«ՀՀ-ն պետք է համակ ուշադրությամբ հետևի Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացներին». արաբագետ
Միջազգային լրահոսի առաջին էջերում է Աֆղանստանում իրավիճակը: Հիշեցնենք՝ «Թալիբան» արմատական շարժումը օգոստոսի 15-ին գրավել էր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը՝ զբաղեցնելով կառավարական ուժերի լքած պետական հիմնարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել էր երկրից։
Ավելի ուշ թալիբները հայտարարել էին նաև Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին:
168.am-ի հետ զրույցում արևելագետ Արմեն Պետրոսյանը նշեց, որ Աֆղանստանում ծավալվող զարգացումները մեր տարածաշրջանին և մասնավորապես Հայաստանին առնչվում են մի քանի ուղղություններով, ապա մանրամասնեց.
«Առաջինը՝ Աֆղանստանը սահմանակից է ՀԱՊԿ անդամ Տաջիկստանին, և հետևաբար՝ այդ տարածաշրջանում հնարավոր անվտանգային մարտահրավերներին սեփական կանոնադրության շրջանակներում դիմագրավելու վերաբերյալ արդեն իսկ հայտարարել է կազմակերպությունը, իսկ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ-երկիր, կառույցի առավել առարկայական գործողությունների հնարավորության դեպքում միանշանակորեն պարտավոր է որոշակի ներգրավվածություն ունենալ:
Երկրորդը, ինչպես գիտենք, արդեն մի քանի ամիս է՝ Թուրքիան է ձգտում որոշակի ներգրավվածություն ունենալ աֆղանական գործընթացներում: Դեռևս հունիսի կեսերին Թուրքիայի նախագահն ԱՄՆ իր գործընկերոջ հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանը վերահսկելու վերաբերյալ: Այդ պայմանավորվածությունը համաձայնեցվել էր նաև Աֆղանստանի արդեն նախկին կառավարության հետ, ինչը, սակայն, բացառվել էր «Թալիբան»-ի կողմից, որն այսօր փաստացի վերցրել է Աֆղանստանի իշխանության ղեկը: Հետևաբար, եթե Թուրքիան ծրագրեր ունի ապագայում ևս գործելու Աֆղանստանում, ապա միանշանակ է, որ դա կարող է որոշակիորեն խնդրահարույց լինել Անկարայի համար»:
Արևելագետը հավելեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո որակապես նոր մակարդակի բարձրացած թուրք-ադրբեջանական համագործակցությունը կարող է դրսևորվել նաև այս զարգացումներում.
«Միանշանակ է՝ Թուրքիային իր այդ ծրագրերի իրականացման գործում հնարավորինս աջակցելու է նաև Ադրբեջանը: Այս օրերին անգամ Քաբուլի օդանավակայանում, որտեղ դեռևս շարունակում է իր գործունեությունն ավելի քան 500 հոգանոց թուրքական զորակազմը, նրանց կողքին են նաև 100-ից ավելի ադրբեջանցի զինծառայողներ»:
«Երրորդ առնչությունը պայմանավորված է Աֆղանստանի՝ Իրանին սահմանակից լինելու հանգամանքով, և Աֆղանստանում գործընթացների վերահսկողությունից դուրս գալու հավանականությունը, այսինքն՝ աֆղանաիրանական սահմանին իրավիճակի հնարավոր վատթարացումը միանշանակորեն նոր խնդիրներ է առաջացնելու Իրանի համար: Այս խնդրահարույց իրավիճակը որոշակիորեն կարող է ազդել Իրանի հարավկովկասյան քաղաքականության վրա, որը հետպատերազմյան ժամանակաշրջանում կենտրոնացել էր այս տարածաշրջանի վրա՝ Հայաստանի հետ համագործակցության շեշտադրմամբ առաջ մղելով տարաբնույթ ծրագրեր՝ նույն Պարսից ծոց-Սև ծով միջանցքի կենսագործումը, Հայաստան-Իրան և՛ տրանսպորտային, և՛ տնտեսական տարաբնույթ նախագծերի ակտիվացումը և այլն»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը:
Հարցին, թե ինչպե՞ս պետք է տարածաշրջանային նոր իրավիճակում դիրքավորվեն ՀՀ իշխանությունները, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Հայաստանի Հանրապետությունը պետք է նախևառաջ համակ ուշադրությամբ հետևի Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացներին՝ հաշվի առնելով առնվազն նշածս իրողությունները, այս հիմնախնդիրը որևէ հարթությունում կարող է առնչվել նաև Հայաստանին:
Հաշվարկել գործողությունների որոշակի սցենարներ՝ և՛ ՀԱՊԿ-ի դերակատարման հետ կապված, և՛ Իրանի հետ առնչվող իրավիճակի, և՛ մարդասիրական հիմնախնդիրների վերաբերյալ, ճկուն և նախաձեռնողական քայլերի սցենարներ նախապատրաստել հնարավոր զարգացումներում որոշակի հաղթաթղթեր ձեռք բերելու նպատակով: Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ՀՀ-ն շատ ավելի ակտիվ ու օրինակելի մոտեցում պետք է ցուցաբերի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր սահմաններին Ադրբեջանի ագրեսիայի հարցի առնչությամբ ՀԱՊԿ-ի մոտեցումն ու դերակատարումը չէր բխում Երևանի շահերից։ Հետևաբար՝ Հայաստանի համար ստեղծվել է իրավիճակ իր սեփական դերակատարմամբ ցույց տալու, թե ինչպես պետք է գործի իրական ռազմաքաղաքական դաշինքը նրա անդամ պետությանը պատուհասած անվտանգային մարտահրավերի պայմաններում՝ մանավանդ, որ առաջիկայում հենց ՀՀ-ն է ստանձնելու կազմակերպության ղեկավարումը»:
Հիշեցնենք՝ դեռ հուլիսին Տաջիկստանը դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ Աֆղանստանի հետ սահմանը պաշտպանելու հարցում օգնության համար: «Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել՝ օգնելու Տաջիկստանին սահմանին անվտանգության ապահովման գործում»,- հուլիսի 6-ին ասել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
Երեկ արդեն տեղեկացանք՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ սկսվել է ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունների նախապատրաստումը, որոնք առաջիկա ամիսներին կանցկացվեն տաջիկաաֆղանական սահմանի մերձակայքում:
Ի դեպ, Mehr գործակալությունն էլ փոխանցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի արձագանքը վերջին իրադարձություններին:
«ԱՄՆ-ի ռազմական պարտությունը և հեռանալն Աֆղանստանից հնարավորություն են ընձեռում կյանքի, անվտանգության վերականգնման և կայուն խաղաղության հաստատման համար այդ երկրում»,- նրա խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը։
Նախագահի խոսքով՝ «Թեհրանը ջանքեր կգործադրի կայունության հաստատման համար, որն Աֆղանստանի առաջնահերթ պահանջն է»:
«Որպես եղբայրական հարևան երկիր՝ բոլոր խմբերին հրավիրում ենք հասնելու ազգային հաշտության»,- ասել է նա:
Հիշեցնենք նաև՝ սույն թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը: