Խոսուն դրվագներ. պատահականությո՞ւն, թե՞…
«Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հայտարարել է՝ «2020թ. սեպտեմբերի 2-ին ՌԴ Գլխավոր շտաբը զգուշացրել էր Հայաստանին պատերազմի սկսվելու մասին, և հենց նույն օրն Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր Նիկոլ Փաշինյանին»:
Իսկ հոկտեմբերի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էլ պատերազմի սկսման հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանը թարմացրել էր հիշողությունը և խոստովանել՝ «սեպտեմբերի 27-ից 2 օր առաջ ինչ-որ ռադիոկլանում էր տեղի ունեցել, մի նախադասություն, որն այդ առումով շատ վստահելի էր թվացել: Դա տեղի է ունեցել 1-2 օր առաջ»:
Բայց արի ու տես, այդ ժամանակ ՀՀ վարչապետի ռազմական հարցերով խորհրդականի պարտականությունները կատարող Արշակ Կարապետյանը որոշում է վերցնել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ սեպտեմբերի 2-ից սեպտեմբերի 29-ը՝ ներառյալ:
Վարչապետի համապատասխան որոշումը կայացվել է օգոստոսի 28-ին, և արձակուրդից հետկանչի որոշում մենք չգտանք: Սեպտեմբերի 28-ին, օրինակ, այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետ էր կանչվել արձակուրդից: Ի դեպ, մեր տեղեկություններով, դեռ օգոստոսից է պատերազմի սկսման տեղեկություն եղել: Ավելին, մեր տեղեկություններով, դեռևս օգոստոսին մարզպետներին ներքին հրահանգ էր տրվել՝ արձակուրդ չգնալ:
Արդյոք ՀՀ պաշտպանության գործող նախարար Արշակ Կարապետյանը վարչապետի խորհրդականի կարգավիճակում չէ՞ր ստացել պատերազմի սկսման մասին տեղեկություններ՝ ժամանակին ղեկավարելով ռազմական հետախուզությունը, իսկ գուցե իմացել էր և դրա՞ համար էր արձակուրդի այս ժամանակահատվածն ընտրել:
Իսկ գուցե բավարա՞ր են համարել 2020թ.-ի օգոստոսի 19-ին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական նշանակված Վաղարշակ Հարությունյանի խորհրդականի կարողությունները, ով 2020-ի նոյեմբերի 20-ից ազատվել էր այդ պաշտոնից: Ո՞վ գիտի՝ умом Аршаку не понять…
Այս համատեքստում հարկ է նշել, որ 2020թ. հունիսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գեներալ Օնիկ Գասպարյանին նշանակում է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
Ընդ որում, այդ պաշտոնում Օնիկ Գասպարյանը փոխարինում է Արտակ Դավթյանին, ով այդ պաշտոնին նշանակվել էր 2018-ի մայիսին: Ավելին, Արտակ Դավթյանին ազատում են համաճարակային իրավիճակում որդու հարսանիքը կազմակերպելու անհեթեթ պատրվակով, թեպետ ինքը՝ Դավթյանը, հերքում է ավելի ուշ՝ չմանրամասնելով պատճառը: Իսկ պատերազմից հետո՝ 2021 թվականի մարտի 22-ին, իրավունքի ուժով Արտակ Դավթյանը վերադառնում է ԳՇ պետի պաշտոնին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին: Ստացվում է, որ Արտակ Դավթյանը պատերազմից առաջ հեռանում է և վերադառնում է պատերազմից հետո: Երկրի Գլխավոր շտաբի պետին նման զավեշտալի պատրվակով չեն ազատում պաշտոնից:
Պատահականություննե՞ր են: