Երկիրը՝ տնտեսական ու սոցիալական խորը փոսի մեջ
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է հերթական տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Մեկամյա անընդմեջ անկումից հետո, մարտին՝ նախորդ տարվա մարտի համեմատ, աճ է արձանագրվել։ Որ այդպես էլ պիտի լիներ, պարզ էր ի սկզբանե։ Բայց չպետք է մոռանալ, թե դա ինչի արդյունք է։
Հարկավոր է ընդամենը 1 տարով հետ գնալ, ու ամեն ինչ կընկնի իր տեղը։
Հիշո՞ւմ եք, թե անցած տարվա մարտին ինչ էր կատարվում Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանի հետևողական ջանքերի շնորհիվ մեր երկիրը կորոնավիրուսի առաջին հարվածին բախվեց հենց այդ ամսին։ Մինչ վարչապետը, իր սրտի Սահմանադրական դատարան ունենալու ակնկալիքով՝ հանրաքվեի համար փողոցներն ընկած քարոզչություն էր անում, կնոջ ու երեխաների հետ բուկլետներ էր բաժանում, բազմամարդ հանրահավաքներ էր կազմակերպում, մարդկանց էր հավաքում իրար գլխի, համավարակը շատ արագ տարածվեց Հայաստանում։ Արդեն մարտի երկրորդ կեսին կառավարությունը ստիպված էր արտակարգ դրություն հայտարարել, արգելել տնտեսության գրեթե բոլոր ոլորտների գործունեությունը։
Լոքդաունը ծանր նստեց մեր տնտեսության վրա։ Այդտեղից էլ սկսվեցին տնտեսության կորուստները։
Մարտին արձանագրվեց տնտեսական ակտիվության 4,9 տոկոս անկում։
Դադարեց աճել արդյունաբերությունը։ Ուղղակի փլվեց շինարարության ոլորտը. արձանագրվեց ավելի քան 26 տոկոսանոց անկում։
Առևտրի շրջանառությունը կրճատվեց՝ գրեթե 10, ծառայությունների ծավալը՝ շուրջ 5 տոկոսով։ Նվազեց էլեկտրաէներգիայի արտադրությունը։
Կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին առևտրի ոլորտում։
Արտաքին առևտրի շրջանառությունը մարտին կրճատվեց 16 տոկոսով։ Նվազեց թե՛ արտահանումը, և թե՛ ներմուծումը։ Արտաքին շուկաներ մատակարարումները մարտին պակասեցին ավելի քան 17 տոկոսով։ Ներմուծումը կրճատվեց 15,3 տոկոսով։
Այս համատարած անկումից հետո, երբ չկան տնտեսական սահմանափակումներ, բնական չէ, որ այս տարվա մարտի ցուցանիշների մեջ որոշակի դրական միտումներ պիտի նկատվեին։ Տարօրինակ կլիներ, եթե դա էլ չլիներ։
Ավելին՝ առաջիկա 1-2 ամիսներին ևս այդպես է լինելու՝ հաշվի առնելով նախորդ տարվա խիստ ցածր բազան։
Բայց դրանից պետք չէ շատ ոգևորվել։ Դա դեռ չի նշանակում, թե հետագայում նույն կերպ է շարունակվելու։
Հետագայում անհամեմատ ավելի դժվար է լինելու տնտեսական ակտիվություն ապահովելը, որքան էլ մեր որոշ պաշտոնյաներ դա լավ չեն պատկերացնում։
Փոխարենը՝ այդպես են մտածում միջազգային գնահատողները։ Պատահական չէ, որ նրանց կանխատեսումները տնտեսական աճի այս տարվա սպասումների վերաբերյալ շատ համեստ են։ Ասենք՝ Արժույթի Միջազգային Հիմնադրամն ընդամենը 1 տոկոս աճի պոտենցիալ է տեսնում։
Եվ դա տարօրինակ չէ, որովհետև տարեսկզբի 3 ամիսների կտրվածքով՝ մեր տնտեսությունը շարունակում է անկումային լինել։ Հունվար-մարտին գրանցվել է 2 տոկոս նվազում՝ նախորդ տարվա համեմատ։ Այն էլ այդքան բարձր գնաճի պարագայում։ Գնաճն իր ուղղակի ազդեցությունն է ունենում տնտեսական աճի վրա։ Բայց անգամ դա չի փրկել մեր տնտեսությանը։
Տարեսկզբի 3 ամիսների արդյունքներով՝ անկում ունենք տնտեսության գրեթե բոլոր առանցքային հատվածներում։
Արդյունաբերության անկումը կազմել է գրեթե 4 տոկոս։ Առևտրի շրջանառությունը նվազել է 5,6 տոկոսով։ Ծառայությունների ծավալն անկումային է 8,1 տոկոսով։ Արտաքին առևտուրը կրճատվել է 4,4 տոկոսով։
Անկում ունենք նաև գյուղատնտեսության մեջ։ Նախորդ տարվա համեմատ՝ գյուղոլորտի արտադրությունն առաջին եռամսյակում կրճատվել է 1 տոկոսով։
Աճ է արձանագրվել շինարարության և էներգետիկայի ոլորտներում։ Առաջինում այն կազմել է՝ 4,7, երկրորդում՝ 1,4 տոկոս։
Այս անգամ պաշտոնական վիճակագրությունը բաց է թողել միջին աշխատավարձի ցուցանիշները, չնայած անցած շաբաթվա վերջին վարչապետն ու ՊԵԿ նախագահը հրապարակեցին տվյալներ՝ տնտեսական ճգնաժամի ու անկման պայմաններում աշխատավարձերի էական աճերի վերաբերյալ։ Մինչև վերջերս այդ աճերը չէին երևում պաշտոնական վիճակագրության մեջ։ Հիմա, ըստ էության, Վիճակագրական կոմիտեն խնդիր ունի դրանց հիման վրա թարմացնելու իր ցուցանիշները։
Ինչ վերաբերում է մարտի տնտեսական զարգացումներին, ապա նախորդ տարվա մարտի համեմատ արձանագրվել է տնտեսական ակտիվության 3,8 տոկոս աճ։ Հիշեցնենք՝ անցած տարվա 4,9 տոկոս անկումից հետո։ Սա վերականգնում չէ։
Առաջին եռամսյակի արդյունքներով, Հայաստանի տնտեսությունը շարունակում է անկումային մնալ։ Թե դեռ ինչքա՞ն ժամանակ կպահանջվի անկումից դուրս գալու և վերականգնվելու համար, կախված է բազմաթիվ գործոններից։ Այդ գործոններն այսօր տնտեսության օգտին չեն։ Բայց հիմա արդեն դրանք կապված չեն միայն համավարակի հետ։
Ղարաբաղյան պատերազմից ու հրադադարի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո իշխանությունները երկիրը կանգնեցրել են ծանր փորձությունների առաջ։ Ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնք մեծացրել են ճնշումը մեր տնտեսության վրա։ Դրանց ավելացել են նաև առաջիկայում սպասվող արտահերթ ընտրությունները։
Մնում է հուսալ, որ գոնե ընտրություններից հետո տնտեսական կյանքը կմտնի համեմատաբար ավելի հանգիստ հունի մեջ։
Թեև, ինչպես էլ ավարտվեն ընտրությունները և ովքեր էլ գան իշխանության, նրանց չափազանց ծանր ու բարդ աշխատանք է սպասվում՝ տնտեսությունը վերականգնելու գործում։ Այն կեղծ վերականգնումները, որոնց մասին հիմա խոսում են իշխանությունները, ընդամենը հասարակությանը մոլորեցնելու նպատակ ունեն։ Այնպես, ինչպես եղել է վերջին 3 տարիների ընթացքում, երբ «հեղափոխական» զարգացումներից ու «աննախադեպ» աճերից հետո հայտնվեցինք տնտեսական ու սոցիալական խորը փոսի մեջ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ