Փաշինյանի՝ ինքնաթիռով և ուղղաթիռով իրականացված չվերթերի վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի է

Հոկտեմբերի 27-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի  աշխատակազմ՝ հետևյալ հարցադրումներով.

1. Մեկ տարի առաջ Երևանից վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով մեկնում էր ՀՀ որևէ մարզ և ի պատասխան քննադատությունների՝ պարզաբանում.

«Նախ, եթե վերաձևակերպելու լինենք Օստապ Բենդերի խոսքերը, ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց: Եվ եթե պետք է ինչ-որ տեղ գնալ ուղղաթիռով, այս նույն մեքենան էլ ճոխ մեքենա է: Պետական պահպանության ենթակա անդամներին տրամադրվում են փոխադրամիջոցներ, որոնք անվտանգության ինչ-որ չափանիշների պետք է համապատասխանեն: Որ գրում են՝ ուղղաթիռով գնաց, այդ ուղղաթիռը պետական սեփականություն է, իմիջիայլոց, նաև ինքնաթիռը, մեքենան: Այդ ուղղաթիռը պարտադիր թռիչքային ժամեր ունի, աշխատանքային վիճակի լինելու իր արժեքը չկորցնելու համար պետք է թռնի: Ես ամիսներով չեմ օգտագործում, վերջին անգամ մի 4 ամիս առաջ եմ ուղղաթիռով գնացել: Ուղղաթիռի անձնակազմը պետք է դատարկ այդ ուղղաթիռը բարձրացնի, թռցնի, աշխատացնի, որպեսզի այդ ուղղաթիռը չփչանա»:

Վերջին մեկ տարում քանի անգամ է վարչապետն  ուղղաթիռով որևէ մարզ մեկնել, որտեղ է մեկնել վերջին անգամ այս փոխադրամիջոցով, և արդյոք 2020-ի համեմատ դրա ոչ հաճախակի շահագործումը չի հանգեցնում տեխնիկական այն խնդիրներին, որի մասին խոսում էր վարչապետը:

2. ՀՀ վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում քանի պետական ծառայողական մեքենա կա այս պահի դրությամբ, ո՞ր երկրի և ո՞ր թվականի արտադրության:

3. Ե՞րբ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացվել պատերազմի սկսման մասին և ումից:

4. Ե՞րբ է վարչապետն իմացել Հադրութի անկման մասին և ումից:

5. 2020-ի հոկտեմբերի 21-ին Nikkei ճապոնական պարբերականին տված հարցազրույցում Ալիևը խոսել էր Արցախի խնդրի կարգավորման բանակցությունները շարունակելու հնարավորության մասին, թեպետ արդեն արցախյան որոշ տարածքներ անցել էին իրենց վերահսկողության տակ:

«Նրանք (հայկական կողմը.- Մ.Պ.) պետք է լուրջ պարտավորություն ստանձնեն՝ ազատելու այդ շրջանները, որովհետև դա ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ երկու երկրների միջև համաձայնեցված հիմնարար սկզբունքների մաս է: Հիմնարար սկզբունքներում ասվում է, որ «օկուպացված տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին, մեր փախստականները և ներքին տեղահանվածները պետք է վերադառնան բոլոր «օկուպացված տարածքներ», այդ թվում՝ Շուշի:

Դրա համար ՀՀ կառավարությունը պետք է բացահայտ հայտարարի իր հավատարմությունն այս սկզբունքներին՝ տարածքների ազատման հետ կապված, որից հետո, իհարկե, կսկսվեն բանակցությունները: Հիմա մենք նախապայմաններ առաջ չենք քաշում, որ առաջին հերթին ազատվեն տարածքները, նոր սկսվեն բանակցությունները: Ներկա պահին մենք պահանջում ենք հայկական կողմից պատասխանատվություն ստանձնել խաղաղ բնակչության հանդեպ ռազմական հանցագործությունների համար, և անձամբ վարչապետից, որ նա հայտարարի՝ Հայաստանը կազատի «օկուպացված տարածքները»:

Սրանից հետո հակամարտության կարգավորումը, իհարկե, մարտի դաշտից կտեղափոխվի բանակցությունների սեղան»,- ճապոնական պարբերականին ասել էր Ալիևը:

Ինչո՞ւ  է ՀՀ վարչապետն անտեսել այս առաջարկը, սակայն մեկ օր հետո՝ հոկտեմբերի 22-ին,  «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում բարձրացրել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության հարցը, որի մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ էր խոսել:

6. Այս տարվա մայիսին «Արմենպրես»-ի տրամադրության տակ էր հայտնվել ԽՍՀՄ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի 1։100 000 մասշտաբով Թիվ J-38-21 քարտեզը, որի համաձայն՝ Սև լիճն (նիշը՝ 2657.5 մ) իր արևմտյան, հարավային և արևելյան ողջ ափեզրով գտնվում է Հայկական ԽՍՀ սահմաններում։

Ադրբեջանական ԽՍՀ տարածքում է գտնվում լճի հյուսիսային ափեզրի մի հատված՝ լճի ընդհանուր հայելու մոտ 10 % մակերեսով։ Սև լճից արևելք անմիջական հարևանությամբ գտնվող Սագի լիճը ըստ հիշյալ քարտեզի ամբողջությամբ գտնվում է Հայկական ԽՍՀ տարածքում։

Այսինքն, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սև լճի արևմտյան, հարավային և արևելյան ափեզրերի շրջանում ադրբեջանական զինուժի առկայությունը միանգամայն անօրինական է, իսկ հիշյալ տարածքների պատկանելությունը Հայաստանի Հանրապետությանը աներկբա է ու որևէ առումով չի կարող վիճարկվել։

Արդյոք ՀՀ վարչապետն այս հարցը բարձրացրե՞լ է, պատրաստվո՞ւմ է պաշտպանել ՀՀ-ի՝  «քարտեզային» իրավունքը:

7. Ե՞րբ է պատրաստվում Նիկոլ Փաշինյանն այցելել Արցախ։

Նոյեմբերի 3-ին ՀՀ վարչապետի աշխատակազմն իր ուղարկած գրության մեջ, ըստ էության,  պատասխանել է միայն մեկ հարցի:

«1. Հայաստանի Հանրապետության վարչապետի սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռից և ուղղաթիռից օգտվելու կարգը սահմանվում է ՀՀ վարչապետի գաղտնի որոշմամբ, հետևաբար, վերը նշված ինքնաթիռով և (կամ) ուղղաթիռով իրականացված չվերթների վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի է և ենթակա չէ հրապարակման։

2. ՀՀ վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված է 44 տրանսպորտային միջոց, որոնց վերաբերյալ հարցվող տեղեկատվությունը ներկայացված է ստորև բերված Աղյուսակ 1-ում»,- նշված է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի գրության մեջ:

Ինչ վերաբերում է պատերազմին, ռազմական դրվագներին,  արցախյան խնդրին, Փաշինյանի Արցախ այցելությանն  առնչվող հարցերին,  ապա վարչապետի անձնակազմից պատասխանել են.

«3-րդ և 7-րդ հարցադրումների առնչությամբ հայտնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. հոկտեմբերի 27-ին՝ Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նշված հարցադրումներին, և վարչապետի հնչեցրած պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունենք։

4-րդ, 5-րդ և 6-րդ հարցադրումների առնչությամբ հայտնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում, ինչպես նաև Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանների ժամանակ բազմիցս անդրադարձել է նշված հարցադրումներին»:

3-րդ  հարցի պատասխանը, թե ե՞րբ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացվել պատերազմի սկսման մասին և ումից, թերի է: Այո, հոկտեմբերի 27-ին նաև Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «սեպտեմբերի 27-ից 2 օր առաջ ինչ-որ ռադիոկլանում էր տեղի ունեցել, մի նախադասություն, որն այդ առումով շատ վստահելի էր թվացել»:

Սակայն մենք ցանկանում էինք լսել՝ արդյո՞ք պատասխանատու անձանցից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին չի տեղեկացրել պատերազմի սկսման մասին:

Նշենք, որ «Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն»կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հայտարարել է. «2020թ. սեպտեմբերի 2-ին ՌԴ Գլխավոր շտաբը զգուշացրել էր Հայաստանին պատերազմի սկսվելու մասին, և հենց նույն օրն Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր Նիկոլ Փաշինյանին»:

Ավելին, Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 3-ին մեկնել էր Մոսկվա, որի մասին հաղորդագրությունը ՊՆ-ից խնդրել էին հանել:

4-րդ  հարցին, թե ե՞րբ է վարչապետն իմացել Հադրութի անկման մասին և ումից, ըստ էության, Փաշինյանը չի պատասխանել երբեք: Այս տարվա ապրիլին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը միայն հայտարարել էր, որ Ադրբեջանը չընդունեց Հադրութի դեօկուպացիայի առաջարկը: Իսկ այս հարցը վարչապետին հասցեագրել ենք, որովհետև վերջերս մի քանի անգամ տարբեր առիթներով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պնդել է, թե ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին խաբել է Հադրութի անկման ժամկետների հարցում:

Արցախ մեկնելու հետ կապված հարցն ուղարկվել է, երբ դեռ Փաշինյանն ԱԺ-ում դրան չէր անդրադարձել, և ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից հետո գրավոր պատասխանելով մեր հարցադրմանը՝ վարչապետի աշխատակազմը կարող էր որևէ «անհրաժեշտություն հորինել»:

Նշենք, որ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր. «Հայաստանի տասնյակ պաշտոնյաներ այցելել են Արցախ, այդ այցելությունները լուսաբանվել են։ Ես ասել եմ՝ ըստ նպատակահարմարության՝ Արցախի նախագահի և իշխանությունների հետ կորոշենք»:

Ինչ վերաբերում է 5-րդ հարցին, ապա վարչապետի աշխատակազմը նկատի է ունեցել պատերազմը սկզբնական փուլում չդադարեցնելու Փաշինյանի առաջ քաշած պատճառները, «դավաճան» չհամարվելու հիմնավորումը:

ՌԴ նախագահ Պուտինի հիշատակած ԽՍՀՄ քարտեզների մասով Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դրանք «եթե ոչ՝ 100, ապա՝ 99 տոկոսով համընկնում են Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով նկարագրված ՀՀ-ին»։

Մինչդեռ մենք մեր հարցադրման մեջ հստակ ցույց ենք տվել, որ ԽՍՀՄ զինված ուժերի քարտեզով Սև լիճն իր արևմտյան, հարավային և արևելյան ողջ ափեզրով գտնվում է Հայկական ԽՍՀ սահմաններում, և որ ադրբեջանական ԽՍՀ տարածքում է գտնվում լճի հյուսիսային ափեզրի մի հատված՝ լճի ընդհանուր հայելու մոտ 10 % մակերեսով։ Այսինքն, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սև լճի արևմտյան, հարավային և արևելյան ափեզրերի շրջանում ադրբեջանական զինուժի առկայությունը միանգամայն անօրինական է:

Այսինքն՝ վարչապետը չի՞ պայքարելու այսօրվա անօրինականության վերացման համար, երբ Սև լիճն այսօր գրեթե ամբողջովին Ադրբեջանի հսկողության տակ է:

Տեսանյութեր

Լրահոս