Բաժիններ՝

«Թող ոչ ոք չխաբվի, Եկեղեցուց դուրս փրկություն չկա»

Հատված Որոգինեսի «Նավեի որդի Հեսուի գրքի Մեկնություն» գրքից, կապված Ռահաբ պոռնիկի հետ, որի տունը ունի Եկեղեցու խորհուրդը:

․․․․ Այժմ տեսնենք, թե ինչպես է այս իմաստուն պոռնիկը (Հեսու 2:1) վարվում լրտեսների հետ: Չունենալով հող, նա լրտեսներին տալիս է առեղծվածային և երկնային խորհուրդ: Նրանց ասում է. «Գնացե՛ք լեռների վրայով» (Հեսու 2:16): Մի՛ գնացեք հովիտներով, խուսափեք ցածրից և ստորից, ձգտեք բարձր ու վեհին: Իսկ ինքն իր տան մեջ ունի ալ կարմիր նշան (Հեսու 2:18-21), որի շնորհիվ քաղաքի կործանման ժամանակ պիտի խուսափի մահից: Որևէ այլ նշան ընդունելի չէ, բացի ալ կարմիր նշանից, քանի որ այն ունի արյան գույն: Քանզի նա գիտի, որ փրկությունը հնարավոր է միայն Քրիստոսի Արյամբ:

Նույն հրամանը տրվեց նրան, ով մի ժամանակ պոռնիկ էր: Նրան ասվեց. «Ով քեզ հետ քո տանը լինի, կփրկվի, իսկ ով որ քո տնից դուրս գա, ինքը թող իր համար պատասխանատու լինի. մենք ազատ կլինենք քեզ տված մեր երդումից» (հմմտ․ Հեսու 2:17-19): Այսպիսով, եթե որևէ մեկն ուզում է փրկվել, թող մտնի նրա տուն, ով մի ժամանակ պոռնիկ էր: Եթե գեթ մեկն այս ազգից ուզում է փրկվել, թող մտնի, որպեսզի կարողանա փրկություն ձեռք բերել: Թող մտնի նա այն տուն, որի քավության նշանը Քրիստոսի Արյունն է: Իսկ նրանց համար, ովքեր ասացին. «Նրա արյունը մեզ վրա և մեր որդիների վրա թող լինի» (Մտթ․ 27։25), Քրիստոսի Արյունը դատապարտություն է: Քանզի Հիսուս սահմանված էր «շատերի անկման ու բարձրացման» (Ղուկ․ 2:34) համար, և Նրա նշանը մերժողների համար Նրա Արյունը կծառայի որպես պատիժ, իսկ հավատացողների համար` փրկություն:

Եվ թող ոչ ոք չհամոզի ինքն իրեն, թող ոչ ոք չխաբվի. այս տնից, այսինքն` Եկեղեցուց դուրս փրկություն չկա: Եվ եթե մեկը դուրս գա, ինքը մեղավոր կլինի իր կորստյան համար: Այսպիսին է այդ Արյան նշանակությունը, այդպիսին` այդ Արյամբ կատարվող սրբագործումը:

Կարդացեք նաև

Պատուհանից կապված այս նշանը (այսինքն` կարմիր պարանը), ինչպես ես եմ ընկալում դա, նշանակում է հետևյալը. պատուհանը ծառայում է տան լուսավորման համար, դրա միջով մենք լույս ենք ստանում, ոչ ամբողջությամբ, այլ այնքան, որքան բավական է մեր աչքերին տեսնելու համար: Նույնիսկ Փրկչի մարմնացումը մեզ չտվեց Աստվածության ամբողջական և պարզորոշ տեսիլքը, այլ Իր մարմնացումով, ինչպես պատուհանի միջով, Նա թույլ տվեց մեզ տեսնել Աստվածության ճառագայթումը: Ուստի կարծում եմ, որ փրկության նախօրինակը տրված է մեզ պատուհանի տեսքով:

Այս նշանի միջոցով փրկություն կստանան բոլորը, ովքեր գտնվում են նրա տանը, ով մի ժամանակ պոռնիկ էր, բոլոր սրբվածները ջրով ու Սուրբ Հոգով և Արյունով մեր Տեր և Փրկիչ Հիսուսի Քրիստոսի, «Որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն» (Ա Պետրոս 4:11):

Ռուսերենից թարգմանեց` Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Հրաչ Պետրոսյանը

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս