Այ քաղաքական անմեղսունակնե՛ր, բա որ 92-ին Արցախը տվել էինք, 2016-ին Ռոբերտ Աբաջյանն ի՞նչն էր պաշտպանում. Էդուարդ Շարմազանով
Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքներից՝ քաղաքական մեծամասնության որդեգրած քաղաքականության պատճառով որևէ դրական ակնկալիք չունի, քանի որ շարունակում է իշխանության ղեկին գտնվել կապիտուլյացիոն մի ռեժիմ, որն ադեկվատ չի արձագանքում այն անվտանգային մարտահրավերներին, որի մեջ է հայտնվել Հայաստանը հենց իրենց պատճառով։
168 TV-ի«Ռեվյու» հաղորդաշարի եթերում Էդուարդ Շարմազանովն իրավիճակը մեղմող գործոն համարեց խորհրդարանական ընդդիմության միասնական աշխատանքը։
«Հասել ենք մի վիճակի, որ մի նորելուկ ինչ-որ մեկը կարող է Ազգային ժողովում նստած՝ Շուշին ազատագրած Արցախի հերոսին վիրավորի ու դաս տա։ Էլ ինչի՞ մասին կարող է խոսք գնալ, երբ սրանք առաջնորդվում են՝ մենք շատ ենք, ինչ ուզենք՝ կանցկացնենք սկզբունքով։ Իսկ ինչ վերաբերում է նրանց կողմից անընդհատ Մարտ 1-ի գործին անդրադառնալուն, ապա հարց է առաջանում, թե ո՞վ է խոսում Մարտի 1-ի տասը զոհերի մասին, խոսում է մի քաղաքական ուժ, որը հազարավոր երեխաների տարել է մսաղաց։ Հոկտեմբերի 19-ից հետո օրը միջինը 200 զոհ ենք տվել սրանց պատճառով, ու իրենք խոսում են Մարտի 1-ի տասը զոհի՞ց։ Սրանց նպատակն է՝ նման թեմաներով սերունդների առաջ ամենամեծ մեղքը թողնենք մի կողմ ու խոսենք, թե Նիկոլը, Ալենը ի՞նչ ասացին, կամ ի՞նչ պատասխանեցին, մինչդեռ մենք պետք է մեր ժողովրդին ասենք, որ սրանք պատերազմ են բերել մեր երկիր, իսկ եթե համեմատում են 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետ, ապա պետք է սրանց հիշեցնեմ, որ 2016 թվականին ամբողջ միջազգային կառույցները Հայաստանի կողքին էին, 2020 թվականին Հայաստանը մնաց մենակ»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ գործող իշխանությունը որքան էլ նեղվի «կապիտուլյանտ» ձևակերպումից, միևնույն է՝ կատարվածը պատմական փաստ է։
«Նրանք կապիտուլյանտ են, հողատու և դավաճան։ Սրանք հայհոյանք չեն, սա քաղաքական գնահատական է, որովհետև Նիկոլ Փաշինյանը նախապես ընդդիմության հետ հանդիպել ու ասել է, որ պարտվում ենք, միակ հույսը ՌԴ-ի միջոցով պատերազմը կանգնեցնելն է, բայց դրա հաջորդ օրը պատերազմը չի կանգնեցրել ու հայտարարել է՝ սա Սարդարապատ է»,- ասաց Շարմազանովը։
Անդրադառնալով իշխանական պատգամավորներից մեկի այն հայտարարությանը, թե Արցախը կորցրել ենք դեռևս 1992 թվականին, Էդուարդ Շարմազանովը հակադարձեց.
«Բա այ կապիտուլյանտներ, եթե 1992 թվականին հանձնել էինք, ինչպե՞ս է 1994 թվականին հաղթական զինադադար կնքվել, բա եթե 1992 թվականին էինք հանձնել, ձեր շեֆ Նիկոլը ինչպե՞ս էր պարում Շուշիում, բա թող հիմա էլ գնա ու պարի։ Մեկն էլ կար, ասում էր՝ Աղդամը մեր հայրենիքն է, դե հիմա գնացեք նուռը քաղեք։ Բա եթե 1992 թվականին էինք հանձնել, այ քաղաքական անմեղսունակներ, Ռոբերտ Աբաջյանը 2016 թվականին ի՞նչն էր պաշտպանում։ Բարոյականություն ունեցեք՝ գոնե՛ լռեք։ Այս խորհրդարանն էլ է անցնելու, բայց պատմության մեջ Նիկոլը մնալու է՝ որպես կապիտուլյանտ»:
Շարմազանովը շեշտեց, որ խորհրդարանական մեծամասնությունը, ստելուց բացի, լուծում է այլ խնդիր՝ շեղել ուշադրությունն այն անվտանգային խնդիրներից, որում հայտնվել է Հայաստանը Ալիևին տված խոստումների պատճառով։
«Ամբողջ կռիվը գնում է միջանցք կոչվածի վերահսկողության շուրջ։ Իրանը չի ցանկանում, որ միջանցքի վերահսկողությունն իրականացնեն թուրքական ուժերը, մյուս կողմից՝ երկու համանախագահ պետությունները չեն ուզում, որ մեծ դերը այստեղ ստանձնի Ռուսաստանը։ Փաստ է, որ որոշումը կայացվելու է ի հաշիվ այն երկրի, որի իշխանությունն ապազգային է, իսկ քանի որ ՀՀ-ում հենց այդպիսի իշխանություն է, լուծվելու է մեր հաշվին։ Ես չեմ բացառում, որ միջանցքի վերահսկողությունը տալու մասով բանակցեն նաև թուրքերի հետ. չէ՞ որ պատերազմի օրերին վարչապետի ընտանեկան թերթում հրապարակվեց հոդված, որ կարող ենք ռուսներին «քցել», բանակցել թուրքերի հետ։ Ռուսներին «քցելու» խնդիրը կա, դրա համար էլ Ռուսաստանն իր սահմանապահ ուղեկալները բերում և տեղակայում է արդեն Տավուշում»,- ասաց Շարմազանովը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում