Բաժիններ՝

«5.000 զոհված և 10.000 վիրավոր տղաների մեջ, համոզված եմ, եղել են, կան հանճարներ». Բարսեղ Թումանյան

Ողբերգական պատերազմի և խաղաղության կենսական անհրաժեշտության մասին «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ենք oպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի հետ:

Ես չեմ էլ կարող ասել՝ պատերազմ. դա ողբերգություն էր

Ստեղծագործող մարդու համար պատերազմ պետք չի, որ ինքը ստեղծագործի: Սրտացավ մարդը ցանկացած ժամանակ էլ սրտացավ է մնում: Երկրի խնդիրները միայն պատերազմը չեն: Երկրի խնդիրները ավելի խորն են եղել մինչև պատերազմը:

Ես չեմ էլ կարող ասել՝ պատերազմ. դա ողբերգություն էր: Ընդհանրապես, պատերազմում ոչ ոք չի հաղթում: Եթե ադրբեջանական կողմը հայտարարում է՝ մենք հող ենք վերցրել, ժողովրդին դա չի հետաքրքրում, հավատացեք: Եվ այնտեղ շատ քիչ մարդ կգա ապրելու, աշխատելու: Փող կտան՝ կգան կաշխատեն: Մեր ժողովուրդը՝ նույնպես: Գիտե՞ք՝ Չերչիլն ինչ է ասել՝ պատերազմը մի հասկացողություն է, որտեղ անձանց պատճառով զոհվում են հազարավոր մարդիկ, ինչ-որ շահերի պատճառով, հասկանո՞ւմ եք: Դրանք քաղաքական շահեր կլինեն, թե անունը կդնեն՝ մենք անում ենք երկրի համար, բայց իրականում իրենց նավթային շահերը կլինեն, կամ ուրիշ ռեսուրսների շահերը կլինեն, որովհետև խոշոր շահերի համար են պատերազմները լինում: Այնպես չի, որ Չինաստանի չափ ժողովուրդ էր Ադրբեջանում, տեղ չկար պարելու, սով էր, և նրանք ստիպված եղան պատերազմել:

Կարդացեք նաև

Պետք է խաղաղություն, ամեն գնով պետք է խաղաղություն

Եթե մենք քաղաքակիրթ մարդու տեսանկյունից ենք խոսում, ապա ամեն մի մարդու կյանքը ավելի կարևոր է, քան այնպիսի հասկացությունները, ինչպիսիք նյութական արժեքներն են: Շեքսպիրյան արտահայտություն կա, որն ասում է՝ մի մարդու մահը ողբերգություն է, շատ մարդկանց մահը վիճակագրություն է: Ղեկավարները վիճակագրությամբ են նայում: Վիճակագրությամբ մենք ունեցանք այսքան զոհ, վիճակագրությամբ մենք ունեցանք այսքան ծնունդ, տեսեք՝ այսքան զոհվել է, այնքան ծնվել է, բնությունն այնպիսի մի ֆենոմեն է, հատկապես տղաները, շատանում են: Եվ ի՞նչ: Հետո ներդրումներ կլինեն, դպրոցներ կկառուցվեն, հիվանդանոցները կշատացնեն: Դա ողբերգություն է:

Պետք է խաղաղություն, ամեն գնով պետք է խաղաղություն: Հատկապես նրանք, ովքեր պատերազմ տեսել էին, պետք է հասկանային, որ այլևս չի կարելի թույլ տալ պատերազմ, պետք է այնպիսի քաղաքականություն տանել, որպեսզի մենք կարողանանք այդ հարցերը տանել առանց մարդկային զոհերի: Գումարած՝ պետության զարգացումը միայն կարող է խաղաղության պայմաններում լինել: Որովհետև չարանում է հասարակությունը, չարությունից ծնվում են այլ ֆիլմեր, ծնվում են այլ կտավներ, այլ պոեզիա, այլ մարդկային հարաբերություններ…

Պատերազմների հիմքում, երբ խոսում են որոշ երկրներ՝ կլինի Ռուսաստան, Հայաստան, Իսրայել կամ Եվրոպա, մենք իբր քրիստոնյա երկրներ ենք համարվում, հարաբերություններում խոսում են իրենց շահերի մասին: Չկա նման հասկացողություն քրիստոնյա երկրների մեջ: Քրիստոնեության պատվիրանը հետևյալն է՝ վերաբերվիր դիմացինին այնպես, ինչպես կցանկանայիր, որ նա քեզ վերաբերվի: Չի ասվում՝ վերաբերվիր քո շահերին համաձայն: Կա՞ նման բան: Չկա՛, չէ՛: Ուրեմն շատ բաներ խախտված են:

Մենք կլինենք այնպիսին, ինչպիսի մշակույթ կունենանք

Ողբերգական վիճակն արտացոլվում է մշակույթի վրա, իսկ մշակույթը մեր դեմքն է: Մենք կլինենք այնպիսին, ինչպիսի մշակույթ կունենանք: Ուրեմն մենք չարացած, սրտնեղած վիճակում ենք, բնականաբար, պետք է հասկանանք, որ մեզ ուժ է պետք: Դա մեր ցավն է, մենք պետք է հաղթահարենք, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ այլևս պատերազմ չլինի:

5.000 զոհված և 10.000 վիրավոր տղաների մեջ, համոզված եմ՝ եղել են, կան հանճարներ

Ադրբեջանցի մի մտավորական, չեմ հիշում անունը, գրել էր, որ՝ մենք Հայաստանին վաղուց ենք պարտվել և գրել էր՝ նրանք ունեն Արամ Խաչատրյան, թվարկել էր մարդկանց անուններ, որ Ադրբեջանը չունի: Ֆիզիկական պատերազմը պատերազմ չի միայն: Դա շատ լուրջ ողբերգություն է. 5.000 զոհված և 10.000 վիրավոր տղաների մեջ, համոզված եմ՝ եղել են, կան հանճարներ, որոնք շատ լուրջ խոսք կարող էին ասել մեր պետականության, մշակույթի, գիտության և այլ ասպարեզներում: Այլ խնդիր է, որ նրանք դա կարող էին արտահայտել, եթե լիներ խաղաղություն: Խաղաղության պայմաններում կարող ես և գեղեցիկ շենքի մասին մտածել, գեղեցիկ երաժշտություն գրելու մասին մտածել, և պոեզիայի, և այլն, և այլն: Պատերազմական շրջանում, այո, ամեն մեկն իր դերը պետք է տանի, ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարությանը, Մշակույթի նախարարությանը, բայց խեղճ ժողովուրդն արդեն տարերային վիճակում է գտնվում, նրանք այդ սիրտը, այդ ոգևորությունը չունեն. ապրելու և ստեղծագործելու համար պետք է անպայման երազանքների լույս լինի: Այդ լույսը չի երևում, անգամ չեն ցանկանում տեսնել:

Ամենացավալին մեր ռաբիսն է: Դա էլ մեր ադրբեջանական պարտությունն է

Ամենացավալին մեր ռաբիսն է: Դա էլ մեր ադրբեջանական պարտությունն է: Պատերազմում մենք հերոսներ ենք, մենք այս պայմաններում հաղթող ենք դուրս եկել: Բայց նախապատերազմյան 30 տարիները, որոնք մեզ հետապնդեցին, ուշադրություն չդարձնելով, չհասկանալով՝ ուր ենք մենք գնում, մեր մշակույթը լցվեց ռաբիսով: Ամբողջ հանրապետությունը, հեռուստատեսությունը և ռադիոն սկսեցին պրոպագանդել ռաբիսը, մենք սկսեցինք առանց ամաչելու կատարել ադրբեջանական կլկլոցներով երգեր: Ամեն մեկը կարող է լսել՝ ինչ ցանկանա, բայց որ դա արդեն ստացավ պետական մեծ մասշտաբ, և անգամ պետական տոնակատարություններն էին նման երաժշտությամբ տոնում, դա համարում եմ խայտառակություն: Դա ինձ համար առաջին պարտությունն է: Իսկ պատերազմը դեռ կարող է շարունակվել:

Ի՞նչ անենք, ինձ հարցրիք: Մտածեք այդ հարցերի շուրջ: Մենք պետք է ձեռք բերենք մեր դեմքը, ոչ թե թուրքից ավելի լավ երգենք: Եթե թուրքից ավելի լավ ենք երգում, ապա պետք է հայտարարենք՝ թուրքական երգ, կատարում է այսինչ այնինչյանը և ավելի լավ, քան թուրքը, բայց մի ասեք՝ սա հայկական է, սա հայկական չէ:

Ես դա համարում եմ գենոցիդ, փափուկ գենոցիդ: Այո, հենց դա է: Իսկ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ ինչպե՞ս են ազգերը վերացնում: Տարբեր զենքեր կան: Մշակույթն ամենանուրբ, ամենասարսափելի զենքն է: Դուք հիշո՞ւմ եք՝ ռուսական պատերազմի համար Ալեքսանդրովը գրեց՝ «Вставай, страна огромная» և հզոր երաժշտությամբ ոտքի հանեց ամբողջ ժողովրդին:

ՔՈՎԻԴ-ի վիրուսի նման մտնում է ռաբիսը: Եթե մենք ուղղորդվենք մարդկանց զգայարաններով կամ նրանց էմոցիոնալ ֆոնով, կգնանք կործանման: Եվ դա սկսվեց, ըստ իս, հենց Սովետական Միության փլուզումից հետո:

Սովետական Միությունն ուներ իր կոնկրետ գաղափարախոսությունը մշակույթի, ապրուստի և ամեն ինչի վերաբերյալ: Ինչ էր սովետական Հայաստանը, սովետական հայը, և ինչ է ազատ, անկախ հայը: Հաստատ մուղամները մերը չէին, որ թույլ տվեցինք: Իսկ հետո տեսան, որ ժողովուրդը դա ընկալում է, մասսայական քեֆեր են անում, ծեսեր են անում, դրա համար միշտ հիշում եմ այդ ապուշ խոսքը, կներեք, որ այդպես եմ ասում՝ «բա քեֆերի ժամանակ ի՞նչ անենք»: Ուզո՞ւմ եք շատ հեշտ լուծում տամ: Եթե ես Մշակույթի նախարար լինեի, կպատվիրեի լավ կոմպոզիտորներին ծիսական, հարսանյաց երգերի մշակումներ, և ցույց կտայի, թե ինչ ավելի հզոր, գեղեցիկ երաժշտություն կա, և կմտցնեի մարդկանց առօրյա: Ժամանակներ առաջ, ես դեռ երիտասարդ էի, Շիրակյան մեղեդիներ կային, հայկական գեղեցիկ հարսանեկան երգեր էին: Դա ցույց էին տալիս հեռուստացույցով, և այդ երգերը մտել էին մարդկանց առօրյա ծեսերի մեջ: Վերջին հաշվով, մենք պետք է հասկանանք մի բան՝ ազգ հասկացողությունը կատարելությունն է:

Ազգայինը չի կարող լինել թերացած: Այն, ինչ ազգային է, պետական է, ուղղորդված է իր կատարելությամբ, ամենաբարին է, ամենահզորն է, ամենախելացին է, ամենան է: Այս 30 տարվա ընթացքում ես նման բան չտեսա: Սովետական Միության ժամանակ, ի դեպ, մենք էլիտար կրթություն էինք ստանում, որովհետև կար խնդիր՝ մենք պետք է պայքարեինք Արևմուտքի դեմ: Եվ դա շատ լուրջ պատերազմ էր: Եվ այդ պատերազմում Սովետական Միությունը հաղթող էր, այդ թվում և՝ Հայաստանը: Վիճակագրությամբ, ես մի ընկեր ունեի, հաշվել էր, որ մարդկային քանակությամբ հայերն ավելի առաջադեմ են Ռուսաստանից դասական երաժշտության իրենց դափնեկիրներով: Այ, նման բաների մասին է պետք մտածել: Իսկ եթե մեր համար պետք է լինի ինքնանպատակ՝ դուդուկը հայկական է, կամ տոլման հայերն են հորինել, մենք ո՞ւր ենք գնալու այսպես: Դուք նույնպես երիտասարդ եք, ուզում եք ստեղծագործ, հիմնարար կյանքով ապրել, դա շատ կարևոր է: Գիտեք՝ քաղաքակրթությունը զարգանում է խաղաղության և նստակյաց կյանքի պայմաններում: Մի քանի անգամ պատերազմներ ունենալը չարացնում է մարդկանց, հիասթափեցնում է, թողնում հեռանում են, որ կայանան այլ երկրներում: Մեզ համար շատ կարևոր է, որ մարդիկ կայանան իրենց երկրում, իրենց հայրենիքում, բարիանան, հանգստանան: Կա մի ասացվածք՝ թույլը հարվածում է, հզորը ներում է, երջանիկը մոռանում է: Հիմա մենք խփելուց պետք է անցնենք ուժեղին, հետո անցնենք երջանիկին:

Եթե մենք ազգ ենք, ուրեմն գողն էլ է հայ, նախագահն էլ է հայ, երգիչն էլ է հայ, քիմիկոսն էլ

Հասարակությանը խաբել չի կարելի: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր անհաջողություններում մեղավորը մենք ենք, և ղեկավարները թող կապիկություն չանեն: Ես Դեմիրճյանի օրինակը երբեմն բերում եմ: Երբ փլուզումը եղավ, և կոմունիստները ստիպված էին զգալ իրենց՝ որպես անցյալ ռեժիմի մարդիկ, Դեմիրճյանը կարող էր գնալ Մոսկվա և իր երեք սենյականոց բնակարանում ապրեր և մինչև այսօր երևի կենդանի կլիներ: Նա մնաց իր երկրում և արեց իր գործը: Այ սա հայրենասիրություն է, առանց հայտարարելու: Այսպես ամեն մի ղեկավար, անգամ, երբ հեռանում է, պետք է մնա ժողովրդի կողքին, և ոչ թե ասի՝ ես կվերադառնամ՝ որպես նախագահ, կամ չեմ վերադառնա: Ամեն մեկը կարող է ունենալ իր լուման՝ լուսավորչությամբ զբաղվել: Ես նրանց չեմ քննադատում, բայց եթե նրանք ուզում են մնալ ժողովրդի հետ, թող մնան ժողովրդի հետ:

Եթե մենք ազգ ենք, ուրեմն գողն էլ է հայ, նախագահն էլ է հայ, երգիչն էլ է հայ, քիմիկոսն էլ: Մենք շատ երկար կյանք չունենք, որ մեր պետական կյանքը անընդհատ դնենք փորձությունների առաջ: Մկներ չենք, որ մեզ վրա փորձեր անենք: Պետք է սթափվենք և ոչ թե միանանք, այլ գնահատենք: Գնահատանքից ծնվում է հարգանքը: Այնպես որ, սա ամենամեծ և ամենակարևորն բանն է՝ կարողանանք սթափվել՝ հարվածելուց անցնենք ուժին:

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս