«Եթե սկսել է սեփական կետից, ապա ի՞նչ է նշանակում՝ ինչ-որ մի բան ժառանգել եմ ինչ-որ մեկից»․ Սուրեն Սարգսյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ապրիլի 13-ին հանդես եկան հերթական հայտարարությամբ՝ ԼՂ հակամարտության կողմերին կոչ անելով իրենց հովանու ներքո, որքան հնարավոր է՝ շուտ, վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։
Համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին հայտնի սկզբունքների հիման վրա:
Ի՞նչ պետք է ակնկալել հնարավոր բանակցություններից, և արդյո՞ք գործող իշխանություններն ի վիճակի են վարել վերսկսվող բանակցային գործընթացը․ 168.am-ի հարցերին ի պատասխան՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասաց․
«Փորձը ցույց է տվել, որ այս իշխանությունը տապալել է բանակցությունները, որի հետևանքով պատերազմ է սկսվել, հետո տապալել է պատերազմը, և հիմա՝ եթե նույնիսկ Ադրբեջանը համաձայնի բանակցություններին մասնակցել, տապալվելու են նաև այդ բանակցությունները՝ մանավանդ, որ այս բանակցությունները մեզ համար շատ ավելի բարդ ստարտային պայմաններով են սկսվելու»։
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանը, նա նկատեց, որ դրանում առկա հիմնական մեսիջներն ուղղված էին ադրբեջանական կողմին, մասնավորապես՝ խոչընդոտները վերացնելու, տարածաշրջան ճանապարհորդելու, հումանիտար առաքելություններ իրականացնող կազմակերպություններին ներգրավելու վերաբերյալ արձանագրումները․
«Այս ամենը վերաբերում էր Ադրբեջանին, որովհետև հենց Ադրբեջանն է մշտապես խոչընդոտել և այժմ էլ խոչընդոտում է ցանկացած գործունեություն Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Կարևոր մեսիջ եմ համարում այն, որ «կողմերին հայտնի սկզբունքներ» ձևակերպումն, այդուհանդերձ, կա․ չնայած ազգերի ինքնորոշման սկզբունքի վերաբերյալ որևէ խոսք չկար, բայց «կողմերին հայտնի սկզբունքներ» ասելով՝ համանախագահները հենց սա նկատի ունեին, ինչը լրացուցիչ խնդիր է դառնալու Ալիևի համար։
Մեսիջները շատ էին, և եթե մեր իշխանություններն ունակ են վերլուծական կարողություններ դրսևորել, ապա կկարողանան վերլուծել, թե ինչ է իրականում ասվում այս փոքրիկ տեքստի մեջ»։
Քանի որ երեկ՝ ապրիլի 14–ին, Ազգային ժողովում կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ու ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի շարք դիտարկումներ արեց նաև Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ՝անդրադառնալով նաև «անջատում հանուն փրկության» բանաձևին, միջագայնագետից հետաքրքրվեցին, թե սա որքանո՞վ է իրագործելի։
Ի պատասխան՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ այս կառավարությանը ժամանակին առաջարկներ եղել են՝ այս սկզբունքը նույնպես շրջանառել՝ որպես միջազգային իրավունքի կարևոր սկզբունք՝ ազգերի ինքնորոշման սկզբունքին զուգահեռ․
«Այս սկզբունքը կիրառելի է եղել Կոսովոյի դեպքում, և միջազգային իրավունքի մասնագետներիս կարծիքով՝ այն կարելի է կիրառել նաև ԼՂ հարցում։ Այդ առաջարկությունը նաև անձամբ ես երեք տարի առաջ՝ իշխանափոխությունից հետո, արել եմ գործող իշխանություններին։ Բնականաբար, որևէ արձագանք չի եղել։ Սրա մասին խոսել է նաև Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ առանձնացնելով այն որպես կարևոր սկզբունք՝ բանակցությունների համար։ Այսինքն՝ քաղաքական որոշ շրջանակներում այս սկզբունքը քննարկվել է, ցավոք, մեր իշխանությունները բոլորովին վերջերս են բացահայտել այն»։
Մեր խնդրանքով արձագանքելով Նիկոլ Փաշինյանի մեկ այլ պնդման ևս, թե իրենք ժառանգել են փակուղային, նախապատերազմական վիճակում գտնվող ԼՂ հակամարտության կարգավորում, Սուրեն Սարգսյանը հիշեցրեց․
«Վարչապետի այլ հայտարարություն էլ կար, որ ինքը սկսել է իր սեփական կետից․ չգիտեմ՝ ումից ինչ է ժառանգել, և եթե սկսել է սեփական կետից, ապա ի՞նչ է նշանակում՝ ինչ-որ մի բան ժառանգել եմ ինչ-որ մեկից։
Վստահ եմ, որ բանակցություններին էապես խանգարում էին վարչապետի ամենատարբեր հայտարարությունները, որոնք անհասկանալի իրավիճակ էին ստեղծում բանակցությունների սեղանի շուրջ։ Օրինակ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը Մինսկի խումբը չէր հասկանում․ և՛ասում եք՝ Արցախը պետք է բանակցությունների լիիրավ անդամ դառնա, և՛ ասում եք՝ Հայաստան է, և վե՞րջ»։
«Այս ամենը հանգեցնում է մի կարևոր կետի, որ մեր իշխանությունները չունեն որևէ ռազմավարություն, թե ինչ են անելու Արցախի հարցում, և չունեն նաև իրավիճակը ճիշտ վերլուծելու և գնահատելու ունակություններ»,- եզրափակեց միջազգայնագետը։