարհում նկատվող միտումները և առկա պահանջները, նրանց նախատեսած բարձրացումն ընդամենը մի փոքրիկ կաթիլ է լինելու, որը ոչ մի հարց չի լուծելու։ Բացի այդ, իշխանություններին չի հետաքրքրում կրթության որակական կողմը և հեռանկարային ազդեցությունը, այլապես, օրինակ՝ հայագիտական առարկաները նրանց թիրախում չէին հայտնվի։
Մյուս կողմից էլ՝ ոլորտի պատասխանատուները հանրակրթության ոլորտի մակարդակը բարձրացնելու համար ատեստավորման գործընթաց են նախաձեռնել, որն անցնելու դեպքում պետք է ուսուցիչների աշխատավարձը բարձրանա։ Բայց այդ ատեստավորումը կրթության որակի մասով համարյա թե ոչինչ չի փոխելու, քանի որ կախված է ընդամենը թեստեր լրացնելուց ու հարցերին պատասխանելուց և բուն կրթական գործընթացի հետ որևէ կապ չունեն։ Բացի դրանից, ուսուցիչներից շատերը բողոքում են, որ ատեստավորման թեստերը կազմվում են բազմաթիվ սխալներով ու անճշտություններով։ Ստացվում է, որ կրթական համակարգի վրա ընդամենը հերթական անհաջող փորձարկումներն են արվում։
Կրթական որակի առումով անտեսված վիճակում են հայտնվել նաև բուհերը։ Ընդհանուր առմամբ, նրանք իշխանությունների ուշադրության կենտրոնում են, սակայն բացառապես այս ոլորտը ևս «զավթելու» իմաստով: Ընդդիմադիր Փաշինյանը անընդհատ աղմկում էր, թե նախկին իշխանությունները քաղաքականացնում են բուհերն ու դպրոցները: Ժամանակը ցույց տվեց, որ նույն նախկինները շատ «նայիվ» էին ուսհաստատությունների քաղաքականացման փաշինյանական տեմպերի համեմատ: Մի խոսքով, որքան էլ այս իշխանությունները կրթության կարևորության մասին ճառեր ասեն, միևնույնն է, իրենց քաղաքականությամբ ցույց են տալիս, որ կրթությունն իրենց համար հարգի չէ, ինչի ապացույցը նրանց վարած կադրային քաղաքականությունն է։
Դրա համար էլ իշխանությունների տեսանկյունից մերօրյա պաշտոնյաներն ինչքան անդեմ, անհայրենիք ու պրոֆեսիոնալիզմից հեռու լինեն, այնքան լավ, քանի որ նրանք ընդամենը խամաճիկի դեր կկատարեն ու ավելորդ խնդիրներ չեն ստեղծի։ Այդպիսի ցածր որակներ ունեցող մարդիկ են պաշտոնների նշանակվում, դրա համար էլ հանրության աչքին կրթության որակն ընկել է։ Բացի դրանից, իշխանությունները կրթության մասին բոլորովին թյուր մոտեցումներով են առաջնորդվում։ Օրինակ՝ Փաշինյանը կրթությունը պատկերացնում է միայն լեզուներ սովորելու համատեքստում, դրա համար էլ հայտարարում էր, թե առանց անգլերենի մոշ աճեցնել հնարավոր չէ, կամ կրթությունը դիտարկում է Mersedes G-ի վարելու ու ստեղծելու շրջանակներում։ Մեկ այլ դեպքում երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող անձը հայագիտությամբ զբաղվող գիտնականներին, որոնք կարևոր հասարակական առաքելություն են կատարում, անվանում էր թամադաներ ու կենաց ասողներ։
Այսպիսի իրավիճակում երիտասարդ սերնդի մոտ այնպիսի պատկերացում է ձևավորվում, որ եթե վարչապետն այսպիսի դիրքորոշում ունի, իրական կրթությունը չի գնահատվում, և ցանկացած անձ փողոցից կարող է հայտնվել բարձր պաշտոններում, ապա իրենց ինչին է պետք սովորելը։ Սրան էլ գումարվում է այն հանգամանքը, որ անցյալ տարի համավարակի պատճառով կրթական համակարգը լրիվ քաոսի էր մատնվել ու դա մեծապես ազդեց որակի վրա։
Մի խոսքով, մարդիկ հետևողականորեն քանդում են կրթական համակարգը: Հնարավոր է՝ ի թիվս այլ գործոնների, նրանց ձեռնտու չէ կիրթ, գրագետ հասարակություն ունենալը: Թե ինչու, արդեն քանիցս համոզվել ենք…»։