«Իշխանություններն ապօրինի թույլ չեն տալիս ԶՊՄԿ-ից խտանյութի արտահանումը, 12 օրվա ընթացքում մոտ 20 մլն դոլար չի մտել Հայաստան». Վահե Հակոբյան

Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը 168.am-ի հարցին ի պատասխան, անդրադառնալով Զանգեզուրի պղնձաբոլիբդենային կոմբինատում իրավապահ մարմինների կատարած գործողություններին, նախ տեղեկացրեց, որ  իրավապահներն արդեն լքել են կոմբինատի տարածքը, բայց նաև ասաց.

«12 օրից ավելի է՝ մեր երկրի իշխանություններն ապօրինի թույլ չեն տալիս խտանյութի արտահանումը, ինչը բերում է որոշ խնդիրների և, բնական է, վնասների, չհասկանալով, որ կանգնում է income-ը (ներհոսք) տարադրամի, արդեն մոտ 20 մլն դոլար չի մտել Հայաստան այս 12 օրվա ընթացքում, և դա կարող է հանգեցնել մեր երկրում տարադրամի կուրսի տատանմանը, եթե այսպես շարունակվի: Հորդորում եմ հետևել կայքին և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օֆիցիալ հայտարարությանը, այսօր հայտարարություն կտեղադրվի:
Իրավապահ մարմինները երեկ կամ երեկ չէ առաջին օրը լքել են կոմբինատի տարածքը, որտեղ գրոհայիններով, դիմակներով, ավտոմատներով եկել էին, շփոթել էին Սև լիճը կոմբինատի հետ»,- ասաց Հակոբյանը:

Կոմբինատի տարածքը լքել են, մարզինը՝ ոչ: Վահե Հակոբյանի պնդմամբ՝ իրավապահները փորձում են մարզի բնակիչներից ցուցմունքներ կորզել իր և մարզի համայնքապետերի դեմ:

«Մարզում շարունակվում է իրավապահ մարմինների տեռորը, հարցաքննությունների են հրավիրվում մեծից փոքր բոլորը, տարեց մարդիկ, կանայք, մեծ տարածում ստացավ Քարահունջի և Որոտանի տեսանյութերը, որտեղ մարդիկ հստակ ասում են, որ մեզ ստիպում են, կորզում են մեզանից ցուցմունքներ, ակնհայտ է, որ դա հաղորդում է հանցագործության մասին, իսկ իրավապահ մարմիններից արձագանքը զրո է: Մոտ 10 քննչական խումբ է աշխատում, որոնք փորձում են ցուցմունքներ կորզել իմ, համայնքապետերի վրա, ամրացնել այդ ապօրինի ցուցմունքները, այսպիսի մթնոլորտ է  տիրում Սյունիքում»,- ասաց Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս