Ոլորտը պարալիզացված է ու չունի նման մեծ նախագծերի իրականացման իրական ներուժ. Էներգետիկ անվտանգության փորձագետ
Օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել էր նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության հաշվետվությունը:
Կառավարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է ֆոնդի կողմից իրականացված գործարքների արդյունքները, մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության տրամաբանության ներքո պետություն-մասնավոր հատված գործունեության հնարավորությունները, խոշոր ներդրումային ծրագրերի ներգրավմանը միտված աշխատանքների ընթացքը:
Զեկուցվել է, որ էներգետիկայի ոլորտում ընթացքի մեջ է «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի հիմնման ծրագիրը՝ «Մասդար» ընկերության հետ համագործակցությամբ: Այն գնահատվում է 174 մլն դոլար: Փափազյանը վստահություն է հայտնել, որ այս մեծածավալ ծրագիրը կնպաստի արտադրական հզորությունների ընդլայնմանն ու էլեկտրաէներգիայի սակագների նվազեցմանը: Նշվել է նաև էներգետիկայի ոլորտում նոր նախագծեր իրականացնելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Հիշեցնենք, որ այս «Մասդար»-ի հետ համագործակցության կնքահայրը նախագահ Արմեն Սարգսյանն էր. դեռ 2019 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում նա էր պայմանավորվածություններ ձեռք բերել հնարավոր համագործակցության վերաբերյալ:
Ի դեպ, դեռ ապրիլին տեղեկություն շրջանառվեց, որ «Աբու Դաբիի ապագա էներգետիկայի կազմակերպությունը»՝ «Մասդարը», որն ամիսներ առաջ այս ֆոնդի հետ ստորագրել էր համաձայնագիր՝ արևային ֆոտովոլտային (200մՎ), հողմային (200մՎ) և լողացող արևային էներգիայի ոլորտներում (100մՎ) արդյունավետ համագործակցության նպատակով, Ադրբեջանի հետ արդեն մեկ քայլ առաջ է արել և հայտարարել Ադրբեջանում օգտակար մասշտաբի արևային ֆոտովոլտային (ՊՎ) նախագծի մշակման շուրջ 200 մլն դոլար արժողությամբ համաձայնագրերի ստորագրման մասին:
«Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը, այդուհանդերձ, համոզված է՝ այս կամ այն խոշոր նախագիծ իրականացնելու համար տվյալ ոլորտում նախևառաջ անհրաժեշտ է ունենալ առնվազն առողջ մթնոլորտ:
«Էներգետիկայի ոլորտում, ինչպես գիտենք, վերջին երեք տարվա ընթացքում ստեղծվել է կայուն զարգացման, արդյունավետ կառավարման հետ որևէ աղերս չունեցող միջավայր: Խնդիրը պայմանավորված է առավելապես աշխարհաքաղաքական զարգացումներով, մասնավորապես, հետպատերազմյան իրողություններով:
Էներգետիկայի, առհասարակ, վերականգնվող էներգետիկայի ոլորտում այդ իրողությունները լրջագույն հարված են հասցրել ներդրումային գրավչությանը, ինչի դրսևորումներից է, օրինակ, Հայաստանում քամու էներգետիկա զարգացնող «Զոդ Ուինդ» ընկերության դատական հայցն ընդդեմ կառավարության՝ անվտանգ տնտեսվարման պայմաններ չապահովելու համար: Ինչպես գիտենք, նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայից մի քանի օր անց ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք՝ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ, որտեղ գործունեություն էր ծավալում ընկերությունը: Վերջինս արդյունքում կրել է 5 մլն դոլարի վնաս: Միայն այս փաստը թույլ չի տալիս լավատեսորեն վերաբերվել կառավարության կողմից հռչակվող վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրերին: Դա քաջ հասկանում են նաև պոտենցիալ ներդրողները»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց փորձագետը:
Ըստ Վահե Դավթյանի՝ դեպքն ամբողջ համակարգի համար մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի. այս համատեքստում նա հիշեցրեց նաև Մասրիկ-1 արևային կայանի շուրջ անորոշությունների մասին.
«Իմ խորին համոզմամբ, հարցականի տակ է նաև Մասրիկ-1 արևային կայանի կառուցման ծրագիրը. այն, ինչպես գիտենք, պետք է կառուցվի Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում՝ Քարվաճառի անմիջական հարևանությամբ. այն օդային տարածքով 8 կմ հեռավորության վրա է գտնվում ադրբեջանական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքից ու ակտիվորեն ռմբակոծվում էր պատերազմի օրերին: Պատահական չէ, որ նախագծի ավարտը 2020 թվականից տեղափոխվել է 2025 թ.: Մեծ հաշվով, եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի ու սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներն իրականացվեն այնպես, ինչպես ցանկանում է Բաքուն, ապա դժվար է պատկերացնել այդ կայանի ապագան, այն հայտնվում է չափազանց վտանգավոր գոտում:
Այս ամենը հաշվի առնելով՝ շատ դժվար է լուրջ վերաբերվել ԱՅԳ-1 նախագծի հեռանկարին: Ոլորտը պարալիզացված է ու չունի նման մեծ նախագծերի իրականացման իրական ներուժ:
Ի դեպ, նույն «Մասդար» ընկերությունը զուգահեռաբար արևային էներգետիկա է զարգացնում նաև Ադրբեջանում, ու ի տարբերություն Հայաստանի՝ այնտեղ արդեն կոնկրետ աշխատանքներ են սկսվել»:
«Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահի գնահատմամբ՝ «կանաչ էներգետիկայի» զարգացման մասին քննարկումները պայմանավորված են այս իշխանությունների կողմից կոնվենցիոնալ կամ ավանդական էներգետիկային հասցվող հարվածներով, ինչն էլ իր հերթին՝ քաղաքական բաց ենթատեքստ ունի։
«Այլևս թիրախավորված է ջերմաէներգետիկան, որն իր մեջ հստակ հակառուսական ծրագիր է պարունակում: Առաջին արդյունքն արդեն ունենք՝ շահագործումից հանված է երկրի խոշորագույն էներգետիկ օբյեկտներից մեկը՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը, ինչը նաև էլեկտրաէներգիայի արտահանման ռազմավարության ու, մասնավորապես, Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտ օդային գծի կառուցման ձախողման հետևանքն է: Միաժամանակ, թիրախավորված է հիդրոէներգետիկան, ինչը ևս որոշակի քաղաքական բաղադրիչ է պարունակում՝ հաշվի առնելով այն, թե ովքեր են փոքր հէկ-երի մեծ մասի սեփականատերերը: Այս կառավարությունը ի զորու չէ հասկանալու, որ հիդրոէներգետիկան Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգության բարձիկն է, ու սխալ է ոլորտի կարգավորումն իրականացնել ոստիկանական մեթոդներով՝ վերագրելով փոքր հէկ-երին երկրի ջրային ռեսուրսների կառավարման համակարգում առկա բոլոր խնդիրները»,- ասաց Վահե Դավթյանը: