Պասերով խաղեր. թիրախում՝ գեներալներն ու Օնիկ Գասպարյանը

Այս օրերին, երբ լրանում է Հադրութի անկման մեկ տարին, ադրբեջանական և հայկական շրջանակներում ակտուալ և ակտիվ է Հադրութի անկման կամ գրավման թեման, ըստ էության, երկուսի դեպքում էլ թիրախում բանակն է. մի դեպքում՝ հաղթանակի, մի դեպքում՝ պարտության համատեքստում:

Այսպես.

Ադրբեջանական կողմ

-2021, հոկտեմբեր 10: Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հադրութի դիրքն առանձնահատուկ նշանակություն ունի ռազմավարական առումով, քանի որ լեռնային տարածք է:

«Ավանը շրջապատող բլուրները թույլ են տալիս վերահսկել ընդարձակ տարածք, և Հադրութը գրավելը շատ բարդ էր ռազմական տեսանկյունից: Միաժամանակ, Հադրութի գրավմամբ նոր հնարավորություններ բացվեցին մեր հետագա ծրագրերի համար: Պետք է ասել, որ Հադրութում հայկական կողմը համառ դիմադրություն է ցույց տվել, և Հադրութի շուրջ կատաղի մարտեր են ընթացել մի քանի օր»,- նշել է Ալիևը:

Այնուհետև շարունակել է. «Հայաստանի ղեկավարությունը և հայկական բանակը չէին սպասում, որ Ջաբրայիլից (Մեխակավան) հետո մենք կգնանք Հադրութ: Նրանք մտածում էին, որ մենք կշարժվենք Ֆիզուլիի (Վարանդա) ուղղությամբ: Եվ թեպետ Հադրութում մեծ քանակի կենդանի ուժ կար կենտրոնացած, այնուամենայնիվ, նրանք մեզ չէին սպասում»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ այն բանից հետո, երբ Հադրութի շուրջ լեռները «մաքրեցին», հասկացան, որ Հադրութ ավանը վերցնելը ժամանակի հարց է:

Ամիսներ առաջ ադրբեջանցի գնդապետ Թեհրան Մենսիմովը, ով Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարն էր, հարցազրույցներից մեկում ասել է, որ «Շուշին «ազատագրելու» օպերացիա սկսելու հրաման տրվել է հոկտեմբերի կեսերին, երբ մարտեր էին ընթանում Հադրութում և Ջաբրայիլում:

«Երբ մենք (հատուկ նշանակության ջոկատը.- Մ.Պ.) գնում էինք մասնակցելու Հադրութի շուրջ մարտերին, այդ ուղղությամբ կար մոտոհրաձգային բրիգադ՝ 2-րդ բանակային կորպուսի կազմում, որը պիտի սպեցնազի համար թև (ֆլանգ) ապահովեր: Բացատրում եմ ռազմական տերմինոլոգիայով: Օրինակ, սպեցնազը մտնում է, առաջ գնում հակառակորդի խորք և գրավում բարձունքներ: Սրան ի պատասխան՝ հակառակորդը թևերում հակագործողություն է իրականացնում, և որպեսզի ճնշվեն այս գործողությունները, գործի են դրվում մեր մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները: Այսինքն, մոտոհրաձգային ստորաբաժանումները շեղում են թշնամուն և հնարավորություն չեն տալիս շրջապատելու մեզ՝ հատուկջոկատայիններին: Այնտեղ կար ևս մեկ մոտոհրաձգային բրիգադ՝ 4-րդ բանակային կորպուսի կազմում, որը պետք է մեր հետևից գնար և ընդուներ մեր կողմից վերցված բարձունքները, որպեսզի մենք՝ հատուկջոկատայիններս, շարունակեինք առաջ գնալ: Հանուն ճշմարտության պետք է ասել, որ այդ ուղղություններում շատ դժվարություններ կային: Բայց խնդիր էր դրված, և հատուկջոկատայիններն այն կատարեցին՝ գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզաևի և մեր՝ Նախիջևանի առանձնակի համազորային բանակի: Միացրեցինք երկու հատուկ նշանակության ջոկատները, քանի որ մեր նախիջևանյան հատուկ նշանակության ջոկատն այդ տեղանքին ծանոթ չէր: Եվ սրա շնորհիվ մեզ հաջողվեց վերցնել Հադրութը, ռազմավարական նշանակության բարձունքներ, այդ թվում՝ Մամեդաձորի ուղղությամբ: Հետո մենք վերցրեցինք Շագախ գյուղը: Հադրութը և նրա շուրջ լեռները ելակետային էին Շուշիի վրա հարձակման գործում: 4 բնակավայրերը և ռազմավարական նշանակության բարձունքները վերցրել ենք 4 օրվա ընթացքում: Կար նաև մեզնից աջ ուղղությունը: Այս ուղղությամբ գործող խումբը գրավեց Գարակոլլու գյուղը, Էդիլլուն (Ուխտաձոր), Դյուդյուքչուն, Ախուլլուն (Հարթաշեն), Գորազիլլին, Պիրախմեդլին: Սրա համար պահանջվեց 4-5 օր, եթե չեմ սխալվում»,- ասել է ադրբեջանցի գնդապետ Թեհրան Մենսիմովը:

Հայկական կողմ

2021, հոկտեմբեր 9: Հադրութի համայնքի ղեկավար Վահան Սավադյանը «Սիվիլնեթի» հետ զրույցում՝ հարցին, թե ե՞րբ է եղել Հադրութ քաղաքի անկումը, պատասխանել է՝ էական չէ:

«Ամսի 10-ին (հոկտեմբերի.- Մ.Պ.) ժամը 11-ի սահմաններում թշնամին մտել է Հադրութ: Ամսի 11-ին Հադրութ մտել ենք, այնտեղ և՛ Հադրութի վարչակազմի ղեկավարն էր, և՛ ԱԱԾ պետն էր, մի շարք քաղաքացիներ, զինծառայողներ: Բայց պետք է ասեմ, որ ամսի 11-ին Հադրութի հարավային մասն ամբողջությամբ արդեն թշնամու վերահսկողության տակ էր»,- պատմել է նա և անդրադառնալով Հադրութի շրջանի գյուղերին, մասնավորապես՝ Առաքել-Բանաձոր հատվածներին, որոնք Ջաբրայիլի զորամասից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղերն են, նշել, որ դրանք արդեն հոկտեմբերի 8-9-ին անցել են ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ:

«Դիմադրություն եղել է, այդ հատվածում բանակն է եղել կանգնած՝ 3-4-րդ էշելոնով, բայց չի ստացվել»,- ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է, թե արդյո՞ք բարձունքներում խրամատավորում եղել է, Սայադյանը դրական պատասխան է տվել.

«Այո, կոնկրետ Խորհատի բարձունքը պաշտպանված է եղել: Ամսի 8-ին այդտեղ թեժ մարտեր են տեղի ունեցել»,- պնդել է Հադրութի քաղաքապետը:

Ըստ Սայադյանի՝ եթե կազմակերպված պաշտպանություն լիներ, Հադրութը հնարավոր կլիներ պաշտպանել:

Հետաքրքիր է, որ Սայադյանը ոչ մի մեղադրական սլաք չի ուղղում Արցախի ղեկավարության, ուժային կառույցների հասցեին, միայն առանց անուններ տալու, նշում է, թե գործող գեներալներից հետաքրքրված չեն եղել Հադրութի որևէ հատվածի պաշտպանությամբ: Թե ո՞ւմ նկատի ուներ՝ գուցե հետո պարզ կդառնա: Փոխարենը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում Հադրութի անկման մեղքը գցել է Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ Օնիկ Գասպարյանի «գրպանը»:

«Անցյալ տարվա այս օրը Հադրութը վերցրեցին բառացիորեն իմ աչքի առջև։ Վերցրեցին առանց Բայրաքթարների, առանց զրահատեխնիկայի, առանց ինքնաթիռների ու առանց քանակական առավելության։ Այո-այո։ Հադրութ մտած ադրբեջանցիք էապես ավելի քիչ էին, քան քաղաքում գտնվող մեր զորքերը (նշված ինֆորմացիայի հետախուզությանը անձամբ եմ մասնակցել)։ Եվ ոչ, էական դերն այս հարցում ԱԱԾ-ի բացահայտած դավաճանությունը չխաղաց։ Հադրութը գրավվեց բանակի որոշ պաշտոնյաների ու գլխավոր շտաբի բացարձակ անկոպիտենտության արդյունքում։

Այդ գեներալներն ու գնդապետերը (մեծ մասը) ունակ չէին պատերազմ վարելու։ Տեղի հրամանատարներից մինչև ԳՇ պետ որևէ մեկը չկազմակերպեց քաղաքի պաշտպանությունը։

Ավելին, ԳՇ-ն խաբում էր Նիկոլ Փաշինյանին ու հերքում էր Հադրութի կորստի փաստը։ ԳՇ-ն այն աստիճանի էր մոլորեցրել գերագույնին, որ նա ու իր թիմը չէին հավատում Արայիկ Հարությունյանի` Հադրութը կորսված լինելու մասին հավաստիացումներին։

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը վաղուց է հայտնի է սխալ մարդկանց վստահելու խասյաթով (հիշեք գոնե Վանեցյանին)։ Դավիթ Տոնոյանին, Օնիկ Գասպարյանին ու բանակի ղեկավարությանը իր անտեղի վստահելը շատ թանկ նստեց բոլորիս վրա։

Պահանջվեց 850 խաղաղ օր և 40 պատերազմական օր, որ Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ բանակից իրեն զեկուցած տեղեկությունները մեծամասամբ սուտ են»,-գրել է Դանիել Իոաննիսյանը:

Իհարկե, Դանիել Իոաննիսյանի այս գրառմամբ պետք է զբաղվի առնվազն Ազգային անվտանգության ծառայությունը՝ պարզելու համար, թե նա առհասարակ ինչ իրավունք ուներ «ինֆորմացիայի հետախուզությանը անձամբ» մասնակցելու և թե ինչ դերակատարում ու առաքելություն է նա ստանձնած եղել այդ օրերին: Բայց դրան կանդրադառնանք այլ հրապարակմամբ:

Իոաննիսյանի այս գրառումը բազմաթիվ հարցեր է առաջացնում.

առաջին՝ ինչո՞ւ մինչ այժմ Իոաննիսյանն այս մասին չի խոսել, ինչպե՞ս ու ինչո՞ւ է ինքը հայտնվել Հադրութում,

երկրորդ՝ չի՞ կարծում, որ մի գերագույն հրամանատարի, որին կարելի է խաբել, արդեն իսկ պարտությունն ապահովված է,

երրորդ՝ ինչո՞ւ Արայիկ Հարությունյանին այնքան չի վստահել Նիկոլ Փաշինյանը, որքան Օնիկ Գասպարյանին, թեպետ նման բան չի նկատվել,

չորրորդ՝ ինչո՞ւ է բացառում հանգամանքը, որ իրենց հերթին Արայիկ Հարությունյանը և Ջալալ Հարությունյանը կարող էին Օնիկ Գասպարյանին սխալ տեղեկություններ հաղորդել՝ լինելով Արցախում՝ անմիջապես ռազմաճակատում,

հինգերորդ՝ ինչո՞ւ էին, ինչպես ինքն է ասում՝ «անկոպիտենտ» գնդապետները, գեներալները, հրամանատարները նշանակվել պաշտոնների, կամ չեն փոխվել, Օնիկ Գասպարյա՞նն է նրանց նշանակել, թե՞ Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, պատերազմից առաջ կադրային փոփոխություններին 168.amանդրադարձել էր, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել պատերազմի պարտության մեջ:

Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի 10-ին Արցախի նախագահը եղել է Հադրութ քաղաքում, որտեղից վերադառնալուց հետո վստահեցրել էր, թե «իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ»:

2020թ. հոկտեմբերի 12-ին էլ այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էր վստահեցրել՝ «Հադրութ քաղաքը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ».

Վերադառնալով Իոաննիսյանի մեղադրանքներին. եթե ենթադրենք՝ բանակը, ԳՇ-ն չի կատարել պաշտպանական շրջանների մասով իր պարտականությունը, ապա քաղաքային հատվածների պաշտպանությունը ո՞վ պիտի ստանձներ, և ո՞վ է մեղավոր, որ քաղաքը լավ չի պաշտպանվել՝ Արցախի ԱԱԾ նախկին պետ Կամո Աղաջանյանը մեղավորություն չունի՞, Արցախի ղեկավարը մեղավորություն չունի՞….

Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ Հադրութի քաղաքապետի և Դանիել Իոաննիսյանի ասածներում համընկնում կա, ինչպես ասում են՝ խոսքները մեկ են արել, ավելի կոնկրետ՝ սրբացման և թիրախավորման օբյեկտները նույնն են: Պատահականությո՞ւն է դա, թե՞ հետաքրքրությունները, շահերն են նույնը, ժամանակը ցույց կտա, թեպետ նախկինների հանդեպ վերաբերմունքի հարցում համընկնում կա:

Նույն «գծի» մեջ են նաև Արծրուն Հովհաննիսյանի վերջին հարցազրույցները, որոնցում շեշտում է, որ ինքը հանրությանը փոխանցած տեղեկությունները ստացել է Գլխավոր շտաբից:

Իսկ թե ինչո՞ւ են իշխանությունները և իշխանամերձ շրջանակները նորից սկսել կազմակերպված թիրախավորել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, դարձյալ ժամանակը ցույց կտա:

Տեսանյութեր

Լրահոս