Այն երկրները, որոնց համար աշխարհաքաղաքական պայքար է մղվել ԽՍՀՄ փլուզումից հետո, պետք է փոխեն իրենց քաղաքականությունը. վերլուծաբան
Ղարաբաղյան պատերազմից կես տարի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից ամիսներ անց լուրջ աշխարհաքաղաքական վերադասավորումներ են սկսվել հատկապես եվրասիական, մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջանների շուրջ:
Տարածաշրջանում Չինաստանի ու Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում նոր որոշումների շնորհիվ նոր դերակատարություն է ստանալու Իրանի Իսլամական Հանրապետությունը, և ներկայումս հայտնի չէ, թե որ ուղղությամբ կշարժվի Իրանը՝ եվրասիակա՞ն, թե՞ արևմտյան:
Երկրի ներսում եվրասիական ուղղությամբ աշխատելու ջատագովները մեծ թիվ են կազմում, սակայն Թեհրանը որոշ բանակցություններ է սկսել Միացյալ Նահանգների հետ միջուկային գործարքի շուրջ, ակնկալելով, որ արևմտյան պատժամիջոցները կվերանան: Պատահական չէր, որ հենց այս օրերին ցանցում հայտնվեց ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆի գաղտնալսված խոսակցությունը, որը հրապարակել էր The New York Times-ը:
Ձայնագրությունում պաշտոնյան դատապարտում է Սոլեյմանիի՝ Սիրիան ռմբակոծելու համար ռուսական ռազմական ինքնաթիռներին Իրանի վրայով թռչելու թույլտվություն տալու մասին որոշումը, ինչպես նաև առանց կառավարության գիտության պետական Iran Air ավիաընկերության կողմից Սիրիա ռազմական տեխնիկայի և անձնակազմի տեղափոխումը:
Բացի այդ, Զարիֆը կարծիք է հայտնում, թե գեներալն աշխատել է Մոսկվայի հետ՝ սաբոտաժի ենթարկելու Իրանի միջուկային ծրագրի գործարքը: Նրա խոսքով ՝ Ռուսաստանը չի ցանկանում, որ համաձայնագիրը հաջող լինի, և «բոլոր ջանքերը գործադրել է» խոչընդոտներ ստեղծելու համար: Զրույցի արտահոսքը տեղի է ունենում Իրանի համար մի այնպիսի փուլում, երբ Թեհրանն ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններ է վարում միջուկային գործարքի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերակենդանացման ուղղությամբ: Ռուսաստանում նախընտրում են մեղմ արձագանքել Զարիֆի խոսակցությանը՝ այն դիտարկելով որպես ներքաղաքական, նախընտրական պայքարի բաղադրիչ, ինչպես նաև արևմտյան նախաձեռնություն ռուս-իրանական հարաբերությունների դեմ, թեև չի բացառվում նաև, որ Իրանը սրանով դրական ազդակ է հղում Արևմուտքին միջուկային գործարքի շուրջ բանակցությունները հաջողելու նպատակով: Չէ՞ որ Զարիֆը համարվում է ԻԻՀ քաղաքական դաշտի ամենաարևմտյան ֆիգուրներից մեկը, ում դեմ ներքաղաքական պայքարը ևս մեծ է:
Օրեր առաջ՝ մարտի 27-ին, պաշտոնական այցով Թեհրան ժամանած Չինաստանի արտգործնախարար Վան Ին իր իրանցի պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ ստորագրեց շուրջ հինգ տարի բանակցված և մինչ օրս ամբողջությամբ չգաղտնազերծված «Ռազմավարական համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչը ևս մեծ իրադարձություն է մեր տարածաշրջանի համար, հատկապես, երբ լուրջ էներգետիկ պրոյեկտներ են քննարկվում, որոնց ապագայում կարող է մասնակցել նաև Հայաստանը՝ որպես տարանցիկ երկիր:
Սրան զուգահեռ՝ Բայդենի աշխատակազմն ակտիվորեն աշխատում է ռեգիոնում ոչ միայն Իրանի, այլև Թուրքիայի և Ռուսաստանի ուղղությամբ, ավանդական ռեժիմով՝ փորձելով ենթարկեցնել Թուրքիային և «պատժել» Ռուսաստանին: Այս ֆոնին կա կոնսենսուս՝ վերսկսել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված հարցերը բանակցելու նպատակով, որին զուգահեռ ադրբեջանաթուրքական ջանքերն ուղղված են Սյունիքում միջանցք ստանալուն:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում, անդրադառնալով ներկայումս տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, ասաց, որ ներկայումս ծավալվող աշխարհաքաղաքական տարերայնությունը կանխատեսելի էր:
Նրա խոսքով, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված միջազգային ինստիտուտները համաշխարհային պատերազմի ավարտից հետո մի երկար փուլ գործում էին արդյունավետությամբ՝ իրենց վրա կրելով աշխարհում իրավիճակի մեծ պատասխանատվությունը և թելադրելով աշխարհաքաղաքական կանոնները:
Սակայն հիմա, նրա խոսքով, դրանք այլևս չեն գործում, այսինքն՝ աշխարհի ինստիտուցիոնալ կառուցվածքը ճգնաժամի մեջ է, և պատասխանատվությունը կառույցներից տեղափոխվում է առանձին պետությունների վրա, և ձևավորվում են բավականին արտասովոր համագործակցություններ ու հարաբերությունների համակարգեր: Լուկիանովի համոզմամբ՝ փոխվում են նաև այդ առանձին երկրների դիրքավորումն աշխարհում, առաջնահերթությունները:
«Այն երկրները, որոնք սովորաբար, օրինակ, հարավկովկասյան այս կամ այն երկրի համար հովանի են եղել, սկսում են այլ կերպ դիտարկել աշխարհը, մտածելով՝ հետսովետական փուլում ձևավորված հարաբերությունների համակարգը հարկավո՞ր է արդյոք, թե՞ ոչ: Նկատի ունեմ ոչ միայն Ռուսաստանին, բայց նաև Ռուսաստանին, քանի որ ընդունված է համարել Ռուսաստանին ինքնուրույն, հզոր՝ իր տարածքների, ռեսուրսի, ազդեցության շնորհիվ, սակայն Ռուսաստանը ևս փոխվում է, պետք է զարգանա ու փոփոխվի նաև ներսում: Այդ փոփոխություններն արդեն իսկ նկատելի էին Ռուսաստանի քաղաքականությունում Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, որը կարելի է բնութագրել՝ որպես զսպվածություն: Ուստի այն երկրները, որոնց համար աշխարհաքաղաքական պայքար է մղվել, պետք է համապատասխանաբար փոխեն իրենց քաղաքականությունը և դրա վարման մոդելը, շեշտերը: Դա վերաբերում է նաև Հայաստանին: Հետսովետական բոլոր երկրները պետք է «հասունանան», իսկ դա կանեն՝ հաղթահարելով ներկայիս փուլը, որը փորձնական է ողջ հետսովետական տարածքի համար, ով այն հաղթահարի, կշարունակի գոյատևել: Այս ամենին նպաստում են նաև ներքին պրոցեսները, սերնդափոխությունը քաղաքականության մեջ և արտաքին ազդակները: Աշխարհը ստատիկ չէ, փոփոխվում է:
Տարիներ առաջ մենք դեռ կասկածով էինք քննարկում՝ արդյո՞ք սա բեկումնային փուլ է, թե՞ ոչ: Ներկայումս կարող ենք ասել, որ դա այդպես է: Եվ գլխավոր հարցը, թե ով ինչպես դուրս կգա այս փուլից, և դա որևէ մեկը չի կարող կանխատեսել, քանի որ այն, ինչ կարևոր էր, օրինակ, Ռուսաստանի համար 25 տարի առաջ, կարևոր չէ այսօր, Ռուսաստանն ինքն իր փոփոխություններն է ապրում, և հետևաբար՝ փոխվում է Ռուսաստանի հետ կապված երկրների վիճակն ու պետք է փոխվի նրանց քաղաքականությունը ևս»,- նման բնորոշում տվեց աշխարհաքաղաքական գործընթացներին Լուկիանովը՝ ասելով, որ ներկայումս դրվում են ապագա տասնամյակների աշխարհակարգի հիմքերը: