«Երբ տեսա, թե որտեղ ու ինչ հեռավորություն վրա էին պայթում արկերը, հասկացա, որ սովորական փոքր կռիվ չի…»

Կրկին ու կրկին «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ում եմ, որտեղ գտնվում են Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած, հետաքրքիր պատմություններ, տարբեր տաղանդներ ու բնավորություններ ունեցող անձինք, ովքեր պայքարում են հանուն մեկ գաղափարի՝ վերականգնվել ու կրկին ոտքի կանգնել։ Այդ տղաներից մեկը 1997 թվականին Կոտայքի մարզի Արագյուղում ծնված Պետրոս Էֆենջյանն է, ում հետ զրուցելն իրոք բավականություն էր։

«Արմենպրես»-ը Պետրոսի հետ զրուցել է իր մանկության տարիների, բնավորության, ուսման, սիրած աղջկա, բուժման ընթացքի, նպատակների, Արցախյան 44-օրյա պատերազմի և մի շարք այլ հարցերի շուրջ:

Պետրոսի հետ պետք է ավելի շուտ հանդիպեինք ու զրուցեինք, սակայն արտահերթ խորհրդարանական ընտրությունները մի փոքր խանգարեցին։ Այդ ընթացքում «Ֆեյսբուք»-ում հետևում էի իրեն ու իր գրառումներին ու հասկանում, որ հետաքրքիր զրույց է սպասվում։ Չսխալվեցի։ Կենտրոնի այգում նստած էինք, հարցազրույցը սկսեցինք իր դպրոցական տարիներից, ինչպես նաև բնավորության մասին խոսելուց։

Ընտանիքում 4 հոգով են

Ընտանիքը բաղկացած է 4 անդամից՝ մայրը, հայրը, փոքր եղբայրն ու ինքը։ Հայրը կենսաբան է մասնագիտությամբ։ Եղբայրն էլ պատերազմից 6 ամիս առաջ էր զորացրվել, ինքն էլ էր ցանկացել ամեն կերպ կամավորագրվել, որպեսզի մասնակցեր Արցախյան 44-օրյա պատերազմին։

Դպրոցում եղել է ծույլիկ, բայց ընդունակ աշակերտ

«Եթե համեստություն չանեմ, դպրոցում բավականին ընդունակ աշակերտ էի, ուղղակի՝ ծույլիկ: Շրջապատում էլ էին այդպես ասում։ Հինգ տարի գերազանց սովորել եմ, դրանից հետո հարվածային: Շատ եմ սիրել հումանիտար առարկաները՝ «Աշխարհագրություն», «Պատմություն», բավականին հետաքրքրված էի»,- պատմում է Պետրոսը:

Բուհ ընդունվելիս դիմել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիա բաժին, սակայն կիսատ է թողել կրթությունը: Մասնագիտությունն ընտրելիս հատուկ որոշում չի կայացրել, ուղղակի դպրոցն ավարտելիս հասկացել է, որ պետք որևէ որոշում կայացնի: Կարճ ժամանակում պարապել է, ընդունվել անվճար հիմունքներով, սակայն հետագայում ուսումը որոշել է, այնուամենայնիվ, կիսատ թողնել, քանի որ առանձնակի հետաքրքրություն չի ունեցել այդ ոլորտում: Աշխատել է տարբեր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից, շինարարությունից մինչև սպասարկման ոլորտ:

Ծառայել է 5 տարի առաջ՝ Քարվաճառում, այս պատերազմին մասնակցել է որպես կամավոր, կրկին Քարվաճառում է եղել:

Պատերազմից հետո բնավորությունն էլ է փոխվել

«Պատերազմից առաջ բավականին մարդամոտ, շփվող ու աշխույժ եմ եղել, սակայն այժմ սկսել եմ շատ հարցերի այլ կերպ մոտենալ: Հիմա սկսել եմ ինքս ինձ ուրիշ ձևով ճանաչել, դրա հետ կապված բնավորությունս էլ է փոխվել: 44-օրյա պատերազմից հետո շատ բաներ եմ սկսել գիտակցել, քանի որ ինքս ինձ հետ ավելի անկեղծ եմ սկսել լինել»,- ասում է Պետրոսն ու հավելում, որ հետաքրքրություններն էլ են փոխվել:

Հաճախել է կարատեի, զբաղվել շախմատով ու ֆուտբոլով

Շատ քիչ ժամանակահատված հաճախել է կարատեի, շախմատով ու ֆուտբոլով է զբաղվել։ Ընդհանուր առմամբ առողջության համար էլ հաճախ մարզվել է:

«Այժմ, երբ ամեն ինչ այլ կերպ եմ ընկալում և ավելի եմ արժևորում շատ բաներ, սկսել եմ ինձ ավելի ազատ թողնել։ Այդ դրսևորումներից մեկը նկարչությունն է։ Նախկինում կարողանում էի նկարել, սակայն ինքս իմ առաջ արհեստական խոչընդոտներ էի սահմանել, այժմ կարող եմ ասել, որ նոր եմ բացահայտել իմ այս տաղանդը: Ինքնուս եմ, նկարչության չեմ հաճախել: Սա ինձ համար այն միակ բանն է, ինչից երբեք չեմ ձանձրանա: Սիրում եմ դեմքեր նկարել, չնայած որ հնարավոր են անհամաչափություններ, սակայն ինձ դուր է գալիս, քանի որ իմ սեփական ոճն եմ տեսնում նկարներումս»,- նշում է Պետրոսը։

Հարցազրույցից հետո, մենք բարձրացանք իր սենյակ, որտեղ նա ցույց տվեց իր աշխատանքները, որոնցից ամենատպավորիչը սիրած աղջկա դիմանկարն էր։

Սիրած աղջկա հետ նույն հետաքրքրություններն ունեն

Հարցազրույցի գնալուց առաջ Պետրոսին խնդրել էի, որպեսզի իր սիրած աղջիկն էլ գա ու մասնակից լինի, սակայն վերջինս այդպես էլ չեկավ։ Միմյանց հետ ծանոթացել են ֆուտբոլային խաղերից մեկի ժամանակ, առաջին ընդհանուր հետաքրքրությունը հենց դա է եղել։

«Երկուսս էլ սիրում ենք ֆուտբոլ, հենց այդպես էլ ծանոթացել ենք։ Երկար ժամանակ ուղղակի շփվում էինք, սակայն պարտադիր զինվորական ծառայության գնալուց առաջ որոշակի լրջություն կար արդեն մեր հարաբերություններում։ Ընկերություն սկսել ենք անել զորացրվելուցս հետո»,- պատմում է Պետրոսն ու անկեղծանում, թե հենց այդ ժամանակ են գիտակցել, որ սիրում են միմյանց (ծիծաղում է)։

Ռազմի դաշտ մեկնելու մասին հենց իմացել է, աղջիկն անմիջապես ընդդիմացել է, սակայն Պետրոսն ասել է, որ վերջնական որոշել է՝ պետք է գնա։

«Մինչ այսօր, կես կատակ, կես լուրջ ասում է, որ չի ների ինձ գնալու համար։ Բայց այդ օրերին, երբ Արցախում էի, հենց հնարավորություն էր լինում, զանգում էի իրեն, անգամ լինում էինք դեպքեր, որ իրեն էի միայն զանգում ու ասում, որպեսզի ընտանիքիս անդամներին էլ զգուշացնի, որ լավ եմ»,- պատմում է Պետրոսը։

Կատակով ասում է, որ տուն զանգելիս իրեն ամենաշատը մի բան է հետաքրքրել՝ իր ձեռքով պատրաստվող ու կիսատ թողած գինին ինչ վիճակում է և ինչ ընթացքի մեջ է։ Նշում է, որ իրենց տարածաշրջանն այդքան էլ բարենպաստ չէ գինու պատրաստման համար, սակայն նախորդ տարի բավականին խաղող են ունեցել ու որոշել է հնարավորությունը ձեռքից բաց չթողնել։

Կամավորագրվել շտապել է հորաքրոջ տղայի հետ

Սեպտեմբերի 27-ին, առավոտյան, երբ արթնացել է, համացանցում կարդացել է, որ լայնածավալ մարտական գործողություններ են սկսել արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Սկզբում, ինչպես ինքն է ասում, կարծես համարձակություն չի ունեցել, որպեսզի գիտակցի պահի լրջությունը, սակայն որոշ ժամանակ անց հորաքրոջ տղան գրել է իրեն, որ ինքն անպայման ցանկանում է մեկնել ռազմի դաշտ։ Փոքր եղբայրն էլ է ցանկացել իրենց հետ գնալ, մի քանի անգամ փորձել է կամավորագրվել, սակայն իրեն թույլ չեն տվել, քանի որ զորացրման 1 տարին դեռ լրացած չի եղել։

«Հորաքրոջս տղայի գրածին անմիջապես արձագանքեցի ու ասացի, որ ես էլ կգնամ իր հետ։ Խոսեցինք ու արդեն քայլ անելու ժամանակն էր, գնացինք ու կամավորագրվեցինք։ Դրանից մի որոշ ժամանակ հետո մեր տուն ծանուցում էր եկել, որ պետք է ներկայանամ գյուղապետարան, այսինքն, անգամ, եթե չկամավորագրվեի, ինձ միևնույնն է տանելու էին, քանի որ մասնագիտությամբ էլ հրետանավոր եմ։ Առաջին մի քանի օրը եղել ենք Գեղարքունիքի մարզի Ճարտար (Կրասնի) գյուղում, այնտեղ ձևավորել ենք հրետանային մարտկոց, ապա հոկտեմբերի 2-ին մի քանի հաշվարկով մեկնել ենք Քարվաճառ»,- ասում է Պետրոսը։ Նա նաև անկեղծանում է, որ փոքր եղբոր անձնագիրը սկզբում վերցրել է ձեռքից ու թաքցրել, սակայն որոշ դեպքերում այժմ ինքն իրեն մեղավոր է զգում այն քայլի համար։

«Կարծում եմ այդ ժամանակ, երբ անձնագիրը վերցրել եմ ձեռքից, էգոիստ եմ եղել, քանի որ իմ մասին մտածելով չեմ թողել, որպեսզի քայլ անի։ Ես այդ ժամանակ մտածում էի, թե իր համար եմ անհանգստանում, սակայն հիմա հասկանում եմ, որ այդ վախը հենց մեր համար էր, գուցե կորցնելու վախն էր, չգիտեմ։ Այժմ ինքն է իրեն մեղավոր զգում, քանի որ ընկերներ ուներ, ում կորցրել է, որոշ նկարներ նայում է ու ասում, որ միայն ինքն է ողջ մնացել»,- վերհիշում է Պետրոսը։

Ինքը հորաքրոջ տուն է գնացել սեպտեմբերի 27-ին, երեկոյան ուշ։ Մինչ այդ, հայրն արդեն քնած է եղել, մայրն է միայն արթուն եղել։ Հայտնել է, որ գնում է արդեն, գրկել մորն ու 5000 դրամ վերցրել առաջին անհրաժեշտության իրեր գնելու համար։

«Դռան մոտ էի, երբ հորաքրոջս տղան զանգեց ու հարցրեց, արդյոք բոլորին գրկել եմ, թե ոչ։ Ասացի, որ հայրս քնած է ու չեմ ցանկանում արթնացնել։ Անմիջապես բարկացավ, ասաց «գնա հենց հիմա արթնացրու ու հաջողություն մաղթիր»։ Այդ խոսքերը հենց ասաց, անմիջապես սթափվեցի, պատկերացրի պահի ողջ լրջությունը։ Հորաքրոջս տուն գնալուց հետո մի փոքր նստեցինք ու շարժվեցինք։ Եղբորս տատիկը հին սովորույթի համաձայն մեր հետևից ջուր լցրեց, որպեսզի մեզ հետ ամեն ինչ լավ լինի և ողջ ու առողջ վերադառնանք ընտանիք»,- ասում է Պետրոսը։

Պատմում է, որ Ճարտար գնալու ճանապարհին, բարձր խոսել է Աստծու հետ ու ասել՝ մահանալուց հետո գոնե թող իրեն ճանաչեն։

Պատերազմի ընթացքում հումորն անպակաս է եղել

«Հումորն անպակաս էր կարելի է ասել, որովհետև այն փրկում է բարդ իրավիճակների ժամանակ խնդրին այլ կերպ մոտենալու համար։ Ամենաշատը մի դեպք է տպավորվել․ մի օր թաքստոցում նստած էինք, տղաներից մեկը որոշեց սուրճ պատրաստել, որտեղ 5 լ ջրի շշով նեֆրազ էր դրված (պայթյունավտանգ անգույն հեղուկ, որը չունի հոտ և համ – խմբ․)։ Ջրի փոխարեն, սխալմամբ, հենց նեֆրազ էր լցրել, հետո պատրաստելու ընթացքում սուրճը թափվեց, հրդեհ բռնկվեց։ Տղաներից մյուսն էլ ցանկացավ մարել կրակը, սակայն, առանց իմանալու հենց այդ նույն նեֆրազով լի շիշը վերցրեց ու լցրեց կրակի վրա (ծիծաղում է – հեղ․)։ Բնականաբար ավելի մեծ հրդեհ եղավ, սակայն բարեբախտաբար հանգցրինք այն, և ոչ ոք ու ոչինչ չտուժեց»,- վերհիշում է Պետրոսը։

Պատերազմ մեկնելու գիտակցումը

Սկզբում, ինչպես ինքն է ասում, գնացել է ոչ հայրենիքի համար պայքարելու գիտակցությամբ, սակայն ներքուստ հասկացել է, եթե չգնա՝ ինքն իրեն ամբողջ կյանքում չի ների ու թույլ մարդ կզգա։ Իր համար առաջնորդվելու ուժը եղել է այն, որ մտածել է՝ «սա այն տեղն է, որտեղ ես պետք է ցույց տամ, թե ինչի եմ ընդունակ»։

«Այս պահին արդեն ամբողջությամբ գիտակցում եմ, որ ֆիզիկականս ներեր ու կրկին նման գործողություններ լինեին, ապա կրկին հենց առաջին օրը կկամավորագրվեի, սակայն արդեն գիտակցելով, որ գնում եմ հայրենիքս, տունս ու ընտանիքս պաշտպանելու»,- անկեղծանում է նա։

Պատերազմի լրջությունը գիտակցել է Քարվաճառ մեկնելու հենց առաջին օրն ու հասկացել, որ փոքր կռիվ չի լինելու։

«Հասկանում էի, որ մի քանի օր չի տևի, այլ ավելի երկար։ Ես այդ տարածքում եմ ծառայել ու գիտեմ այնտեղի դիրքերը, սակայն, երբ տեսա, թե որտեղ ու ինչ հեռավորություն վրա էին պայթում արկերը, հասկացա, որ սովորական փոքր կռիվ չի։ Մենք մշտապես լսել ենք, որ պատերազմական գոտում ենք գտնվում, թշնամի ունենք, սակայն մինչև չես տեսնում քո աչքերով, չես հասկանում, թե ինչ է իսկական պատերազմը։ Կարծում եմ, որ որևէ կերպ պետք է այնպես անել, որպեսզի առանց սեփական աչքերով պատերազմը տեսնելու մարդը գիտակցի դրա ողջ լրջությունն ու սարսափը։ Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ պետք է հասկանան՝ որքան կա մարդը, այդքան կլինեն պատերազմներ, խաղաղությունն էլ ինքնաբերաբար չի լինում, դրան պետք է ուժով հասնել»,- ասում է Պետրոսը։

Վիրավորվել է հակառակորդի ինքնաթիռի հարվածային ալիքի պատճառով

Վիրավորվել է հակառակորդի Սու-25 ինքնաթիռից եկած հարվածային ալիքի հետևանքով՝ ստացել է ողնաշարի կոտրվածք՝ ողնուղեղի վնասումով։ Այդ ժամանակ թաքստոցում է նստած եղել, ալիքն իրեն շպրտել է հետևի պատին ու ողնաշարը փշրվել է, ինչն էլ վնասել է ողնուղեղը։

«Ունեցել եմ նաև թոքերի սալջարդ, ձախ կողի կոտրվածք, ակնակապիճի սալջարդ, ականջս էլ էր վնասվել։ Առաջին բուժօգնությունը ստացել եմ մեր զորամասի տարածքում գտնվող վրաններից մեկում, ինչից հետո եղել եմ Վարդենիսի հոսպիտալում, որտեղ ամենակարևոր բուժօգնությունն են ցույց տվել։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել եմ Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն։ Ընդհանուր առմամբ 2 վիրահատություն եմ տարել՝ Վարդենիսում ֆիքսացիա են արել, քանի որ վնասվածքս ողնաշարի հատվածում էր։ Այժմ ամեն ինչ կարծես թե դեպի լավն է գնում, ողնաշարս ֆիքսած է, իմպլանտացիա է արված, միան ողնուղեղն է, որ ոչ մի վիրահատությամբ հնարավոր չէ կարգավորել»,- պատմում է Պետրոսն ու հավելում, որ վիրավորվելու առաջին իսկ պահից գիտակցությունը չի կորցրել, ուղղակի շոկային վիճակում է եղել։

Վիրավորվելու լուրը տան անդամներին հայտնել է հորաքրոջ մյուս տղան, ում Պետրոսը զանգել է ու ասել նաև, որ կյանքին կարծես թե վտանգ չի սպառնում։ Հայրը վիրավորումի լուրը լսելուն պես ասել է․ «միայն թե գլխի կամ ողնաշարի հատվածում վիրավորում ստացած չլինի»։

Պատերազմի ժամանակ քաղաքացիներից ստացված նամակներ ու քաղցրավենիք շատ են ստացել

«Շատ նամակներ էինք ստանում, քաղցրավենիք էլ։ Նամակներից մեկում գրված էր «Այդտեղ բոլորիդ սիրում եմ», դպրոցականներից էլ հետաքրքիր գրառումներ կային, որոնք պահել էի, սակայն վիրավորվելու օրը, երբ առաջին բուժօգնություն պետք է ցույց տային, հագս եղած շորերս պատռել էին, դրանք էլ կորել են», ասում է Պետրոսը։

Վերականգնողական կենտրոնում Պետրոսին արվեստի հետ կապված դասերն են հետաքրքրում

Վերականգնողական կենտրոնում իրականացվող բոլոր այն դասընթացները, որոնք կապված են արվեստի հետ, Պետրոսին հետաքրքրում են, օրինակ թիթեռներով կոմպոզիցիաներ պատրաստելը։

«Միշտ սիրել եմ փոքր բաների հետ աշխատել, թիթեռներն էլ բավականին հանգստացնող են։ Այստեղ ստեղծագործել ես կարողանում։ Շաբաթ օրերին էլ մասնակցում եմ մի դասընթացի, որի ժամանակ սովորեցնում են ճիշտ բանակցություններ վարելու հմտությունները։ Ազատ ժամանակ ունենալու դեպքում կարդում եմ՝ հիմնականում միստիկ, փիլիսոփայական և գեղարվեստական գրքեր։ Այս պահին միաժամանակ 3 գիրք եմ կարդում։ Չեմ սիրում նույն գիրքը երկար ժամանակ կարդալ, կարծում եմ պետք է ժամանակ առ ժամանակ դադար տալ, որպեսզի անգիր սովորելու նման չստացվի»,- նշում է Պետրոսն ու ասում, որ այժմ կարդում է «Աստվածաշունչ», «Գարեգին Նժդեհ» և «20-րդ դարի պատմություն»։

Առաջնային նպատակը մեկն է՝ վերականգնվել ու ոտքի կանգնել

«Այս պահին սկսել եմ ծրագրավորում ուսումնասիրել, սակայն վերջնական դեռ չեմ որոշել արդյոք հետագայում այդ ուղղվածությունը կընտրեմ, թե ոչ։ Պետք է այնպես լինի, որ ես չձանձրանամ, քանի որ շուտ հիասթափվող եմ։ Ուզում եմ, որ անընդհատ նոր բաներ սովորելուց հետաքրքրությունս չկորի, չեմ կարող ինքս ինձ ստիպել, որ այսինչ բանը պետք է անել ու անեմ։ Կցանկանամ, որ գումար աշխատել կարողանամ արվեստի որևէ ճյուղի միջոցով, քանի որ այդ ոլորտում ինձ տեսնում եմ, թեկուզ նկարչության միջոցով»,- նշում է Պետրոսը։

Ամենագլխավորն այս պահին նրա համար վերականգնվելու գործընթացն է, բուժման ժամանակ բացթողումներ չունենալը, որպեսզի հետագայում, ինչպես ինքն է ասում, անգամ, եթե մնա անվասայլակի վրա, լիարժեք ինքնուրույն լինի։

 

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Տեսանյութեր

Լրահոս