Թուրքիան, ի տարբերություն բազմաթիվ հետխորհրդային երկրների, ունի ժողովրդագրական քաղաքականություն․ Քաղաքագետ
Տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովում անդրադարձավ Թուրքիայի ժողովրդագրական քաղաքականությանը՝ շեշտելով, որ Թուրքիան, ի տարբերություն բազմաթիվ հետխորհրդային երկրների, ունի ժողովրդագրական քաղաքականություն։
Խոսելով այս պահին Թուրքիայի ժողովրդագրական իրավիճակի մասին՝ Հրանտ Միքայելյանը նշեց․ «Թուրքիան շատ արագ աճող երկիր է․ տարեկան մոտ 1 միլիոն բնակչություն է ավելանում։ Միայն 2020 թվականի ընթացքում բնակչության աճը ավելի քիչ էր՝ 500 հազար կազմեց։
Բացի այդ՝ միջին տարիքը բավականին երիտասարդ է, շատ արագ ուրբանիզացվող հասարակություն է՝ այժմ շուրջ 85 տոկոս քաղաքային բնակչություն ունի»։
Նա հավելեց, որ Թուրքիային շատ բնորոշ է ինտենսիվ ներքին միգրացիան, վերջին 25 տարիների ընթացքում Թուրքիային հատուկ է նաև միգրանտների «ներկրումը»։
Քաղաքագետը որոշ ցուցանիշներ ներկայացրեց նաև Թուրքիայում ծնելիության մակարդակի վերաբերյալ՝ նկատելով, որ երկար տարիներ այն բավականին կայուն և բարձր մակարդակում է, նաև սեռատարիքային բալանսն է լավ պահպանված։ Այս համատեքստում նա նաև նշեց ուսումնասիրության մասին, որը բացահայտել էր Էրդողանի քաղաքականության էֆեկտը ծնելիության աճի վրա․
«Կար հետազոտություն, որ հրապարակվել է 2018 թվականին, թուրք և իտալացի տնտեսագետների հետազոտություն․ իրենք բացատրում են հետևյալը, որ Էրդողանի քաղաքականությունն ապակենտրոնացրել է ծնելիության նկատամամբ քաղաքականությունը, և նպաստում էր ավելի բարձրացմանն այն շրջաններում, որոնք 2002 թվականին քվեարկել են Էրդողանի օգտին։
Այսպիսով, նախ՝ Էրդողանը վերարտադրում է իր ընտրազանգվածը, և երկրորդը՝ իր ընտրազանգվածին շատ լայն աջակցություն է ցուցաբերում։ Այն մարդիկ, որոնք ծնվել են 2002թ․-ին, արդեն կարող են քվեարկել»։
Խոսելով կրոնական և լեզվական քաղաքականության մասին՝ բանախոսը արձանագրեց․ «Ցեղասպանությունից հետո անդադար նվազել է ոչ մուսուլման բնակչությունը․ մեծ հաշվով, Թուրքիան հասել է կրոնական հարցում հոմոգենության։ Լեզվական տեսանկյունից այստեղ ևս ասիմիլյացիոն քաղաքականություն է իրականացվում, և տեսնում ենք, որ քրդերենի կիրառման ծավալը նվազում է»։