Ամուլսարի վերաբերյալ Ռոմանոս Պետրոսյանի և Փաշինյանի կարծիքները չեն համընկնում
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ այս փուլում հանքարդյունաբերության վերաբերյալ օրենսդրությունը հիմնավորապես փոխվում է՝ ուժեղացվում է վերահսկողությունը։
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն է ոլորտի վերահսկողական ինստիտուտը, որը գտնվում է վարչապետի աշխատակազմում։ Նրանց աշխատանքի արդյունավետությունից է կախված նաև մեր աշխատանքի արդյունավետությունը։ Շատ դեպքերում հայտնվում ենք կազուսային իրավիճակներում, երբ Շրջակա միջավայրի նախարարությունը գործընթացներ է մեկնարկում, բայց դրանց վերահսկողությունը հետագայում ճիշտ տանելու առումով, օրենսդրական բացերի առումով կազուսների ենք հանդիպում։ Ընդերք օգտագործողների դրամագլխի ինստիտուտ կա, որը գործում է 2005 թվականից: 2019 թվականից այդ գործառույթը վերապահված է մեր նախարարությանը։ Կառավարությունն արդեն նոր որոշում է ընդունել, որը հստակեցրեց դրամագլուխների վճարումների հետագա այդ միջոցների կիրառումն ապահովող միջոցառումներն ու կարգը։ Դրամագլխում այս պահին շուրջ 3 մլրդ դրամ գումար կա հավաքված, սակայն հանքարդյունագործների արած գործընթացների արդյունքում, այսօր կարողանում ենք միայն այդ գումարի մի մասն օգտագործել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոմանոս Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է Ամուլսարի շահագործմանը, Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ Ամուլսարի վերաբերյալ իրենց վերջին գնահատականներից հետո դեռ որևէ տեղաշարժ չի ֆիքսել Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։
«Ինքս իմ լիազորությունների շրջանակներում որևէ բան անելու մանդատ չունեմ՝ միջամտելու կամ ներազդելու գործընթացների վրա։ Քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել և վեր չի հանվել այն օբյեկտիվ իրականությունը, մենք չենք կարող գործել մեր լիազորությունների շրջանակներում։ Եթե քրեական գործի հանգուցալուծումից հետո վեր հանվի այնպիսի օբյեկտիվ իրականություն, որը կարող է ազդել տվյալ տնտեսվարողի ընդերք օգտագործման իրավունքի, ջրօգտագործման իրավունքի վրա, մենք մեր լիազորությունների շրջանակներում կմիջամտենք»,- հավելեց Ռոմանոս Պետրոսյանը։
Ըստ նրա, եթե տնտեսվարողը ցանկանա օգտագործել հանքավայրը, ապա նա այս պահին ունի բոլոր թույլտվությունները, լիցենզիաները, ընդերք օգտագործելու իրավունքը։
«Այն փոքր թույլտվությունը, որն ունի տնտեսվարողը, դա իրենց իրավունք է տալիս մեկնարկելու այդ գործընթացը»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ակնարկել էր, որ Ամուլսարը շահագործվելու է։