2022թ. հուլիսի 1-ից 2025թ. հունվարի 1-ը Երևանում աստիճանաբար չի գործի հիպոթեքային վարկը եկամտահարկով մարելու կարգավորումը
ՀՀ Կառավարությունը օգոստոսի 17-ին Ազգային ժողով է ուղարկել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է 2022թ. հուլիսի 1-ից հիպոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող ֆիզիկական անձի վճարած տոկոսների գումարային չափով եկամտային հարկը չվերադարձնել, եթե անշարժ գույքը կառուցվում կամ կառուցվելու է Երևան քաղաքում:
Հիշեցնենք, որ ավելի քան 5 տարի գործող այս կարգավորումը հնարավորություն էր տալիս վարձու աշխատողներին հիպոթեքային վարկի միջոցով ձեռք բերել արդեն կառուցված կամ կառուցվող բնակարան, և այդ բնակարանի համար վճարված գումարից ստանալ իրենց եկամտային հարկին հավասար գումարը: Այլ կերպ ասած՝ քաղաքացիները հնարավորություն ունեին մարել հիպոթեքային վարկը՝ օգտագործելով նաև իրենց եկամտային հարկը:
«Ավելի քան հինգ տարի գործողության մեջ գտնվող կարգավորումը սկզբնապես ընդունվել էր ընդգծված տնտեսական նշանակությամբ: Առանց սահմանափակումների, այն նախատեսում էր վճարված եկամտային հարկը վերադարձնել ֆիզիկական անձանց՝ հիպոթեքային վարկերի դիմաց վճարած տոկոսները փոխհատուցելու նպատակով: 2018 թ. արտոնության համակարգը փոփոխվել է՝ դրան տալով որոշակի սոցիալական ուղղվածություն: Սահմանվել է, որ մեկ մարդը կարող է ծրագրից օգտվել միայն մեկ անգամ, իսկ արտոնությունից օգտվելու նպատակով գնվող բնակարանի արժեքը սահմանափակվել է 55 մլն դրամով:
Արտոնության կիրառության տարիների ընթացքում և, հատկապես, վերջին երկու տարիներին Կառավարության ֆինանսական աջակցությունից օգտվող քաղաքացիների քանակը կտրուկ աճել է: Եթե 2015-2017 թվականներին ծրագրի նոր շահառուներ են դարձել տարեկան մոտ 800 մարդ, ապա 2018-2019 թվականներին շահառուների տարեկան աճը կազմել է մոտ 2000, իսկ 2020 թվականին՝ 5200 մարդ: Այս տարիների ընթացքում կտրուկ աճել են նաև պետական բյուջեից մեր հայրենակիցներին վերադարձվող եկամտային հարկի գումարները: Եթե 2016-2017 թվականներին պետական բյուջեից այս ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցների տարեկան աճը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, ապա 2019 թվականին աճը կազմել է 3.3 մլրդ դրամ, իսկ 2020 թվականին՝ 5.4 մլրդ դրամ՝ հասնելով 13.3 մլրդ դրամի: Ներկայումս ծրագրի շահառուների քանակը գերազանցում է 17 հազարը, իսկ այս տարեվերջին կկազմի ավելի քան 20 հազ. մարդ, որոնց միջին հաշվով պետական բյուջեից վերադարձվում է 1.1-ական մլն դրամ: Այս տարվա բյուեջից վերադարձված եկամտային հարկի հանրագումարը կկազմի մոտ 21 մլրդ դրամ: Այս ցուցանիշները վկայում են ծրագրային արտոնության՝ տնտեսական և սոցիալական ավելացող ազդեցության մասին»,- նշված է նախագծում:
Ծրագրի հեղինակների դիտարկմամբ՝ արտոնության արդյունքում լայն թափ ստացած կառուցապատման հիմնական ծավալը շարունակում է իրականացվել Երևանում, և միայն վերջին տարիների ընթացքում է, որ նկատվում է կենտրոնից կառուցապատման հեռացվածության ավելացում: Հեղինակների համար առավել մտահոգիչ է, որ Երևանից դուրս բնակարանաշինությունը դեռևս աննշան չափով է կրում այս արտոնության դրական ազդեցությունը, ու Երևանից դուրս իրականացվող կառուցապատման ծրագրերի շահառուների քանակը չի գերազանցում ընդհանուրի 7%-ը:
Հաշվի առնելով այս ծրագրի տնտեսական և սոցիալական զգալի ազդեցությունը՝ սույն փոփոխությամբ առաջարկվում է արտոնությանը տալ ուղղորդող այնպիսի նշանակություն, ինչը կխրախուսի բնակարանային նոր կառուցապատման ավելի համաչափ տարածքային բաշխվածությանը, ինչպես նաև ավելի ընդգծել ծրագրի սոցիալական նշանակությունը: Առաջիկա 3 տարիների ընթացքում այդպիսի ուղղորդումը կազդի Երևանում բնակարանային շինարարության բաշխվածության վրա, իսկ դրանից հետո կառուցապատման հիմնական ծավալները կտեղափոխեն Երևանից դուրս գտնվող քաղաքային և գյուղական բնակավայրեր:
Նախագծով առաջարկվում է Երևան քաղաքի վարչական սահմաններում ըստ գոտիականության և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը: Մասնավորապես՝ սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չէ՝
ա. 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի առաջին գոտում,
բ. 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երկրորդ գոտում,
գ. 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երրորդ գոտում,
դ. 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի այլ գոտիներում:
Որպես արդյունք՝ կառավարությունը նպատակ ունի ապահովել այնպիսի միջավայր, երբ առաջիկա 3 տարում նոր կառուցապատումները կուղղվեն դեպի 4-րդ և ավելի բարձր գոտիներ, իսկ 2025թ.-ից՝ նաև Երևանից դուրս գտնվող բնակավայրեր: