«Ժողովրդի հացը կտրում են, ի՞նչ ապագա․․․»․ բողոքի ակցիայի մասնակից
Կառավարության շենքի դիմաց այսօր առավոտյան բողոքի ակցիա էին անցկացնում «Դինամո» հանրապետական մարզադաշտի մոտ գտնվող «Քրջի շուկա» անունը ստացած շուկայում հնամաշ իրերի առևտրով զբաղվողները։
Ակցիայի մասնակիցներից Տիգրան Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք լավ օրից չէ, որ այդ շուկայում են աշխատում, իսկ իշխանությունների նման որոշումը իրենց զրկել է օրվա հացը վաստակելու հնարավորությունից․
«Մենք տարիներ առաջ էլ, հիմա էլ, ամեն մեկն իր սոցիալական ծանր վիճակից ելնելով՝ Գնունի բազարի մոտ առևտուր էինք անում, որպեսզի ընտանիք պահեինք, բայց մեզ ներկա պահին հանեցին և արդեն 4-րդ շաբաթն է՝ թույլ չեն տալիս առևտուր անենք։ Չէ՞ որ մարդ լավ վիճակից, լավ կյանքից չի, որ գնացել է այդտեղ, մարդ կա՝ իր տան եղածն է վաճառում կամ մի գործ է ձեռնարկում, որ ընտանիք պահի։ Արդեն 4 շաբաթ, մարդիկ ի՞նչ աշխատեն, տուն ի՞նչ տանեն։ Խնդրում եմ, որ աջակցեն, մնանք մեր տեղը»։
Տղամարդն անդրադառնալով իշխանությունների տված խոստումներին, թե իբր մարդիկ ավելի լավ կյանքով են ապրելու, ասաց․
«Ասում էին, որ ապագա կա, ձևակերպել էին, որ աշխատատեղեր են բացվելու, կանաչ ապագա կա, բայց, որ ժողովրդի հացը կտրում են, ի՞նչ ապագա․․․»։
Ակցիայի մասնակիցներից Լևոն Նավասարդյանն էլ ասաց.
«Մենք ֆոկուսնիկ ենք, ֆոկուս ենք անում, 2 օր աշխատում ենք, մի շաբաթ տուն ենք պահում, ֆոկուսնիկի պես ապրում ենք։ Ինչ է, մի հատ աշխատելով՝ մի հատ ձմերուկ, եմիշ առնենք, տանենք մեր երեխեքը, թոռներն ուտեն, ուրախանան։ Մենք ո՞ւմ ենք վնաս տալիս, էդ չագուչը մեր գլխի՞ն պտի ջարդվեր… Մեր թոռներն ու երեխեքն էդքան չեն ուրախանում էդ ձմերուկ, եմիշի առնելով, ինչքան մենք ենք ուրախանում, որ կարում ենք գոնե․․․»։
Հնամաշ իրերի առևտրով զբաղվող Վարդան Վարդանյանն էլ ասաց, որ բոլոր երկրներում էլ նման շուկաներ գործում են, և, որ Հայաստանում հնամաշ իրերի վաճառքով հիմնականում զբաղվում են թոշակառուները, իսկ նրանց շուկայից հանելով՝ զրկում են օրվա հացի գումարից․
«Ես ընդեղ 60-ն անց մարդիկ եմ տեսել, որ այդ օրը փող չեն աշխատել, նստել, երեխու պես լացել են, խնդրում եմ, աջակցեք այս մարդկանց, ուրիշ բան չենք ուզում․․․»։
72-ամյա Հրաչ Ավանեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թոշակն իրեն չի բավարարում, և, որ այդ աշխատանքով կարողանում էր ինչ-որ հարցեր լուծել․
«Միայն թոշակով չենք կարողանում ապրել, մարդ ու կին ենք, ոչ մի օգնող չունենք և այնտեղ գնում-կանգնում ենք՝ հացի փող աշխատելու, բայց մեզ վտարում են, պատճառն ի՞նչն է, ի՞նչ անենք, գնամ ողորմություն խնդրե՞մ մի տեղից․․․»։
Հիշեցնենք, որ «Դինամո» հանրապետական մարզադաշտի մոտ գտնվող հնամաշ իրերի առևտրով զբաղվողները նախորդ շաբաթ ևս կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացրել։ Նրանց առաջարկել էին տեղափոխվել Հրազդան մարզադաշտի տարածք, սակայն քաղաքացիները հրաժարվել էին՝ պատճառաբանելով, որ այնտեղ առևտուր չի լինում, և, որ տեղի ու պահեստի համար պետք է վճարեն։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում