Մեր երկրին հիմա հաղթանակներ են պետք. Հովհաննես Բաչկով

Հայաստանը քառամյակի (այս անգամ հնգամյակի) ամենակարևոր մարզական իրադարձությանը` Օլիմպիական խաղերին կմասնակցի 17 մարզիկով: Այս 17-ից 3-ն Օլիմպիական խաղերի ամենահին մարզաձևերից մեկի` բռնցքամարտի ներկայացուցիչներն են, և նրանցից մեկը` Հովհաննես Բաչկովը, մեդալի ամենաիրական հավակնորդներից մեկն է:

Հովհաննես Բաչկովը մարզական դժվարին ճանապարհ է անցել, նրա ուղին հեշտ չէր, և նա այն քիչ բռնցքամարտիկներից է, ով չընկրկեց մրցավարական և այլ անհաղթահարելի թվացող դժվարությունների ժամանակ: Բաչկովը Եվրոպայի առաջնության և Եվրոպական խաղերի հաղթող է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ Օլիմպիական խաղերի մասնակից:

«Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագիծը եզրափակվում է այս թողարկմամբ: Մենք ձեզ ներկայացրեցինք Խաղերի մասնակից մեր մարզիկներին բացառիկ ֆոտոշարքերով և բազմաբովանդակ հարցազրույցներով:

-Մենք շատ հարցազրույցներ ենք ունեցել, բայց այս անգամ եկեք սկսենք ամենասկզբից` ինչպե՞ս է սկսվել ձեր ճանապարհը բռնցքամարտում:

-Մորեղբայրս զբաղվել է բռնցքամարտով: Ճիշտ է՝ ինձ ուղղորդել է նա, բայց պապիկս է առաջին անգամ տարել մարզադահլիճ: Առաջին անգամ 7 տարեկանում եմ սկսել զբաղվել այս մարզաձևով: Աշխույժ երեխա եմ եղել, և մասնագետները կարծել են, որ կկարողանամ բռնցքամարտում լուրջ արդյունքների հասնել: Բակային խաղերում էլ անընդհատ կռիվների մեջ էի լինում:

-Իսկ ե՞րբ էր այն պահը, երբ գիտակցեցիք, որ, այո, բռնցքամարտն իմ մարզաձևն է:

-Այո, նման մի բան եղավ 2008 թվականին, երբ ես Եվրոպայի առաջնությունում գրավեցի երրորդ տեղը և դեռ պատանի էի: Այդ ժամանակ էր, որ նոր-նոր հասկացա, թե ինչ կարևորություն ունեն Եվրոպայի և աշխարհի առաջնությունները, թե որքան առանձնահատուկ է մարզիկի համար Օլիմպիական խաղերը: Այդ տարի էր, որ հասկացա ինչ է իրենից ներկայացնում բռնցքամարտը:

-Եվ ի՞նչ է իրենից ներկայացնում բռնցքամարտը, Հովհաննես:

-Բռնցքամարտն ապրելակերպ է, բռնցքամարտը դաստիարակություն է: Բռնցքամարտը այն դաստիարակությունն է, որը չենք ստանում տանը, չենք ստանում շրջապատում: Բռնցքամարտը բնավորություն է` պայքարելու, դիմանալու, անսահման նպատակասլացության ու երազելու:

-Բռնցքամարտի ռինգում երկու մարզիկ են, բայց կա նաև մրցավարը: Ձեր դեպքում հատկապես մենք հաճախակի ականատես էինք լինում մրցավարական անտեղի սխալ որոշումների: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ամեն անգամ մրցավարներին այլ բան ապացուցելու եք գնում, և դա ձեզ մոտ ստացվում է:

-Եթե անկեղծ՝ խոսում եմ այդ մասին մրցավարների հետ: Մրցավարները մեր սատանաներն են` նրանք են, որ որոշում են ում դրախտ ուղարկել, ում դժոխք: Ճիշտ եք, ամեն անգամ գնում եմ մրցաշարերի` ապացուցելու, որ նախորդ անգամ իրենք սխալվել են: Բնավորությունս է այդպիսին. մեկին մի բան ապացուցելու համար կանեմ այնքան, մինչ այն պահը, որ զգամ, որ ապացուցված է:

-Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերն առաջին էին ձեր մարզական կարիերայում: Փորձով եք մոտենում Տոկիոյի խաղերին: Ի՞նչն եք կարևորում Ձեր փորձից,որ կարող եք Տոկիոյում օգտագործել:

-Ռիոյի Օլիմպիական խաղերի ամենամեծ փորձը, որ ստացել եմ, այն է, որ պետք չէ շռայլությանը տրվել: Օլիմպիական ավանում սննդամթերքից ամեն ինչ կա, բացարձակ ամեն ինչ, և պետք է պարզապես քեզ նման շռայլություն թույլ չտաս, երբ դու բռնցքամարտիկ ես ու քո մրցաշարն ամենաերկարն է Խաղերում: Գիտեք՝ բռնցքամարտի մրցաշարը մեկնարկում է Խաղերի բացման օրը ու ավարտվում են ամենավերջում:

-Սպորտում այսպես է՝ դու մեծ հաջողությունների հասնում ես կամ տաղանդի կամ աշխատասիրության շնորհիվ: Դուք ձեզ տաղանդավոր ե՞ք համարում, թե՞ աշխատասեր:

-Ձեր հարցին կպատասխանեմ այս կերպ՝ հետևություններն արեք դուք: Երբ պատանի, երիտասարդ տարիքում հաջողությունների չէի հասնում, նայում էի համաշխարհային հռչակ ձեռք բերած մարզիկներին ու ամեն մեկից մի-մի հնարք ինձնով անում: Յուրաքանչյուրից վերցրել եմ ինչ-որ բան և միավորելով դարձրել եմ իմը: Ես ռինգում խոսում եմ ինձ հետ, մրցում եմ ինքս ինձ հետ: Երկու մարդ եմ ռինգում, մեկն, ով մրցում է, մյուսն ինձ ասում է, թե ինչ պետք է անեմ: Ինձ երբեմն հարցնում են, թե ինչու եմ բռնցքամարտը շախմատի հետ համեմատում. երկուսում էլ անսահման են կոմբինացիները: Բայց պետք է տաղանդ, որով կարողանում ես իմպրովիզացիա անել: Չի կարող անտաղանդ մարդն աշխատասիրությամբ ինչ որ բանի հասնել:

-Եթե տեսնեիք Աստծուն, ի՞նչ կասեիք:

-Միայն ու միայն շնորհակալություն կհայտնեի այն ամենի համար, ինչպիսին կամ հիմա:

-Հայաստանը դժվարին ժամանակներ է ապրում, և մեր երկիրն ինչ-որ տեղ, ինչ-որ պահի իսկապես նոր հաղթանակների կարիք ունի: Սա ձեզ համար կարո՞ղ է մոտիվացիա լինել Օլիմպիական խաղերի համար:

-Իհարկե, ամեն մեկս էլ մեր հերթին պարտավորված ենք զգում մեր երկիրն արժանապատիվ ներկայացնելու համար: Մեր երկրին հիմա հաղթանակներ են պետք: Կհիշեք, կարծում եմ, որ պատերազմի օրերին պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած մենամարտից հետո հատուկ շապիկ էի կրում, որով աջակցում էի մեր զինվորներին: Ես անկեղծորեն հավատում եմ՝ հիմա գալու է Հայաստանի ոսկե ժամանակաշրջանը: Մենք Աստծու տված ժողովուրդ ենք:

-Մի քանի բլից հարց. Ալի ՞, թե Թայսոն:

-Ալի:

-Լե՞ռ, թե ծով:

-Ծով:

-Դոլմա՞, թե խորոված:

-Դոլմա:

-Պիցցա՞, թե պաղպաղակ:

-Պաղպաղակ:

-Գի՞րք, թե ֆիլմ:

-Գիրք:

-Նարդի՞, թե շախմատ:

-Շախմատը սիրում եմ, բայց միշտ նարդի եմ խաղում:

-Սո՞ւրճ, թե թեյ:

-Առաջ թեյ էր, հիմա` սուրճ:

-Թո՞մը, թե Ջերին:

-Զերին:

-Շնորհակալ եմ զրույցի համար, հուսով եմ՝ արդեն մեդալներով զրույց կունենանք Տոկիոյում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս